Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 03,2009 00:00 Share

«Թողեք՝ շունչ քաշենք»

\"\"

«Նասկի» վաճառողների մուտքը տոնավաճառ՝
արգելված է:

Մալաթիա տոնավաճառի հազարավոր աշխատակիցներ երեկ փակել էին իրենց կրպակներն ու տոնավաճառի մոտ ցույցի էին դուրս եկել: Ցուցարարների հավաստմամբ, տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը իրենց տեղեկացրել է, որ մարտ ամսից տեղի վարձը թանկանալու է, քանի որ «նրանց վճարած մի երկու կոպեկ փողով» ինքը չի կարողանում տոնավաճառի հարկերը վճարել:

Առեւտրականներն էլ պահանջում էին, որպեսզի «Ռ. Սարգսյանն էլ թողնի՝ իրենք շունչ քաշեն»: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Էս ՀԴՄ-ներին դեռ չենք հարմարվել, հիմա էլ տեղի վարձն են թանկացնում: Կամ պիտի գնանք՝ տանը նստենք, չաշխատենք, կամ էլ պիտի աշխատենք ու մեր ընտանիքը թողած՝ իրենց պահենք: Օրը մի քանի հազար դրամ ենք աշխատում, 10 տեղ հարկ ենք տալիս»: Առեւտրականներից մեկի խոսքերով էլ. «Անկախ նրանից, ամսական հազար, թե 10 հազար դրամի առեւտուր ենք անում, «նալոգ հավաքողները» ամսվա վերջին գալիս են ու պահանջում ընդամենը 2 մետր տարածքի համար $700-1000 վճարել»: Ցուցարարները դժգոհում էին նաեւ ՀԴՄ-ների կիրառումից: Նրանցից մեկի խոսքերով. «Հանում-գումարումը հազիվ եմ սովորել, հիմա էլ պիտի հաշվապահ դառնամ, որ էս ապարատից գլուխ հանեմ»:

Մենք զրուցեցինք նաեւ տոնավաճառի մուտքի մոտ ձեռքի վրա «նասկիներ» ու ներքնաշորեր վաճառող մի քանի կանանց հետ: Նրանցից մեկի ներկայացմամբ. «Մենք շուկայի մուտքից ներս մտնելու իրավունք չունենք: Եթե մտնենք ու ներսում պտտվենք՝ $300 պետք ա փող տանք: Ամբողջ ամիս $100 չենք աշխատում, էդքան փողը որտեղի՞ց տանք»: Ի նշան բողոքի, առեւտրականներից շատերի կրպակները ցույցից հետո էլ մնացին փակ:

Նշենք նաեւ, որ ցույցից մոտ կես ժամ անց ցուցարարներին խորհուրդ տվեցին. «Շուխուր մի արեք, նորմալ, մարդավարի ձեր գործին գնացեք, մի 2 օրից մի բան կանենք»:

Գյուղապետերը դասերը լավ չեն սովորում

Երեկ կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը եւ մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովսեփ Սիմոնյանը «շշպռեցին» գյուղապետերին, ասելով, որ մարզպետարանի տված դասերը վերջիններս լավ չեն յուրացնում: Ըստ մարզի գլխավոր ֆինանսիստի՝ գյուղապետերից շատերը, օրինակ՝ Սալուտի, Կարմրաքարի, Հովիտի ու Ձորակապի գյուղապետերը, թերացել են ժամանակին հաստատել ու մարզպետարան ներկայացնել համայնքի բյուջեն, իսկ շատերն էլ հաստիքացուցակը, ինչպես միշտ, ուռճացված են գրել. «Եթե բյուջեն չեք կարող 100%-ով կատարել, ուրեմն հաստիքացուցակին ուշադրություն դարձրեք: Եվ հետո՝ ինչո՞ւ փող չեք տնտեսում, որ նախորդ տարվա աշխատավարձերի պարտքերը մարեք»: Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը գյուղապետերի հետ խոսեց ավելի խիստ տոնով. «Մեր մարզը ռեկորդակիր է աշխատավարձերի պարտքերի առումով, դուք եք գյուղապետերը, դուք պետք է կարողանաք փակել ձեզ ժառանգություն հասած պարտքերը եւ նոր պարտքեր չկուտակեք: Էստեղ նստած մարդիկ կան, որոնք տասը տարուց ավելի գյուղապետեր են, երեսներին որ նայում ես՝ բարեկեցիկ լինելը անմիջապես զգում ես, նրանց համար սեփական եկամուտների հավաքագրումը րոպեների հարց է, սակայն, չգիտես ինչու, չեն հավաքագրում, գուցե իրենց գրպանի համա՞ր են հավաքում: Ես զարմանում եմ, ձեր ժողովուրդը ձեզանից ի՞նչ պիտի սպասի»: Գյուղապետերին տեղեկացրին նաեւ, որ շուտով կառավարությանը մարզի զարգացման չորսամյա ծրագիր են ներկայացնելու, որի հիման վրա էլ կկազմվի մարզի բյուջեն: «Տեսեք, որ ծրագիր կազմելիս այն լինի իրատեսական, եւ հստակ ֆիքսվի՝ որ մասն եք համայնքի բյուջեով իրականացնելու, որը՝ այլ աղբյուրներից, չլինի զուտ ծրագիր, ձեւական մի թուղթ»,- նախազգուշացրեց Շիրակի փոխմարզպետ Սամվել Պետրոսյանը, որն էլ ընտրվեց Մարզային զարգացման ծրագրի հանձնաժողովի նախագահ:

Ա. Ն.

Հայաստանը լավ դիրքերում չէ

«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ ) կորպորացիայի կողմից ՀՀ կատարողականի բարելավման ծրագիրն արդեն պատրաստ է: Երեկ ՀՄՀ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը լրագրողներին տեղեկացրել է, որ վերջին կատարողականի համաձայն, Հայաստանն այնքան էլ լավ դիրքերում չէ. «Կան կարմիր կետեր, որոնք մտահոգության տեղիք են տալիս: Դրանց հետ կապված՝ կառավարությունը մշակել է ծրագիր»: Ըստ Ա. Հովսեփյանի, այդ կարմիր կետերը հիմնականում քաղաքական, տնտեսական եւ սոցիալական են: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ներկայացմամբ. «Կարմիր կետերը պայմանավորված են ՀՀ եկամտի կատեգորիայի փոփոխության հետ, նաեւ դրանք կապված են քաղաքական եւ խոսքի ազատության հետ»: Ա. Հովսեփյանը նշել է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրերի ֆինանսավորումը կազմում է $70 մլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել