Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՍՊԱՆՎԱԾՆԵՐ՝ ՇՐԻ ԼԱՆԿԱՅՈՒՄ

Մայիս 12,2009 00:00

ՄԱԿ-ը երեկ խստորեն դատապարտել է Շրի Լանկայի կառավարության գործողությունները, որի ընթացքում երկրի հյուսիսում հրետանու օգտագործման պատճառով մահացել է առնվազն 450 խաղաղ բնակիչ: Սպանդը տեղի է ունեցել կառավարական զորքերի եւ «Թամիլի վագրեր» կոչվող անջատողականների հակամարտության գոտում: Ինչպես տեղեկացնում է Newsru.com-ը, զանգվածային գնդակոծությունը սկսվել է շաբաթ ուշ երեկոյան եւ շարունակվել կիրակի առավոտյան: Երեկ ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ մարտական գործողությունների գոտում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ իր կազմակերպությունը զգուշացրել է ամիսներ շարունակ: «Այժմ սպանդն իրականություն է դարձել»,- ասել է նա: Շրի Լանկայի զինվորականները հերքում են, որ իրենց գործողությունների ժամանակ հրետանի են օգտագործել եւ տեղեկացնում են, որ «Վագրերի» դիրքերի վրա կրակել են սովորական հրազենից: Այժմ «Վագրերի» գրոհայինները շրջափակված են կառավարական զորքերի կողմից մոտ 5 քառակուսի կիլոմետր տարածքում: «Վագրերի» վերջնական ջախջախմանը խոչընդոտում է մարտական գործողությունների վայրում մոտ 20 հազար խաղաղ բնակիչների առկայությունը: Բանակը հույս ունի վերջ տալ ապստամբ «Վագրերին» եւ դրանով ավարտել 1983 թվականից սկսված քաղաքացիական պատերազմը, որի զոհ է դարձել ավելի քան 80 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել