Լրահոս
Օրվա լրահոսը

Վերհիշենք հայկական ավանդական կերակուրները

Հունիս 13,2009 00:00

\"\"Ուտելիքը միայն քաղցը հագեցնելու համար չէ

Հայոց ավանդական տոնածիսական մշակույթը զգալի կորուստներով է մեզ ավանդվել: Պատմական, հասարակական, քաղաքական տարբեր պատճառներով դուրս են մղվել որոշ տոներ, տարրալուծվել են այլ տոների ու ծիսակատարությունների մեջ կամ տոնվում են միայն ժողովրդի մի հատվածի կողմից: Մոռացված ավանդույթները, հայ ազգային խոհանոցը ճանաչելի դարձնելու եւ վերականգնելու համար երեկ «Արարատ հոլլ» ռեստորանում հավաքվել էին բազմաթիվ հյուրեր: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի եւ ԵՊՀ ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հացը լեռներում» ցուցադրություն-համտեսը: Սկզբում լրագրողների հետ հայոց ավանդական տոնածիսական մշակույթի արդի վիճակի մասին խոսեցին միջոցառման կազմակերպիչները: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ Սուրեն Հոբոսյանը, կարեւորելով միջոցառման անցկացումը, նշեց. «Սա մի շատ կարեւոր երեւույթ է ազգային արմատներին դառնալու եւ մեր կորցրած շատ արժեքներ ինչ-որ չափով վերականգնելու համար: Գլոբալացման պայմաններում մենք շատ բան ենք կորցնում, բայց գոնե փոքր էլեմենտների շնորհիվ մեր ազգային դեմքը պարտավոր ենք պահպանել: Եթե համեմատենք հայկական առօրյա սնունդը թեկուզ 20-րդ դարի սկզբի հետ, շատ է փոխվել: Մարդիկ զարմանում են ու չեն հավատում, երբ ասում ես, որ Նոր տարվա հայկական ավանդական սեղանին ընդհանրապես մսից պատրաստված կերակուրներ չկային: Նոր սերնդին պետք է սովորեցնել հարգանք սննդի, հացի նկատմամբ: Մեր ժամանակ, եթե հայ մարդը գետնին հացի կտոր էր տեսնում, վերցնում, դնում էր պատուհանին կամ ծառի ճյուղին, հացը սրբություն էր, իսկ այսօր այն դադարել է այդպիսին լինելուց: Հարգանք է պետք»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի մագիստրանտ Մանան Առաքելյանն էլ ասաց. «Այսօր համաշխարհայնացման ու արդիականացման պայմաններում ավելի է ուժեղանում որոշ մշակութային, ազգային արժեքներ կիրառությունից դուրս մղելու գործընթացը: Դրանք արդյունքում վերաձեւվում, փոխարինվում են ավելի նոր, դինամիկ արժեքներով, սրան զուգահեռ՝ գործածությունից դուրս են մնում, անտեսվում հատկապես ազգային ինքնության համար կարեւոր արժեքները»: Մշակույթի նախարարության ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Տիգրան Հակոբյանի կարծիքով էլ, պետք է շատ բուսական կերակուրներ օգտագործել: «Մենք ունենք բուսականության հսկայական պաշար, ավելի շատ, քան Չինաստանը»,- նշեց նա:

Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինաս քահանա Մարտիրոսյանն էլ նշեց, որ մարդիկ չպետք է մոռանան, որ կերակուրը միայն քաղցը հագեցնելու համար չէ: «Ուտում ենք ապրելու համար եւ ոչ հակառակը: Աստված երբ մարդուն ստեղծեց, կարող էր սնվել ծառերի պտուղներով, բայց կառչած չէր դրանից, ինքը նաեւ Աստծո խոսքով էր սնվում եւ իր ֆիզիկական կենսագործունեությունը պարտադիր կապված չէր ուտելիքից: Ցավոք, մարդն ինչքան մեղքերի մեջ խորացավ՝ կերակրատեսակներն էլ ավելի շատացան»:

Միջոցառման ընթացքում հնչում էր հայ ազգային երաժշտություն: Ներկայացված էին հայ ավանդական 13 տոները՝ պատմական Հայաստանին բնորոշ կերակուրներով եւ խորհրդանիշներով: Միջոցառման կազմակերպիչները, ակնկալելով, որ ներկայացված կերակուրները այցելուները կպատրաստեն նաեւ իրենց տանը, տրամադրում էին համապատասխան բաղադրատոմսեր: Օրինակ, Ամալյա Հովհաննիսյանը մեզ ներկայացրեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված սեղանի կերակրատեսակները: Գաղտիք չէ, որ Սուրբ Սարգսի տոնին երիտասարդներն ուտում են աղի բլիթ: Սակայն, բացի աղի բլիթից, Սուրբ Սարգսի տոնի սեղանին նախկինում եղել են նաեւ հացըրդոն, փոխինդի գնդիկներ, բաղարջ, խաշիլ: Այս տոնից առաջ աղջիկները հնգօրյա պաս էին պահում: Հացըրդոնը, օրինակ, պատրաստում եւ ուտում էին աղջիկները՝ պասից դուրս գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել