Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՄԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 03,2009 00:00

Մեր տեղեկություններով, Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը օրերս կնշանակվի Երեւանի քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի փոխարեն, իսկ առաջիկա օրերին պարոն Զախարյանը կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նախորդ շաբաթվա վերջում ՀՀԿ-ն արդեն արել է առաջին քայլը եւ հայտարարել քաղաքապետի ընտրություններում իր մասնակցության եւ քաղաքապետի իր թեկնածուի մասին: ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երկրորդ տեղում Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն է:

ԲՀԿ-ն դեռ որոնումների մեջ է. այս կուսակցությունը հավանաբար այսօր կփորձի հրապարակել քաղաքապետի իր թեկնածուի անունը: Հիշեցնենք, որ կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանը չի ցանկանում եւ չի էլ կարող գլխավորել ԲՀԿ ցուցակը քաղաքապետի ընտրություններում, քանի որ երեւանյան գրանցում չունի: Ըստ որոշ պնդումների, ԲՀԿ ցուցակը կգլխավորի ոչ կուսակցական անձ կամ, մեկ այլ տարբերակով՝ կուսակցական կանանցից մեկը: Մեր տեղեկություններով, ՕԵԿ-ի ցուցակը գլխավորելու է Հեղինե Բիշարյանը, իսկ Դաշնակցության ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը:

Թե ինչպես է ՀԱԿ-ը գնում քաղաքապետի ընտրություններին, դեռ հստակ չէ, մի մասը վստահ է, որ ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի ցուցակում առաջինը նշելով Արարատ Զուրաբյանի անունը եւ հետո՝ քաղբանտարկյալների անունները: Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանին, ապա նրա թեկնածության վերաբերյալ Վիկտոր Դալլաքյանը մեր թերթին ասաց. «Ակնհայտ է, որ Ստեփան Դեմիրճյանը հաղթած նախագահ էր 2003-ին, եւ ես չեմ կարծում, թե որեւէ ֆորմատով նա պետք է որեւէ այլ ընտրության մասնակցի»: Մեր տեղեկություններով, պարոն Դեմիրճյանն ինքն էլ տրամադրված չէ իր անունը տեսնել ցուցակի առաջին տեղում: Իսկ «Ժառանգությունը» գնալու է առանձին, եւ ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել