Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՄԵՂՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 20,2009 00:00

\"\"Ըստ անկախ պատգամավորների՝ քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան գարնան վերջին օրը, եւ երեկ մեր գործընկերներից մեկը սրանում եւս «խորը» իմաստ եւ խորհուրդ տեսավ: Իսկ անկախ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը եւ Վիկտոր Դալլաքյանը սրանում որեւէ հատուկ խորհուրդ չեն տեսնում: Վիկտոր Դալլաքյանը հույս հայտնեց, որ իր հեղինակած «Մեղվաբուծության մասին» օրենքի ընդունումը կնպաստի իշխանությունների եւ ընդդիմության մեղրային հարաբերությունների հաստատմանը, եւ դա, ըստ պատգամավորի, առավել նկատելի կլինի առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններում: Ի դեպ, «Մեղվաբուծության մասին» օրինագիծը պարոն Դալլաքյանի հեղինակած եւ ընդունված թվով 71-րդ օրենքն է: Նման «ժրաջանություն» անգամ որոշ մեղուներ չունեն, եւ ասում են՝ չի ունեցել նորանկախ հանրապետության որեւէ պատգամավոր:

Վիկտոր Դալլաքյանը մեղվաբուծության թեմայից անցնելով «Առավոտին» հետաքրքրող հարցին՝ ցանկություն հայտնեց, որ այս ընտրությունները չլինեն ընտրություններ սեւի եւ սպիտակի միջեւ, ամենեւին նկատի չունենալով այս կամ այն թեկնածուի մաշկի գույնը, այլ՝ վերաբերմունքը ընտրություններին. «Երեւանի ավագանու ընտրությունը ՏԻՄ ընտրություն է, բայց գործող օրենքը քաղաքականացրել է դրանք: Ինքս օրենքի քննարկման ժամանակ ասացի, որ դրանք չպետք է դարձնել քաղաքական ընտրություններ: Բայց քանի որ ընտրությունները կուսակցությունների միջեւ են, ուրեմն, դրանով իսկ՝ քաղաքականացված»: Պատգամավորը վստահ է, որ ընդդիմությունը փորձելու է առավելագույնս քաղաքականացնել ընտրությունները, իսկ իշխանությունը փորձելու է դա ներկայացնել ընդամենը որպես Երեւանի ավագանու ընտրություն. «Ընդ որում, եթե իշխանությունը փորձի հանդես գալ միասնաբար, այսինքն՝ կոալիցիոն սկզբունքով, ապա կարող է շատ հարմար թիրախ դառնալ ընդդիմության համար: Կարծում եմ՝ կոալիցիան ճիշտ քայլ է կատարել, ընտրություններին առանձին-առանձին մասնակցելու իր որոշմամբ: Իշխանությունը ունի իր տակտիկան, եւ ընդդիմությունը ունի իրենը, բայց իմ ցանկությունն այն է, որ ընտրությունները չդառնան նոր ճակատամարտ սեւի եւ սպիտակի միջեւ»: Պարոն Դալլաքյանն ասաց նաեւ, որ իր բոլոր հրապարակային ելույթներում դեմ է արտահայտվել Երեւանի քաղաքապետի այս կարգի ընտրությանը եւ կողմ է եղել ժողովրդի կողմից Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրությանը:

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ նախկին փոխնախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը խորհուրդ տվեց վերլուծություն անել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. «Բացի Կոնգրեսից, ընդդիմությունից թերեւս «Ժառանգությունն» է, որ կարող է հավակնել 7 տոկոսի արգելքի հաղթահարմանը, եւ այն պարագայում, երբ նրանք առանձին են հանդես գալիս, մեծամասնություն ունենալու ընդդիմության հնարավորությունները զգալիորեն նվազում են: Կոալիցիայի պարագայում հակառակն է: Կարծում եմ, իրենց համար ձեռնտու է առանձին կուսակցություններով մասնակցել, հետո ընտրություններից հետո մեկ այլ կոալիցիա կազմել Երեւանի ավագանու մեջ եւ դրանով որոշել բոլոր խնդիրները: Սա պարզ տրամաբանություն է, այսինքն՝ եթե այս պարագայում կոալիցիային ձեռնտու էր առանձին-առանձին գնալը, ապա ընդդիմությանը ձեռնտու էր միասին գնալը: Որովհետեւ, համոզված եմ, նորմալ ընտրությունների պարագայում որեւէ կուսակցություն 40 տոկոսի սահմանագիծը չի կարող հաղթահարել առանձին՝ լինի ընդդիմադիր, թե կոալիցիայի անդամ»: Տիգրան Թորոսյանը նկատեց նաեւ, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության, իրավիճակի շտկման բոլոր խոսակցությունները հօդս են ցնդում, երբ կողմերը չեն նախապատրաստվում լավ ընտրությունների. «Իրական երկխոսությունը պիտի լիներ լավ ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ, մնացած ամեն ինչ՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, պիտի մի կողմ դնեին եւ փորձեին համատեղ ջանքերով նախապատրաստվել լավ ընտրությունների: Իսկ այդ ուղղությամբ ոչինչ չի արված, թերեւս տրամաբանական կլինի, որ ընտրությունները այս անգամ էլ անցնեն նույն հունով, ինչպես անցել են նախորդ բոլոր ընտրությունները»:

Ըստ նախկին հանրապետականի, այս ընտրությունները նույնպես «թեժ են լինելու»: Նաեւ պարզունակ համարեց այն մոտեցումները, թե Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն. «Ամեն ինչ կախված է կողմերի տրամաբանությունից, շատ ու շատ երկրներում համապետական ընտրությունները եւս շատ հանգիստ են ընթանում: Ցավոք, Հայաստանում չգիտակցվեց մարտի 1-2-ի իրադարձությունների ողջ ողբերգությունը, եւ մեկ տարվա ընթացքում քայլեր չարվեցին՝ բացառելու համար անցանկալի զարգացումները: Սա ամենացավալի, բայց ակնառու հետեւությունն է, որ կարելի է այսօր անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել