Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնության «բանաձեւը»

Հունիս 26,2009 00:00

Տղամարդկանց եւ կանանց ամուսնության նպատակները տարբեր են

«Տղամարդը կին համարում է նրան, ում հետ անկողին է կիսում»,- ասում է հոգեբան Արմեն Կարախանյանը:

Թերեւս յուրաքանչյուր մարդ երբեւէ ցանկանում է ամուսնանալ: Ամուսնությունը մի մասի համար կյանքի նպատակ է, մի մասի համար՝ երեխա ունենալու «հարմար տարբերակ»: Սակայն շատ են հանդիպում մարդիկ, որոնք մինչեւ 35-40 տարեկանն այդպես էլ չեն ամուսնանում: Հայ իրականությունում նման դեպքեր գրանցվում են ավելի շատ իգական սեռի շրջանում, քան արական:

Իսկ ընդհանրապես ինչո՞ւ են մարդիկ ամուսնանում, կամ՝ ոչ:

Հոգեբան Արմեն Կարախանյանը, կանանց բաժանելով երկու խմբի՝ ամուսնացողներ եւ չամուսնացողներ, ասաց. «Օրինակ, ամերիկանցիների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 75%-ը ֆրիգիդ են՝ սառը: Այսինքն՝ սեքսուալ վարքի նկատմամբ բացարձակապես անտարբեր: Կանանց միայն 25%-ն է, որ ունի կիրք, սիրելու ու սիրվելու ցանկություն. սա վերաբերում է ամբողջ աշխարհի կանանց, եւ էթնիկ առանձնահատկություններն այստեղ բացարձակ դեր չեն խաղում: Հայերն իրենց ֆրիգիդությունը դրսեւորում են հայավարի, լեհերը՝ լեհավարի, ռուսները՝ ռուսավարի եւ այլն: Այս դասին պատկանող կանանց հետաքրքրում են ոչ թե կին-տղամարդ հարաբերությունները, այլ ավելի շատ ամուսնական հարաբերությունները: Իրենք ձգտում են որոշակի սոցիալական պայմանների, որովհետեւ նրանց ամուսնանալու ցանկությունը կապված է զուտ երեխաներ ունենալու հետ: Նմանատիպ կանայք շատ հեշտ ամուսնանում են: Նրանց համար կարեւոր չէ՝ ում հետ կամուսնանան, կարեւորը ստեղծվեն այն պայմանները, որում կինը կկարողանա ինքն իրեն բացահայտել, դրսեւորել որպես անձ»: Ըստ Ա. Կարախանյանի, այն կանայք, որոնք մտնում են վերը թվարկած 25%-ի մեջ, ի վիճակի են ցանկացած տղամարդու երջանկացնել, որովհետեւ այդպիսիները կարողանում են սիրել եւ սիրվել. «Հարցն այն է, որ նրանց մեծ մասը այդպես էլ չի հասնում ամուսնության եւ չի ամուսնանում: Նրանք մինչեւ չեն գտնում իրենց ուզած տղամարդուն՝ չեն ամուսնանում»: Մեր զրուցակցի կարծիքով, ինչքան աղջիկը փայլուն է, ճչան, կիսամերկ հագնված, աչք ծակող շպարով՝ այնքան ավելի հեշտ ամուսնացողների շերտին է պատկանում, որովհետեւ նմանատիպ աղջիկների ուզածը ուշադրություն գրավելն է, իսկ նրանք, որոնք ունեն սիրելու ընդունակություն, կիրք՝ սովորաբար ավելի համեստ են արտաքինով:

Հոգեբանի ձեւակերպմամբ, տղամարդկանց եւ կանանց ամուսնության նպատակները տարբեր են լինում. «Տղամարդկանց վերաբերմունքը ընտանիքի եւ ամուսնության նկատմամբ մի փոքր այլ է: Տղամարդու ամուսնանալու նպատակը ոչ մի կապ չունի ընտանիք կազմելու ցանկության հետ, առավել եւս՝ երեխա ունենալու: Նա ամուսնանում է հիմնականում սեքսուալ կյանքը դասավորելու համար: Սովորաբար տղամարդը ամուսնանում է ինչ-որ կոնկրետ կնոջ հետ, որովհետեւ կամ ուզում է այդ կնոջը միշտ իր կողքին տեսնել, կամ՝ որ տվյալ կինը ուրիշի ձեռքը չընկնի: Հիմնականում այս երկու պայմաններն են տղամարդուն ստիպում ամուսնանալ: Եթե կին-տղամարդ հարաբերությունները դառնան բաց, նա հաստատ չի ցանկանա այդ աղջկա հետ ամուսնանալ: Տղամարդկանց ուզածը ի սկզբանե եղել է շփվել բաց, ազատ եւ լիարժեք: Իրականությունն այն է, որ տղամարդը մտնում է ամուսնական կյանք՝ իր սեքսուալ կյանքը կարգավորելու համար: Չեմ բացառում, որ կան տղամարդիկ, որոնք ուզում են ունենալ ընտանիք, երեխաներ, բայց ասել, որ երեխա ունենալու ցանկությունը տղամարդուն ամուսնացնում է, այդ նույնն է, ինչ ասենք, որ կինն ամուսնանում է, որպեսզի իր անկողնային հարաբերությունները կարգավորի»: Հոգեբանը նշում է, որ տղամարդը հասուն տարիքում այլեւս ի վիճակի չէ ինչ-որ ձեւով, ինչ-որ պահի իր ցանկությունները բավարարելու. «Տղամարդու սեքսուալ կյանքը կանոնավորման կարիք ունի, որովհետեւ նրանց մոտ հետագայում մեծ պոտենցիա է սեքսուալությունը»:

Ա. Կարախանյանի հավաստմամբ, կինն իր սեքսուալության գագաթնակետին ֆիզիոլոգիապես հասնում է 35-40 տարեկանում, տղամարդը՝ 19. «Այսինքն՝ ցանկացած կնոջ մոտ այդ տարիքը նրա սեքսուալ գագաթնակետի շրջանն է: Կինը դանդաղ սկսում է զարգանալ մինչեւ 35-40 տարեկանը: Եվ քանի որ տղամարդու սեքսուալ գագաթնակետի տարիքը տասնինն է, նշանակում է՝ ամուսնանալիս անկողնում հանդիպում են լրիվ բացահայտված տղամարդն ու դեռեւս բացարձակ սեքսի կարիք չունեցող կինը: Մոտավորապես 10-15 տարուց կինը նոր հասնում է իր գագաթնակետին եւ սկսում սեռական հարաբերության կարիք զգալ: Իսկ մինչ 15 տարին անցնի՝ կնոջ եւ ամուսնու հարաբերությունները կփչանան, ու ամրությունն էլ կխաթարվի: Երբեմն ասում են՝ ինչո՞ւ են տղամարդիկ հաճույքներ փնտրում դրսում. պատասխանեմ՝ անկողնում անհամաձայնությունների պատճառով տղամարդը սկսում է դրսում իր սերը բավարարելու աղբյուրներ փնտրել: Այս դեպքում տղամարդուն ետ բերել՝ պարզապես անհնար է լինում: Մեղավորը կանայք են, քանի որ երկու սխալ են թույլ տալիս իրենց կյանքում. առաջին սխալը ամուսնուն դուրս շպրտելն է՝ անհարկի մերժումներով եւ սեքսից հրաժարվելով, երկրորդը, որ կանայք այդ էտապում սովորաբար անում են՝ դա ամուսիններին ամեն կերպ ետ բերելն է: Բայց միակ բանը, որ այս ժամանակ կարելի է անել՝ ամուսնուն դուրս չշպրտելն է եւ նոր հարաբերությունների ստեղծումը՝ առանց սեքսից անժամանակ հրաժարվելու: Որովհետեւ ետ բերել՝ տղամարդու համար գիտակցաբար նշանակում է նորից այդ դժոխքի եւ մղձավանջի միջով անցնել: Իսկ այս պարագայում տղամարդու միակ ելքը՝ այդ վիճակից դուրս գալու, վարձու կանանց դիմելն է, որովհետեւ տանը նրանք սեքս չեն ստանում այնքան, որքան ուզում են…»: Ա. Կարախանյանը նաեւ հավելեց, որ տղամարդիկ, փորձելով դրսում բավարարել այն, ինչն իրենց ստիպել է ամուսնանալ, հանդիպում են այն կանանց, որոնք այդպես էլ չեն ամուսնանում՝ իրենց երկրորդ կեսին չգտնելու պատճառով: Վերջիններս էլ ի վերջո դառնում են ամուսնացած եւ տնից հեռացած տղամարդկանց սիրուհիները. «Այսինքն՝ տղամարդիկ, կոտրվելով իրենց իսկ կնոջից, իրենք էլ կոտրում են չամուսնացած եւ դեռեւս սեր փնտրող աղջիկների սիրտը, որոնք իրականում կարող էին դառնալ հիանալի կին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել