Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Գնդասարում

Ապրիլ 17,2009 00:00

Ռաֆիկ Կարապետյանը ծնվել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Նա «Անանուն լեռնանցք» օդերեւութաբանական կայանի տնօրենն է, աշխատանքին զուգահեռ էլ զբաղվում է գրականությամբ: Այժմ պատրաստվում է առանձին գրքով հրատարակել հայրենի գյուղի պատմությունը՝ համագյուղացի նշանավոր մարդկանց, այդ թվում՝ Պարույր Սեւակի հետ կապված հուշապատումներով: Ներկայացնում ենք հատվածներ ապագա գրքից:

1968 թ. օգոստոսի գեղեցիկ օրերից մեկն էր: Աշխատանքից վերադառնալիս քայլեցի Սեւակի պապենական այգի տանող ճանապարհով՝ բանաստեղծի հետ մի երկու խոսք փոխանակելու ցանկությամբ: Իմ բախտը բերեց. Սեւակը նոր էր ժամանել ընկերներով եւ ավտոմեքենայից ծանրոցներն իջեցրել, ծխում էր: Ճանաչեցի նրա հետ եկածներին՝ մեկը գինեգործ Վաչե Սաֆարյանն էր, մյուսը՝ բանաստեղծ Վարդգես Բաբայանը: Բոլորին ձեռքով բարեւեցի: Սեւակն ուրախացավ ինձ տեսնելով, ասաց, որ որոշել են գյուղից մեկին խնդրել՝ իրենց ուղեկցի Գնդասար: Հաջորդ առավոտ կանուխ ձի վերցրեցի ու մի սովխոզնիկի հետ շարժվեցի դեպի Սեւակի նորակառույց տունը: Իսկ ժամը 10-ին արդեն Գնդասարի գագաթին էինք:

Սեւակն ասաց, որ Գնդասարը մեծ դեր է ունեցել իր բանաստեղծական ներշնչանքի վրա:

– Մեծ հաճույք պատճառեցին երեւացող տեսարանները, իսկ հիմա իջնում ենք Բարձր աղբյուրից ջուր խմենք ու գնանք Նավչալու՝ մեր յայլան, որտեղ իմ ծնողների հոգածությամբ անցկացրել եմ անհոգ մանկությունս եւ պատանեկության մեծ մասը,-ասաց Սեւակն ու աչքերը խոնավացան:

Այնուհետեւ ձիերի սանձերը բռնած իջանք աղբյուրի մոտ, որ Գնդասարի գագաթից 300 քայլ ներքեւ էր: Դեռ չէինք հասել աղբյուրին, մեկ էլ շները հաչոցով վրա տվեցին, հովիվը սկսեց սաստել նրանց, ապա մոտենալով մեզ՝ բարեւեց.

– Բարով եք եկել Գնդասար, ընկեր Սեւակ: Այս սարը եւ լանջին փռված ոչխարները՝ ձեզ փեշքեշ:

– Շնորհակալություն փեշքեշի համար, բայց ձեզ չեմ ճանաչում, ենթադրում եմ, որ մեր գյուղացի եք,- ասաց Սեւակը:

– Ճիշտ այդպես, սիրելի համագյուղացի պոետ, ես Ազոյենց Բեգլարի տղա Վաչիկն եմ…

– Ճանաչում եմ հորդ, ազնիվ մարդ էր, իմ մանկության ամառներին մինչեւ ուշ գիշեր լսել ենք նրա հեքիաթները, հատկապես հետաքրքիր էր պատմում «Հազարան բլբուլը», «Քառսուն ծամ աղջիկը», «Աղվան-Օսան» սիրավեպը…

– Ես էլ քեզ եմ հաճախ յայլայում տեսել Ազիի հետ (հարգանքով այդպես էին անվանում Սեւակի մորը), սակայն չեմ մոտեցել, որովհետեւ փոքր էի ու ամաչկոտ, իսկ դու ուսանող տղա էիր…

Վաչիկն առաջարկեց մատաղ անել ոչխարների մեջ արածող սեւ գառը, Սեւակը մերժեց, բայց Վաչիկը համառ էր…

– Ես ու Ռաֆիկը գառը կմորթենք, իսկ դու, սիրելի պոետ, քո ընկերներով չոր ցախ հավաքեք ու օջախ վառեք,- պնդեց նա:

Քիչ անց ամեն ինչ պատրաստ էր, ծալապատիկ նստեցինք սուփրայի առաջ: Առաջինը բաժակ բարձրացրեց Սեւակը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Խաշլաման ըմբոշխնելուց հետո մեկ էլ Վաչիկը ծոր տվեց Սայաթ-Նովայի «Դուն էն գլխենը»: Նրա քաղցր ձայնը դյութեց բոլորիս: Երգը վերջացնելուց հետո նա արտասանեց Ֆիրդուսու «Շահ Նամեի» նախերգանքը: Հետո նորից երգեց, ապա արտասանեց Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքից՝ «Ողբում եմ» բանաստեղծությունը: Ես էլ արտասանեցի նրա «Ատում եմ»-ը: Իմ արտասանելուց հետո Վաչիկը դարձյալ ծոր տվեց Սայաթ-Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգը, ինչին հետեւեց իմ ասմունքը՝ Սեւակի ութնյակներից… Սեւակը յոթերորդ երկնքում էր, ուրախանում էր, նայում հարազատ ծննդավայրին, որը երեւում էր՝ ինչպես ափի մեջ: Նա գորովագութ լայն ժպիտով էր նայում մեզ՝ համագյուղացիներիս: Վերջում Վաչիկը մի հետաքրքիր բանաստեղծություն էլ արտասանեց, որը նվիրված էր բնությանը:

– Վաչիկ, գեղեցիկ գովերգում է բնության, ո՞վ է հեղինակը,- ասաց Սեւակը:

– Ձեր ծառա չոբան Վաչիկը, այսօրվա ձեր նոր ծանոթը, որը ապրում է սարերում, սակայն սիրում է գիր ու գրականություն: Խուրջինումս գիրք ու գրիչ էլ կա,- պատասխանեց Վաչիկը՝ գեղջկական ամոթխածությամբ:

– Ապրես, Վաչիկ ջան, հոյակապ էր: Գրի՛ր, ժամանակին կանդրադառնանք: Իսկ ես այսօր քեզանից գոհ ու շնորհակալ եմ,- ասաց Սեւակը:

– Այ քեզ բան, հերիք չի երգում ու արտասանում է, հիմա էլ պարզվեց, որ նաեւ ստեղծագործում է… այ քեզ զարմանալի չոբան: Ես էլ մտածում եմ, թե Սեւակն ինչու է այսքան հզոր… Եթե ձեր չոբանն այսքան գիտի, բա Սեւակն ինչքան կիմանա,- ասաց Վարդգես Բաբայանը՝ զարմացած հայացքով նայելով բոլորիս:

– Փաստորեն, այսօր մենք ոչ թե եղանք հրաշք Գնդասարում, այլ այդ սարում հանդիպեցինք հրաշք չոբան Վաչիկին,- ավելացրեց Վաչե Սաֆարյանը՝ հայացքը չկտրելով Սեւակից:

– Ճիշտ այդպես, էլ բան չունեմ ասելու,- ժպտաց Սեւակը:

Շնորհակալություն հայտնելով չոբան Վաչիկին, ձիերի սանձերը բռնած՝ Բարձր աղբյուրից գնացինք Նավչալու՝ Սովետաշենի յայլան, որտեղ իր մանկապատանեկան ամառներն էր անցկացրել բանաստեղծ Պարույր Սեւակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել