Լրահոս
Օրվա լրահոսը

Ախ, այդ «Նուբարաշենը»

Մարտ 07,2009 00:00

\"\"Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ նորից խուզարկություններ են իրականացվել: Այս անգամ այն անցել էր արդյունավետ:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Օհանյանն անթույլատրելի կապի մեջ է մտել նույն հիմնարկի կալանավորներից մեկի հետ: Պարզվել է նաեւ, որ Վ. Օհանյանը կալանավորի հարազատներից ստացել եւ կալանավորին է փոխանցել NOKIA տեսակի բջջային հեռախոս՝ լիցքավորիչով, բաժանորդային քարտ եւ 30 հազար ՀՀ դրամ: Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Վ. Օհանյանը տվել է խոստովանական բացատրություն:

Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ պարզվել է, որ նույն քրեակատարողական հիմնարկի բժիշկ-թոքախտաբան Սարգիս Հունանյանը պատրաստվում է քրեակատարողական հիմնարկ տեղափոխել եւ դատապարտված անձանց փոխանցել դեղորայք: Մարտի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ս. Հունանյանը, աշխատանքային պարտականություններին անցնելիս, քրեակատարողական ծառայողների կողմից ենթարկվել է անձնական զննման: Զննման արդյունքում Ս. Հունանյանի մոտ հայտնաբերվել են 2-ական 3 եւ 5 մլգ տարողությամբ ներարկիչներ, 3 տուփ անալգին, 3 փաթեթ դիմեդրոլ եւ 1 տուփ յոխինտե ֆորտե տեսակի դեղահաբեր: Բժիշկ Ս. Հունանյանը հայտնել է, որ վերոթվարկյալները պատրաստվել է հանձնել դատապարտված եւ կալանավորված անձանց:

Հայտնում ենք նաեւ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույն օրն անցկացված խուզարկությունների արդյունքում դատապարտված եւ կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել եւ առգրավվել են 3 բջջային հեռախոս եւ 5 կտրող-ծակող գործիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել