Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության դիմակը պատռվում է

Մարտ 03,2009 00:00 Share

Նման տպավորություն է ստացել Գուրգեն Եղիազարյանը «7-ի» սկսված դատավարությունից

«Հիմա արդեն հանրությանը պարզ դարձավ, թե ինչու էր անընդհատ հետաձգվում այդ դատը, քանի որ դատի առաջին օրը եղան հայտարարություններ, որոնց իշխանությունները չէին նախապատրաստվել»,- անդրադառնալով «7-ի»՝ փետրվարի 26-ին վերջապես սկսված դատավարությանը, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ ԿՎ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Իսկ թե ի՞նչը նկատի ունի պարոն Եղիազարյանը՝ «Նախ այն, որ 300 եւ 225 շինծու հոդվածներով դատարան մտած իշխանությունը պետք է կարողանար իմ ընկերներին ինչ-որ բանում մեղադրել. դրա համար նախեւառաջ պետք էր վկաների ինստիտուտ նախապատրաստել: Մինչդեռ, ինչպես պարզ դարձավ, իշխանությունը չէր կարողացել պայմանավորվել զոհվածների հարազատների հետ: Իշխանության դիմակը դատարանում լավագույնս պատռեց զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, որն ուղիղ ասաց, որ մեղադրյալի աթոռին հայտնված գործիչները ոչ մի կապ չունեն ոչ իր երեխայի, ոչ էլ մյուս զոհվածների սպանությունների հետ: Եվ, ամենակարեւորը՝ նա հայտարարեց, որ ամիսներ շարունակ ցանկանում է հանդիպել ԱԺ խորհրդարանական հանձնաժողովի հանրահռչակ նախագահի՝ Նիկոյանի հետ, որպեսզի նրան ներկայացնի դեպքերի իրական պատկերը, բայց՝ ապարդյուն»: Հիշեցնենք, որ դատարանի դահլիճում Քլոյանի հայրը հայտարարել է, որ երբ գնացել էր իր տղային փնտրելու՝ տեսել է տասնյակ զոհվածների եւ վիրավորների, արյան լճակներ եւ փողոցում թափված բազմաթիվ փամփուշտներ, քաղաքացիական եւ զինվորական հագուստներով մարդկանց, որոնք ինչ-որ գործողություններ են կատարելիս եղել:

Մեր զրուցակիցը համոզված է, որ զոհվածների հարազատները իրենց ցուցմունքներով կարող էին բացահայտել ճշմարտությունը, բայց արդարադատության ողջ համակարգը մինչ օրս լծված է եղել միայն ճշմարտությունը պարտակելով: Ուստի՝ «Իբրեւ ՀՀ քաղաքացի, ես թքած ունեմ նման արդարադատության վրա: Ի՞նչ արդարադատություն, երբ զավակ կորցրած ծնողը մեկ տարի շարունակ չի կարողանում պատմել այն, ինչի ականատեսն է եղել ինքը»: Հիշեցնենք, որ Սարգիս Քլոյանի այդ հրապարակային հայտարարությունից հետո խորհրդարանական հանձնաժողովը որոշել է այսօր կայանալիք նիստում ի վերջո լսել զոհվածի հորը:

Հաջորդ «սարսափը» Գուրգեն Եղիազարյանը համարում է այն, որ «7 ընկերների մեջ նստած են երեքը, որոնք զենքը ձեռքներին մասնակցել են ԼՂՀ հերոսական մարտերին, իսկ Հակոբ Հակոբյանը եւ Սասուն Միքայելյանը հայ ժողովրդի այն պանծալի զավակներն են, որոնք ազատագրեցին Խոջալուն: Ի դեպ, Հակոբ Հակոբյանը հենց այդ մարտի ժամանակ է որովայնից ծանր վիրավորվել, եւ հենց այդ վերքերն էին պատճառը, որ նա չկարողացավ դատարանի դահլիճում մինչեւ վերջ ոտքի վրա մնալ»: Դատական նիստի օրը՝ փետրվարի 26-ը, Գ. Եղիազարյանը հատկանշական է համարում նրանով, որ այդ նույն օրը Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ անգամ գլխագին էր առաջարկվում այդ երկու հայ ազատամարտիկների համար, որոնք ազատագրել էին հայկական հողերը:

Այնուհանդերձ, իշխանությունները գնացին դատավարությունը սկսելուն՝ «Առավոտի» դիտարկման պատասխանը եղավ. «Նրանք այլ տարբերակ չունեն, բեմադրությունը պիտի շարունակեն՝ ժամանակ շահելու համար: Միգուցե իրենց կողմից կաշառված եվրոպացիներն են խորհուրդ տվել ամեն կերպ պատրանք ստեղծել, որ գործընթացներ են գնում, դատավարություններ են շարունակվում, որ 300 եւ 225 հոդվածները վերանայվում են: Ի դեպ, Դավիթ Հարությունյանի հանձնաժողովը միտումնավոր ավելի վատ է վերախմբագրել այդ հոդվածները՝ իմանալով, որ դրանք գնալու են Վենետիկի հանձնաժողով, հետ գան, իսկ դա կտեւի մոտ երկու ամիս: Դա՝ որ հաստատ կաշառված եվրոպացիների պատվերն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել