Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈՒՆ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ

Հուլիս 30,2009 00:00

\"\"Տարիներ առաջ սեփական բնակարաններից վտարված բնակիչներին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունում ու չի ցանկանում լսել:

Արդեն մի քանի տարի է, ինչ իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ ՀՀ իշխանությունների մեղքով անտուն են: Հանուն պետական շահի, նրանք բռնի կերպով վտարվեցին իրենց բնակարաններից: Մինչ օրս այդ բնակիչները չեն կարողանում գլուխները հանգիստ բարձին դնել, քանի որ նրանցից շատերը վարձով են բնակվում, մի մասն էլ հարազատների տանն է ապրում, ոմանք էլ ընդհանրապես տուն չունեն:

Կառավարության 01.08.2002 թ. N 1151-Ն «Երեւանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» որոշումով Հյուսիսային պողոտայի եւ Բուզանդի փողոցի բնակիչները վտարվեցին իրենց տներից, եւ չնայած Սահմանադրական դատարանը 2006 թվականին այդ որոշումը ճանաչեց հակասահմանադրական, սակայն մինչ օրս այդ բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածն ասում է՝ «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»: Այսինքն, Բուզանդի փողոցի բնակիչներին վտարել են իրենց բնակարաններից, առանց համապատասխան օրենքի, այլ ընդամենը որոշումով: Բացի այդ, «համապատասխան փոխհատուցում» էլ չեն ստացել, ինչպես նշված է Սահմանադրությունում:

Բուզանդի 15 հասցեի բնակիչ Աստղիկ Մկրտչյանի խոսքերով, երբ 2004 թվականին իրենց տարածքը տրամադրվեց «ՎԻԶԿՈՆ» ՍՊԸ-ին, իրենք նամակով դիմեցին այդ ընկերությանը՝ ճշտելու, թե ինչ աշխատանքներ են իրականացնելու, ինչին ի պատասխան ասել են, որ առայժմ հստակ որոշված չէ, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում. «Եթե պետությունը վերցնում է մեր տարածքները «պետական կարիքները» բավարարելու նպատակով, ապա պետք է նախապես ունենար այդ կարիքները, սակայն տեսնում ենք, որ որեւէ հստակ որոշում այս առումով ընդունված չի եղել: Ստացվում է, որ մեր տարածքն ընկել է ինչ-որ մասնավոր անձանց ձեռքը եւ ապօրինաբար շահագործվում է նրանց կողմից»:

Այն, որ կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչվեց, դրանից վտարված բնակիչների խնդիրները չլուծվեցին, քանի որ ՍԴ-ի որոշումը տարածվում է 2006 թվականից սկսած իրացման գործընթաց իրականացնող ընկերությունների վրա:

«Ի՞նչ նշանակություն ունի, թե երբ են սկսել իրացում, եթե Սահմանադրության հոդված է խախտվել՝ մեզ համարժեք փոխհատուցում չեն տվել, եւ ոտնահարվել են մեր իրավունքները: Ուրեմն, նշանակում է՝ մեր նկատմամբ կիրառված ապօրինությունը, որ տեղի է ունեցել 2005-ին, համարվում է անցած-գնացած մի դե՞պք: Ո՞վ պիտի մեզ պատասխան տա»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Ա. Մկրտչյանը:

Նրա խոսքերով, Բուզանդի փողոցի իր բնակարանի մակերեսը եղել է 120 քմ, իսկ իրենց փոխհատուցում են տվել 20 մլն դրամ, որով չէին կարողացել կենտրոնում համարժեք մակերեսով բնակարան գնել, ինչի հետեւանքով մինչ օրս ընտանիքով վարձով են ապրում: Բուզանդի 15 հասցեի մեկ այլ բնակիչ՝ Աշոտ Պողոսյանն էլ ընտանիքի 9 անդամներով, 4 անչափահասների հետ նույնպես վարձով է բնակվում:

Մեզ հետ զրույցում Ա. Պողոսյանը վստահեցրեց, որ մոտ 40 քմ-ի համար իրեն փոխհատուցում են տվել ընդամենը 13 հազար դոլար:

«Ճիշտ է, այդ գումարը փոխանցվել է իմ հաշվին, բայց ես դրան ձեռք չեմ տալիս: 13 հազարով ի՞նչ կարող եմ գնել: Մեզ կենտրոնից վտարեցին, բայց նույնիսկ ծայրամասերում այդ գումարով անհնար է բնակարան գնել: Ինչո՞ւ չեն կատարում Սահմանադրության պահանջը՝ նախնական համարժեք փոխհատուցումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը:

Ա. Մկրտչյանի պատմելով էլ՝ չնայած մինչ օրս գրանցված են Բուզանդի 15 հասցեւոմ, սակայն անձնագրում ելքի վիզայի վավերացում չեն դնում, պատճառաբանելով, որ դա իրացման գոտի է. «Ոչ կարողանում ենք ընտրություներին մասնակցել, ոչ երկրից դուրս գալ, մնացել ենք օդում կախված»:

Իրենց իրավունքները վերականգնելու համար իրացման գոտու բնակիչները դիմել են պետական մի շարք ատյանների, սակայն ապարդյուն. նրանց հետ կամ հրաժարվում են հանդիպել, կամ էլ պարզապես «ցրում» են: Տիկին Արաքսյայի պատմելով՝ մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, սակայն անարդյունք. նախ քաղաքապետարանից պատճառաբանել են, որ խառն են, ընտրություններ են, ավարտվեն՝ նոր միայն կընդունեն, իսկ երբ ընտրություններից հետո իրացման գոտու բնակիչները գնացել են քաղաքապետարան, աշխատակիցները անգամ մոտ չեն թողել Գ. Բեգլարյանի աշխատասենյակին. «Որքա՞ն է հնարավոր արհամարհել Սահմանադրական դատարանի որոշումը, այս երկրում Սահմանադրության պահանջներն էլ բանի տեղ չեն դնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել