Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Մարտ 03,2009 00:00

«Ես նորից եկա այն համոզման, որ առաջին նախագահի մոտ, սովորաբար, կանխատեսումները չեն իրականանում: Դա առաջին անգամը չէ, եւ ես կարծում եմ, որ այս կանխատեսումները չեն իրականանա եւս»,- երեկ «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած տնտեսական կանխատեսումներին: Հիշեցնենք, որ նա ասել էր, թե շատ շուտով դրամը «պարզապես գահավիժելու է», հարյուրավոր ձեռնարկություններ դադարեցնելու են իրենց գործունեությունը, նվազելու են արտահանումը եւ ներմուծումը, կրճատվելու են բյուջեի մուտքերը. «Ահռելիորեն մեծանալու է գործազուրկների թիվը։ Սառեցվելու կամ կրճատվելու են աշխատավարձերը։ Հաճախակիանալու են աշխատավարձերի վճարման ուշացումները։ Էապես նվազելու են բնակչության իրական եկամուտները»։ Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ կանխատեսել էր. «Մանր ու միջին ձեռնարկատերերի խավն, ըստ էության, դադարելու է գոյություն ունենալ» եւ «Ժողովրդի թշվառացմանը զուգընթաց՝ կրկին շահելու ու հարստանալու են բարձրագույն պետական պաշտոնյաներն ու խոշոր ձեռնարկատերերը»:

Ըստ Գագիկ Մինասյանի՝ «Ընդհանրապես, այն պատկերը, որը նա նկարագրեց, թե ինչպիսի իրավիճակ է սպասում Հայաստանին՝ տնտեսական ու սոցիալական բնագավառներում, շատ հեռու են այն իրողություններից, որոնք մեզ սպասում են առաջիկա տարվա ընթացքում»: Քիչ անց, սակայն, գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի թանկացումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Որ տարին ծանր ու բարդ է լինելու՝ դրանում որեւէ մեկը չի կասկածում»: «Հայելի» ակումբի ղեկավարի դիտարկմանը, թե ինքը հաստատեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումները՝ պրն Մինասյանն այսպես արձագանքեց. «Ուղղակի նրա կանխատեսումը ոչ թե ծանր ու պրոբլեմային էր, այլ չարագուշակ էր: Այդպիսի բաներ չե՛ն լինելու: Լինելու է բավականին մեղմ հաղթահարում պրոբլեմների, ինչպես մենք հաջողացրել ենք նաեւ նախորդ տարվա համար»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը նշեց, թե չի կիսում գնահատականը, թե մենք ճգնաժամի առաջին փուլն անցկացրել ենք մեղմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել