Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը մեր ավիացիային չի սպառնում

Մարտ 19,2009 00:00

\"\"«Ավիատոմսի արժեքի փոփոխություն չի եղել, ուղղակի մարտի 29-ից սկսած, ՀՀ օդային տրանսպորտով մեկնող ուղեւորները 10 հազար դրամ ելքի տուրքը նախօրոք կվճարեն ավիատոմս ձեռք բերելու ժամանակ»,- կառավարության որոշմամբ «օդի գումարը» տոմսի արժեքի մեջ ներառելու որոշումը երեկ ասուլիսում այսպես մեկնաբանեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Հարցին, թե արդյո՞ք քաղավիացիան հակաճգնաժամային ծրագիր է մշակել, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Ճգնաժամի հետ կապված՝ ավիացիայում լարվածություն չի ստեղծվել, որպեսզի հակաճգնաժամային ծրագիր մշակենք կամ քայլեր ձեռնարկենք: Կա ուղեւորահոսքի նվազում, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ ամեն տարի հունվարի վերջից մայիս ընկած ժամանակահատվածը քաղավիացիայում անբարենպաստ է ուղեւորափոխադրումների առումով»:

«Առավոտը» պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում կառուցված 100 հազար տոննա բեռնամշակման կարողությամբ բեռնահամալիրի «ճակատագրով»: Հիշեցնենք, որ ծրագիրը բավականին վիճահարույց էր, քանի որ, շատերի կարծիքով, այդքան մեծ բեռնատարողությամբ համալիրի կառուցումը մեր երկրի համար նպատակահարմար չէր թե ֆինանսական եւ թե ծավալային առումով: Չնայած սրան, շահագրգիռ կառույցները գտան, որ բեռնահամալիրը կշահագործվի լիարժեք հզորությամբ: Վարչության պետը խոստովանեց, որ իրենց կանխատեսումները չեն իրականացել, եւ բեռնային համալիրը առաջին օրվանից շահագործվում է իր կարողությունների մինչեւ 15%-ով, քանի որ հանրապետությունում բեռնափոխադրումների մեծ մասը իրականացվում է գնացքով եւ ավտոմեքենաներով: Նրա խոսքերով. «Առանձին բեռնային օդանավերով փոխադրումներ շատ հազվադեպ են իրականացվում, քանի որ արժեքը թանկ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել