Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ» ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԸՀ-Ն

Մայիս 15,2009 00:00

«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը շատ ավելի կազմակերպված ու վճռական է լինելու, քան 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր: Ըստ նրա, այս անգամ ընդդիմությունը որդեգրել է այնպիսի մարտավարություն, որով անելանելի վիճակ է ստեղծելու հակառակորդի ճամբարում: Օրինակ, ընտրատեղամասերի փակվելուց հետո դրանց առջեւ հավաքվելու են 100-150 մարդ եւ վերահսկելու են ոստիկանների գործողությունները: Եթե ամեն ինչ ընթանա ըստ օրենքի, ապա իրենք միայն կողջունեն ոստիկաններին, իսկ եթե ոստիկանները թերանան իրենց պարտականություններում, ժողովուրդը օրենքի պահպանումը վերցնելու է իր ձեռքը: Այնուհետեւ, ձայների հաշվարկից հետո, մարդիկ հավաքվելու են ԿԸՀ-ի մոտ, շրջափակվելու է շենքը՝ մինչեւ չլսեն իրենց հաճելի արդյունքը: Այնուհետեւ, քաղաքապետի ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո, ժողովուրդը հավաքվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ եւ տապալելու է ոչ լեգիտիմ ռեժիմը: Այս սցենարի իրականացման հարցում Ժիրայր Սեֆիլյանը կասկած չունի: Նա նաեւ պնդեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անելու է հնարավոր բախումներից խուսափելու համար: Սակայն գտնում է, որ պետականություն կառուցելու համար անհրաժեշտ են նաեւ զոհողություններ: Ինչ վերաբերում է Դաշնակցության հետ համագործակցությանը՝ «պատրաստ ենք համագործակցության, սակայն չենք միավորվի»,- ասաց բանախոսը: Անդրադառնալով ԼՂՀ խնդրին՝ նա կոչ արեց Ղարաբաղի իշխանություններին չկաշկանդվել այն բանից, որ ժամանակին աշխատել են Քոչարյանի եւ Սարգսյանի հետ, ու քայլեր ձեռնարկել Արցախը փրկելու համար: «Երբ Ստեփանակերտը հակադրվում է Երեւանին, Հայաստանում տեղի է ունենում իշխանափոխություն»,- արձանագրում է Ժ. Սեֆիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել