Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐՈ՞ՐԴ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է

Հունիս 18,2009 00:00

Հայաստանի նախագահի հետ կայացած առանձնազրույցից ու համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց հետո երկու երկրների նախագահները ՀՀ նախագահի նստավայրի ամառային սրահում կայացած ասուլիսում պատասխանեցին Հայաստանի եւ Սիրիայի լրագրողների հարցերին: Ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքի մասին Արաբական Հանրապետության ղեկավարն ասել է, թե խնդիրը, իհարկե, խրթին է, բայց սեփական փորձից գիտի, որ ինչքան խնդիրը բարդանում է, դրա լուծումն այնքան դժվարանում է։ Բաշար Ալ-Ասադը նաեւ խոսել է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման մասին՝ նշելով, որ այսօր չկա մի իսրայելցի գործընկեր, որ կարող է նստել խաղաղության սեղանի շուրջ, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու խաղաղության հաստատման գործընթացը։

«Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է»,- հայ-սիրիական պատմական բարեկամության մասին խոսելով հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեջբերելով Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ Ալ-Ասադի՝ Հայաստանում տարիներ առաջ կատարած հայտարարությունը։ Նախագահ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջեւ տարիների պատմություն ունեցող հարաբերություններից, հիշատակել, որ Հայոց ցեղասպանության տարիներին Սիրիան ընդունել է հարյուր հազարավոր հայերի։ Սերժ Սարգսյանը կարեւորել է առեւտրաարդյունաբերության, տնտեսության՝ մասնավորապես ներդրումների առումով համագործակցության խորացումը։ Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ քննարկված բոլոր հարցերի դեպքում առկա է լիակատար փոխըմբռնում։

«Պոտենցիալը շատ է, եւ մենք այն պետք է օգտագործենք ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է Հայաստանի նախագահը։

Ի դեպ, Հայաստանի անկախությունից ի վեր սա Սիրիայի նախագահի առաջին այցն է Հայաստան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել