Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԻՄԱՆԱ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

Մարտ 26,2009 00:00

\"\"Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է սահմանազատել բարեգործությունն ու հասարակական գործունեությունը քաղաքականությունից:

Նախընտրական ժամանակահատվածը սովորաբար մեր հասարակության եւ քաղաքական ուժերի կյանքում ունենում է բացառիկ կարեւոր նշանակություն: Կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները եւ գործիչները ցանկացած ընտրությունից, սեփական նախընտրական ծրագրերը գրելուց առաջ, առաջին հերթին, զբաղվում են թվաբանությամբ՝ որքան են նախատեսում ծախսել, որքան նախատեսում բաժանել եւ որքան են «մուծվելու» համապատասխան տեղերում: Ընտրություններն այսպիսով՝ լինեն նախագահական, խորհրդարանական, թե համայնքային, դառնում են փող բաժանելու, փող աշխատելու եւ պարտքերը փակելու առիթ: Մասնավորապես, բոլորս ենք ականատես, թե ինչպես ընտրությունից ընտրություն ակտիվանում են բարեգործական հիմնադրամները, թե ինչպես են հատկապես ընտրությունների նախաշեմին մարդկանց օգնում, նվերներ բաժանում, ծերերին ճաշ տալիս, եւ այդ բոլորն անպայման՝ տեսախցիկի առաջ: Քաղաքական ուժերի նախընտրական հոլովակներում հաճախ առաջին պլանում հենց, այսպես կոչված, բարեգործությունն է, մարդկանց «օգնելը» եւ այլն: Մարդիկ էլ դրան սովոր են՝ «ով շատ տա, նրան էլ կընտրեմ» կարգախոսը դարձել է մեր օրերի նախընտրական թիվ մեկ հիթը:

Հասարակական, հայրենակցական կազմակերպությունների համար եւս բոլոր տեսակի ընտրությունները պարզապես տոն են՝ մի քանի պատճառներով: Նախ՝ նրանց սկսում են հիշել, կանչում են կուսակցության գրասենյակներ, մարդու տեղ են դնում, փողից-բանից են խոստանում, մանր-մունր հարցեր են լուծում: Սրանք էլ այդ ամենի դիմաց խոստանում են, որ հրապարակային հայտարարություն կանեն տվյալ կուսակցությանը կամ թեկնածուին սատարելու մասին՝ ընտրել հատկապես այսինչին: Հայրենակցականները եւ հասարակականներն էլ իրենց օգուտներն ունեն այս «բազարներից»՝ կամ իրենցից մեկին «խցկում են» խորհրդարան, կամ նոր ծառայողական մեքենա են պոկում, կամ էլ՝ գրասենյակային տարածք: Բոլորը հավանաբար կհիշեն, թե ինչպես 2003-ի նախագահական ընտրություններից առաջ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ պաշտպանելու են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը (եթե վերջինս առաջադրվի), սակայն շատ արագ նույն կազմակերպություններին ստիպեցին հրաժարվել իրենց հայտարարություններից: Հիշում ենք նաեւ, թե ինչպես վերջին ընտրություններից առաջ, նոյեմբերի 10-ին, ՀՀԿ համագումարում «Ոգու փորձություն» հ/կ-ն հայտարարեց, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սակայն քիչ անց այդ կազմակերպության ղեկավարներն անցան ընդդիմության կողմը:

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքների փաթեթի նախագիծն իր մեջ ներառում է մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ: Մասնավորապես, փոփոխություններ են առաջարկվում «Բարեգործության մասին» օրենքում, «ՀՀ ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» օրենքում: «Այս օրենսդրական նախաձեռնության իմաստը քաղաքական գործընթացները քաղաքական հարթությունում լուծելն է»,- «Առավոտին» ասաց նախաձեռնության հեղինակը: Այդ փոփոխություններով առաջարկվում է արգելել հասարակական կազմակերպություններին (այդ թվում նաեւ՝ հայրենակցական միություններին) նախընտրական քարոզչություն իրականացնել, ինչպես նաեւ բարեգործության ժամանակ չզբաղվել այս կամ այն ուժի քարոզչությամբ:

Իսկ կուսակցություններին արգելվելու է քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններուվ տալ (կամ խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել ծառայություններ: Այս արգելքի սահմանման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ մասի՝ նախընտրական ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ նրանց անունից, կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել ծառայություններ (օրինակ՝ ասֆալտ անել կամ անհարկի ցուցադրական ծառ տնկել): Առաջարկվում է նաեւ «Ընտրական օրենսգրքում» սահմանել դրույթ, ըստ որի՝ նախընտրական հիմնադրամներին հատկացվող միջոցները նույնպես չեն կարող համարվել բարեգործություն: Ի դեպ, սա համահունչ է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետին եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, ըստ որոնց՝ բարեգործական կազմակերպություններին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութեր տարածել, ինչպես նաեւ՝ նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարել: Եվ քանի որ այս փոփոխությունները ընդունված չեն լինելու մինչ Երեւանի ավագանու ընտրությունը, մնում է մոտ ժամանակներս դարձյալ սպասել նախընտրական նոր ասֆալտների եւ ցուցադրական «բարեգործությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել