Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 26,2009 00:00

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը շրջանառության մեջ են դրել մի նամակ, որով գործընկերներին կոչ են անում միանալ 2010 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օտարերկրյա օգնություն բաժնում՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հոդվածներով տրամադրվող աջակցությունն ավելացնելու նախաձեռնությանը: Ըստ «Նոյյան տապանի», մարտի 24-ին տարածած նամակով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները առաջարկել են ավելացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական աջակցությունը՝ 2009 թվականին նախատեսված 48 միլիոն դոլարից հասցնելով 70 միլիոն դոլարի, իսկ որպես ռազմական աջակցություն պլանավորվող 3,3 միլիոն դոլարի փոխարեն՝ նախատեսել 5 միլիոն դոլար: Առաջարկվում է նաեւ ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամերիկյան աջակցության ծավալները՝ 2009-ին նախատեսված 8 միլիոն դոլարից հասցնելով 10 միլիոն դոլարի, եւ վերացնել Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող քվեարկությամբ ընտրված ղեկավարների նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու եւ ամերիկացի պաշտոնյաների հետ շփումների առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել