Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ոչ՝ կին քաղաքապետ

Մայիս 05,2009 00:00 Share

\"\"ՕԵԿ-ը Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջարկելով

Հեղինե Բիշարյանին՝ համոզված է, որ եթե կինը կարողանում է տուն պահել եւ երեխաներ դաստիարակել, ուրեմն կարող է

լինել ամենալավ քաղաքապետը:

Քարոզարշավի առաջին օրը «Օրինաց երկիր» կուսակցությունը սկսեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում՝ ներկայացնելով իր համամասնական ցուցակի անդամներին եւ կուսակցության նախընտրական ծրագիրը: Ծրագիրը ներկայացրեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ: Նա ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց ծրագրի բոլոր գլուխները, կետ առ կետ բացատրեց, թե ինչ է ուզում իր կուսակցությունը իրականացնել Երեւան քաղաքում եւ ինչպես է պատրաստվում այդ ծրագիրը կյանքի կոչել: Արթուր Բաղդասարյանը ասաց նաեւ, որ «Հայաստանում խոսքով ընդունված է կանանց մեծարել, բայց երկրի, քաղաքի կառավարման հարցում, չգիտես ինչու, եթե կին է… այ, մամուլում եղան հոդվածներ, քննադատելով ՕԵԿ-ը, թե մի տղամարդ չկա՞ր, կին են առաջարկում: Այո, մենք առաջադրել ենք կին թեկնածու եւ վստահ ենք, որ մեր թեկնածուն ունենալու է շատ լուրջ հաջողություններ»:

Հեղինե Բիշարյանը խոստացավ, որ անելու է ամեն ինչ, որ իրենց թիմը ունենա մեծ հաջողություններ. «Ես վստահ եմ, որ Երեւան քաղաքի նախընտրական մեր ծրագիրը, որը խիստ հավակնոտ է, բավականին մեծ հաջողություններ կունենա: Մենք ուզում ենք Երեւանը լինի մրցունակ աշխարհի բոլոր մայրաքաղաքների հետ: Մենք ուզում ենք, որ որեւէ երեւանցի չունենա առողջապահական խնդիրներ, որոնք չկարողանանք լուծել, մենք ուզում ենք, որ բնապահպանությունը լինի այնպիսի մակարդակի, որ ոչ թե քարերի քաղաքում ման գանք, այլ՝ մեր երեխաների, մեր թոռնիկների ձեռքը բռնած ման գանք այգիներում, կանաչ տարածքներում եւ լուծենք մեր ապագայի առողջության խնդիրը»: Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը պատրաստվում է անցկացնել շատ բարձր մակարդակի քարոզարշավ, եւ քարոզարշավի հիմքում ընկած է լինելու առաջին հերթին բարությունը:

Ցուցակում երրորդը՝ Գրիգորի Վահանյանը, ձեռքը դրեց սրտին եւ երդվեց, խնդրելով, որ նույնը անեն նաեւ սրահում հավաքված բոլոր օրինացականները. «Երդվում եմ, որ ես կանեմ ամեն ինչ՝ բոլոր գիտելիքներս, բոլոր փորձս եւ ունակություններս օգտագործելու մեր «Օրինաց երկրի», մեր քաղաքի կայացման, զարգացման համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքը լինի օրինաց, մեր երկիրը լինի օրինաց: Մենք կկառուցենք ձեզ հետ միասին օրինաց երկիր, մենք կկտակենք մեր զավակներին օրինաց երկիր, սա չունի այլընտրանք: Սա չունի որեւէ այլ գաղափարախոսություն: Ես այդ գաղափարախոսության կողքին եմ, իմ անունը Գրիգոր է, ազգանունը՝ Վահանյան, ես լինելու եմ տիկին Բիշարյանի կողքին միշտ՝ որպես վահան, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հունիսի 1-ին ձեզ հետ միասին մեր երդումը ի կատար ածենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել