Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐ ՉԿԱՅԻՆ

Հունիս 13,2009 00:00

Մի քանի թերթերում (այդ թվում՝ «Առավոտում») տպագրվել էր մի ահազանգ, համաձայն որի՝ Վանաձորի թիվ 5 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայոց լեզվի միասնական պետական քննության ժամանակ եղել են աղաղակող ապօրինություններ: Առանձնացված մի դասասենյակում հավաքված են եղել այդ տարածքի մեծահարուստների երեխաները, որոնց համար նախապես «մուծել» են, եւ նրանք բոլորը ստացել են բարձր բալեր: Կոնկրետ մեզ այդ ահազանգով դիմել էր խիստ վրդովված մի տիկին: Երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել այդ տիկնոջը եւ լսել նրա բողոքները, մենք զանգեցինք նրան եւ տեղեկացրինք այդ մասին: Տիկինը հրաժարվեց հանդիպումից, ասելով, որ իր ասածներին ավելացնելու ոչինչ չունի եւ չի կարող այդքան հեռավորություն կտրել նույն խոսքերը կրկնելու համար:

Երեկ ԿԳ նախարարն անձամբ մեկնեց Վանաձոր: Մինչ այդ մենք փորձեցինք նորից գտնել տիկնոջը եւ նրան տեղեկացնել, որ նախարարը գալիս է տեղում իրավիճակին ծանոթանալու, եւ եթե նա ցանկանում է, կարող է իր վրդովմունքը եւ ունեցած տեղեկությունները փոխանցել արդեն նախարարին: Սակայն տիկինը սկզբում ուղղակի չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ հետո այդ հեռախոսահամարն անհուսալիորեն անջատված էր: Ելնելով լրագրողական էթիկայից՝ մենք տիկնոջ կոորդինատները չհայտնեցինք ոչ մեկին, քանի որ նրա համաձայնությունը չէինք ստացել: Արդյունքում, երեկ, երբ պարոն Աշոտյանը մեկնեց Վանաձոր, այնտեղ չտեսավ եւ ոչ մի բողոքավորի: Այդ այցի մասին նախարարության պաշտոնական կայքէջը հաղորդում է. «Քննությունները մեկնարկել էին ճիշտ ժամանակին՝ սահմանված կարգով։ Հավաքված ծնողները դրանց ընթացքին հետեւում էին հեռուստաէկրանների միջոցով։ Վերջիններիս հետ միասին նախարարը ճշտեց, թե տեսախցիկներն արդյո՞ք բոլոր քննասենյակներն են հավասարապես տեսանելի դարձնում։ Ինչպես ծնողները, այնպես էլ պատասխանատուները վստահեցրին, որ բոլոր քննակենտրոններում իրավիճակը հավասարապես վերահսկվում է, եւ իրականությանը չեն համապատասխանում մամուլում ներկայացված պնդումները, թե թիվ 5 դպրոցում «հատուկ ընտրյալների քննասենյակ» կա։ Ընդ որում, նրանք հերքեցին նաեւ նախորդ քննությունների ժամանակ նման խնդրի գոյությունը՝ վստահեցնելով, որ կազմակերպչական առումով դժգոհություններ չունեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել