Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտուր՝ կեղտաջրերի մեջ

Հունիս 24,2009 00:00

\"\"Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում տեղավորված «Հայպետշին» թաղամասի շուկայում առավոտյան եւ երեկոյան ժամերի ջրամատակարարման ժամանակ վթարված կոյուղագծերի կեղտաջրերից արդեն 2 շաբաթ է՝ առվակներ են գոյանում: Կեղտաջրերը ոչ միայն անանցանելի են դարձնում փողոցը եւ խոչընդոտում մարդկանց անցուդարձին, այլեւ գարշահոտություն տարածում շուկայի ողջ տարածքում: Ամենացավալին, սակայն, այն է, որ կեղտաջրերը հոսում են շուկայում վաճառվող բանջարեղենի եւ սննդամթերքի արկղերի տակով: Անտարբեր ալավերդցիները, սակայն, անվրդով առեւտուր են անում, բնավ չմտահոգվելով՝ կոյուղաջրերի առվակների մեջ դրված սննդամթերքի օգտագործման անկանխատեսելի հետեւանքների մասին: Էլ ավելի ցավալի է, որ այս վիճակին անտարբեր է Ալավերդու քաղաքապետարանը:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Հյուսիս-արեւելյան» տարածքային մասնաճյուղի «Ալավերդի» տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը վթարի մասին հունիսի 22-ին մեր հարցմանը պատասխանեց. «Տեղյակ ենք վթարի մասին, այն մեր մեղքով չի տեղի ունեցել, կոյուղագծի վրա անօրինական առեւտրի տնակ են տեղադրել: Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, մեր պահանջով տնակը տեղափոխել են, այժմ վթարային բրիգադը աշխատում է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ տեղի ունեցած վթարի վայրում, այնտեղ ավարտելուց հետո ձեռնամուխ կլինեն շուկայի կոյուղագծերի վթարի վերացմանը»:

Արթուր Կոլոլյանին հիշեցրինք, որ սննդամթերք վաճառվող շուկայում, բոլոր դեպքերում, աններելի է կոյուղու վթարի վերացման երկու շաբաթ ձգձգումը: «Մեր մեղքով չէ, ինչ կարող ենք անել», նկատեց նա: Հուսով ենք՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը իր տեղամասի տնօրենին կբացատրի կոյուղագծերի վթարների օպերատիվ վերացման կարեւորությունը, այն էլ սննդի հետ առնչվող օբյեկտներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել