Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները՝ ընդդեմ հանրության

Փետրվար 27,2009 00:00

Սպառողների պաշտպանները պնդում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումից հեշտությամբ հնարավոր է խուսափել:

\"\"
Ռոբերտ Նազարյանը որոշել է թանկացնել էլեկտրաէներգիան:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ամենայն հավանականությամբ անակնկալ կմատուցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ ) ընկերությանը: Բանն այն է, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է 20-33%-ով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը եւ ավելացնել ընկերության եկամուտները: Ուշագրավն այն է, որ «ՀԷՑ»-ը, ինչպես սովորաբար արվում է, սակագների վերանայման հայտով հանձնաժողովին չի դիմել: Հանձնաժողովի այս նախաձեռնությունը բնակչության շրջանում արդեն իսկ անհանգստություն է առաջացրել, քանի որ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի թանկացմանը զուգահեռ, կթանկանան նաեւ սննդամթերքն ու գրեթե բոլոր սպառողական ապրանքները: Իսկ սպառողների պաշտպանները վստահ են, որ իրավիճակից ելք կարելի էր գտնել:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը երկրում սոցիալական լարվածություն կստեղծի. «Որոշ մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը, նրանք այսօրվա ծախսերը չեն կարողանում վճարել, ուր մնաց նոր թանկացումների ժամանակ կարողանան: Կարծում եմ, այսօր մեր պետությանը անգամ ձեռնտու է պետբյուջեից 2-5 միլիարդ գումար տալ «ՀայՌուսգազարդին», այդ դեպքում էլեկտրաէներգիան կամ շատ քիչ կթանկանար, կամ ընդհանրապես չէր թանկանա: Կա մեթոդիկա, եւ հանձնաժողովը այդ մեթոդիկայով է հաշվարկներ կատարում, բայց ճգնաժամային տարում անհրաժեշտ են հաշվարկման նոր մեթոդներ»:

«Սպառողների ասոցիացիայի նախագահ» Արմեն Պողոսյանն էլ «Առավոտին» փոխանցեց, որ, իր կարծիքով, էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու ելք մեր պետությունը ուներ. «Հնարավոր էր գտնել այլ ելք եւ չգնալ սակագների թանկացման, եթե մեր երկիրը որդեգրեր այն քաղաքականությունը, որ եղած ռեսուրսներն ավելի ռացիոնալ կիրառվեին: Օրինակ, մեր երկիրը եզակի երկիր է, որն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ: Փոխանակ մենք զարգացնենք եւ արտահանենք էլեկտրաէներգիան, այդ ուղղությունը մեզ մոտ կիսամեռած է»: Իսկ «ՀԷՑ»-ից «Առավոտին» պատասխանեցին, որ այս հարցի առնչությամբ իրենք ոչինչ չեն մեկնաբանում: Հավանաբար «ՀԷՑ»-ը մեկնաբանություններ կտա հանձնաժողովի այսօրվա նիստից հետո:

Հիշեցնենք, որ նախատեսվում է ցերեկային ժամերին 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը, ներկայիս 25-ի փոխարեն, դարձնել 30 դրամ, իսկ գիշերային ժամերին, ներկայիս 15-ի փոխարեն՝ 20 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել