Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՔՐԱՄԱՍՆԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆ

Մարտ 03,2009 00:00

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ՀՀ կառավարության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, անցկացվեց «Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» երիտասարդական փառատոնը, որն առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում: Համերգին մասնակցում էին ասորի, լեհ, ռուս, ուկրաինացի, հրեա, քուրդ, հույն, եզդի, գերմանացի եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Իրինա Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ամեն տարի փոքրամասնություններն իրենց ազգային ոճով համերգներ են կազմակերպում, սակայն հայ երիտասարդությունը դրանց այնքան էլ ուշադրություն չի դարձնում: Աշխարհը զարգանում է, եւ մեր երիտասարդներն էլ են ստեղծագործում էստրադային ոճով»: Փառատոնը մրցութային չէր: Համերգի մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր եւ նռան տեսքով հուշանվեր: Հայաստանի բելառուսական համայնքի ներկայացուցիչ, սցենարիստ Ժաննա Նիկիչուն «Առավոտին» ասաց. «Փառատոնի նպատակը միայն ուշադրություն գրավելը չէ: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ բոլորս Հայաստանի քաղաքացի ենք ու իրար հետ ապրում ենք համերաշխ»: Քրդական համայնքի մասնակից Գոհար Սարոեւան էլ նշեց. «Համերգն առաջին հերթին իմաստավորում եմ նրանով, որ բոլոր ազգերի երիտասարդ ներկայացուցիչներս միավորվում ենք, եւ սա ուղերձ է համայն աշխարհին, որ բոլոր ազգությունները պետք է ապրեն եղբայրաբար, լինեն տարբեր, բայց ոչ անտարբեր միմյանց նկատմամբ»:

Փառատոնն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել