Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչումը մերժում է պահանջողությունը

Հունիս 12,2009 00:00

Ի պատասխան «Առավոտում» տպագրված (30.05.2009) «Ինչպես խանգարել ռեժիսորին» վերնագրով Սուրեն Շահվերդյանի հարցազրույցի:

Կանխատեսելով հետագայում հնարավոր խոսակցությունները՝ ինքս եմ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի գեղխորհրդի հերթական նիստերից մեկում պնդել Սուրեն Շահվերդյանի բեմադրական ծրագրերն ընդունելու անհրաժեշտությունը, որոնք, սակայն, հետաձգվել են՝ այլ երիտասարդների հնարավորություն ընձեռելու հիմնավորումով։

«Փող չեք տա՝ կգնամ երկրից»,- մոտավորապես այսպես էր խոսում սերնդակիցս մշակույթի նախարարի հետ։ Ո՞վ է երբեւէ արտահայտվել այս դիրքերից՝ Վահան Բադալյա՞նը, որ իր ստեղծագործական ուղին սկսել է նկուղային բեմադրություններից՝ անաղմուկ ու անհավակնոտ, եզակի ճաշակի, գեղարվեստական չափի զգացման, էսթետիկական հատկությունների ու կուլտուրայի տեր Նարինե Գրիգորյա՞նը, «Միմ ստուդիոյի» տաղանդավոր արտիստների՞ց, թե՞ նախարարությունում հենց իր՝ նախարարի հրավերով հավաքված տասից ավելի երիտասարդ բեմադրիչներից մեկնումեկը։ Ի՞նչն է Շահվերդյանին մղել ենթադրելու, որ այս երկրի տաղանդավորագույն դեմքն է ինքը, եւ միջավայրի մտահոգության կենտրոնում պետք է լինեն իր բեմադրությունները։ Ո՞րն է արտոնյալ զգալու հիմքը։ Մեզ չի թվում, թե՝ Ռումինիայի ազգային թատրոնի հետ տարեկան մեկ բեմադրություն անելու պայմանագիրը կամ հարցազրույցում այդքան կարեւորված մրցանակները։

Տարիներ շարունակ Սուրեն Շահվերդյանն ունեցել է բեմադրություններ անելու հրաշալի հնարավորություններ եւ այսօր էլ ունի։ Ռուբեն Բաբայանն անձամբ է հրավիրել Տիկնիկային թատրոնում դրամատիկական բեմադրություններ իրականացնելու։ Ուրիշ թատրոններից նույնպես եղել են հրավերներ։ Ինչո՞ւ են մերժվել առաջարկները։ Հարգելի՛ Սուրեն, չմոռանանք, որ այսօր կան բազում երիտասարդներ՝ բեմադրություններ իրականացնելու հնարավորությունից զուրկ, շա՜տ ավելի բարդ պայմաններում, քան դու ես, եւ գուցե շա՜տ ավելի օժտված, քան դու ես։ Ի՞նչն է, սակայն, առավել անհասկանալին՝ մոլի, ջղաձիգ մերժողականությունը անտրեպրիզային ներկայացումների հանդեպ։ «Աշխարհի թատերական քննադատները խուսափում են անտրեպրիզայից, ինչպես ժանտախտից, քանի որ սովորաբար «անտրեպրիզան» համարվում է «կոմերցիոն խալտուրայի հոմանիշը»»,- ասում է երիտասարդ Շահվերդյանը։ Ովքե՞ր են թատրոնի պատմությունից անտեղյակ այդ «աշխարհի քննադատները» (շատ չէ՞ ասված՝ «աշխարհի»)։ Իսկ Սուրենն ինքը պատկերացնո՞ւմ է, թե ինչ ասել է «անտրեպրիզ»։ Բազում եվրոպական թատերական կոլեկտիվներ ներկայացել են որպես անտրեպրիզային, որոնք գլխավորել են ձեռնարկուներն ու հանրահռչակ դերասանները՝ Մոլիերը, Դ. Գարրիկը, Է. Ռոսսին, Է. Դուզեն ու այլք, Ռուսաստանում՝ Ն. Ն. Սոլովցովը, Ն. Ն. Սինելնիկովը, Ս. Պ. Դյագիլեւը, Ֆ. Ա. Կորշը»։ Անտրեպրիզը ներկայացնող համաշխարհային ճանաչում ունեցող այս դեմքերից որի՞ն է մերժում Շահվերդյանը կամ համարում «կոմերցիոն խալտուրայով» տարված։ Նկատի առնենք՝ նախահեղափոխական Ռուսաստանում գոյություն են ունեցել ընդամենը երկու կայսերական թատրոններ, մյուսները գործել են որպես անտրեպրիզային։ Այսպիսին են եղել համաշխարհային համբավ վայելող Դյագիլեւի ելույթները Փարիզում, այսպես է, ի վերջո, ձեւավորվել Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը (ԾղՁ)՝ Ստանիսլավսկու եւ այլոց հովանավորչական աջակցությամբ։ Անտրեպրիզի սկզբունքով է գործել հայ թատրոնը՝ մինչ առաջին պետական թատրոնի հիմնադրումը: Մերժել անտրեպրիզը՝ նշանակում է հրաժարվել թատրոնի պատմության մի հսկայական շրջանից՝ նրանում ստեղծված ու ստեղծվող բացառիկ արժեքներով, եւ, ընդդիմանալով կյանքի ընթացքին, չընկալել արդի թատրոնի միտումները։ Նարեկ Դուրյանի անտրեպրիզային ներկայացումներն իրենց հաճախականությամբ եւ հանդիսականների քանակով կարող են մրցակցել բազում խաղացանկային ներկայացումների հետ՝ միասին առնված։ Վարդան Պետրոսյանի ու Միքայել Պողոսյանի անունները բավական են՝ առանց ճիգ ու ջանքի հանդիսատեսի անհրաժեշտ քանակն ապահովելու համար… Անտրեպրիզի ծաղկումը, թվում է, վերադարձ է դեպի թատրոնի առավել կենդանի (գուցե եւ հարաբերականորեն՝ կոպիտ ու անմշակ) գոյավիճակ։ Դրա թերությունները, սակայն, ավելի մերժելի չեն, քան բազում ստացիոնար թատրոններում այսօր իշխող կեղծ սիմվոլիզմը, պսեւդոէսթետիզմն ու հանդիսականին օտար, կենսական հիմքից զուրկ եւ արհեստածին խնդիրները։ Կարգավորվելու կարիք ունի նաեւ ստացիոնար խաղացանկային թատրոնը՝ որպես եվրոպական թատերական մշակույթին հարաբերակից լինելու չափանիշ։

Տգեղ է, երբ բնագավառում դեռ իր խոսքը որոշակիորեն չասած երիտասարդը կռիվ է մղում հաջողություն վայելող իր ավագ գործընկերների դեմ: «Իսկ ո՞վ է դրանում մեղավոր,- հռետորաբար հարցնում է Սուրենն ու պատասխանում,- իհարկե՝ երիտասարդներս»։ Ուրեմն, ընդունիր այս խոսքս, սիրելի՛ գործընկեր, որպես չլռելու, ասել է թե՝ մեղավոր չլինելու փորձ, եւ թող, իսկապես, քո խոսքերով ասած՝ «կցս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել