Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՁԵԶ

Օգոստոս 06,2009 00:00

Ալկոհոլ քիչ օգտագործեք, մի ծխեք եւ հետեւեք սննդակարգին, որպեսզի չխանգարվի սեռական ֆունկցիան

Մասնագետների կարծիքով, հայ տղամարդկանց մեծ մասը չի հետեւում իր սեռական առողջությանը: Հայաստանում ոչ ոք չի հետեւում իր օրգանիզմում խոլեստերինի քանակին, որը եւս ազդում է սեռական ֆունկցիայի վրա: Հայ տղամարդիկ չեն հետեւում նաեւ իրենց վերարտադրողական ֆունկցիային, որպեսզի հետագայում երեխա ունենան, չգիտեն, թե ինչ անեն, որպեսզի չվնասեն ամորձիները եւ այլն: Երեկ տղամարդու առողջությանը նվիրված սեմինարի ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի դասախոս Ռաֆայել Բադալյանը: Մեզ հետ զրույցում պարոն Բադալյանը վստահեցրեց, որ 40 տարեկանից բարձր հայ տղամարդկանց մեծ մասի մոտ կան խնդիրներ, սակայն քչերն են այդ մասին գիտակցում եւ ժամանակին դիմում բժշկի: Պարոն Բադալյանի խոսքերով, առողջ լինելու համար մեր տղամարդիկ, բացի այն, որ պետք է հետեւեն իրենց սննդակարգին, նախեւառաջ պետք է հեռու մնան պատահական կապերից. «Երիտասարդ տարիքում դա անում են, հետո խնդիրներ են ունենում, ամուսնանալուց հետո նոր սկսում են մտածել, բայց ուշ է լինում……»: Ըստ պարոն Բադալյանի, այսօր 40-ն անց հայ տղամարդկանց մոտ ամենալուրջ եւ ակտուալ խնդիրը նրանց քաշն է. «Տղամարդու գոտկատեղը պետք է լինի 94 սմ, բայց մոտ 80%-ի մոտ այդպես չէ: Այդ հատվածում են քայքայվում այն հորմոնները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, սեռական ֆունկցիային: Դա կարող է խանգարել նաեւ սեռական ֆունկցիային: Բայց պարտադիր չէ տեսնել գեր տղամարդու ու կարծել, որ նրա մոտ սեռական ֆունկցիայի խնդիր կա, սակայն դա արդեն ռիսկի գործոն է»: Որպեսզի մեր տղամարդիկ առողջ եւ ակտիվ սեռական կյանք ունենան, մասնագետները խորհուրդ են տալիս սպորտով զբաղվել, նյարդային համակարգը հանգիստ պահել, սթրեսների մեջ չընկնել, անգամ փոքրիկ խնդրի դեպքում դիմեն բժշկին:

Կա՞, արդյոք, սեռական կյանքի համար տարիքային սահմանափակում մեր հարցին պարոն Բադալյանն ասաց. «Չկա մի տարիք, որից հետո պետք է ասել, եթե սեռական ֆունկցիա չկա, դա նորմա է: Ունենք 80 տարեկան պացիենտներ, որոնց օգնում ենք ու իրենց մոտ ամեն ինչ հաջող է ստացվում, նույնիսկ՝ վերարտադրողական ֆունկցիան, երեխա էլ են ունենում»:

Այն, որ հայ տղամարդիկ տեղեկացված չեն եւ սեռական խնդիրների դեպքում ամաչում են դիմել բժշկի, հաստատում են մասնագետները: Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Ֆանարջյանի խոսքերով. «Շատ հայ տղամարդիկ կոմպլեքսավորված են, չեն ընդունում, որ ունեն սեռական բնույթի խնդիր եւ պետք է դիմեն բժշկի: Մեզ մոտ երիտասարդները իմպոտենցիայի դեպքում չեն դիմում բժշկի, բայց դա շատ տարածված խնդիր է: Հետաքրքիրն այն է, որ մեր տղամարդիկ սեռական վարակների դեպքում ամենեւին էլ չեն ամաչում դիմել բժշկի»:

Բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի կարծիքով էլ, տեղեկատվության պակաս կա, եւ եթե նույնիսկ սեքսը չի ստացվում կնոջ պատճառով, ապա տղամարդիկ մտածում են, որ դա իրենց խնդիրն է: Սա շատ տարածված է հատկապես գյուղերում: Ա. Բարսեղյանի խոսքերով, շատ տղամարդիկ հոգեբանորեն չեն ընդունում պահպանակի առկայությունը, ինչը խիստ կարեւոր է հատկապես պատահական կապերի ժամանակ: Բժիշկը, սեռավարակներից հեռու մնալու համար, այդ տղամարդկանց խորհուրդ է տալիս գոնե մեկ մշտական եւ առողջ զուգընկերուհի ունենալ ու անընդհատ չփոխել զուգընկերուհուն: Թե ի՞նչ տարբերություն կա հայ եւ այլազգի տղամարդկանց միջեւ հարցին պարոն Բարսեղյանն ասաց. «Օրինակ՝ հյուսիսային ազգերի մոտ սեռական հասունությունը ուշ է տեղի ունենում, հարավային ազգերի մոտ՝ ավելի երիտասարդ հասակում, նրանք ավելի տաք են, բայց չի կարելի ասել, որ նորվեգացիները բոլորն իմպոտենտ են, կովկասցիներն էլ՝ սուպերմեններ: Թույլ եւ ուժեղ տղամարդ առանձնացնելը սխալ է, կարեւորը զույգերի հարաբերություններն են, թույլ տղամարդը կարող է ունենալ ուժեղ զուգընկերուհի եւ հակառակը, կարեւորը սերն է»:

Միջոցառմանը Իսրայելից հրավիրված ուրոլոգ, դոցենտ Ջուզա Հեննի ներկայացմամբ՝ հրեա տղամարդիկ էլ սեռական խնդիրների դեպքում ամաչում են դիմել բժշկի, չնայած վերջին տարիներին արդեն առաջընթաց կա:

Ջ. Հեննի խոսքերով՝ «Սեռական դիսֆունկցիան այնպիսի հիվանդություն է, ինչպիսին զարկերակային բարձր ճնշումը եւ չպետք է ամաչել բժշկի դիմելու համար: Տղամարդու մոտ երբ առաջանում է սեռական ֆունկցիայի խնդիր, կամաց-կամաց նրա կյանքի որակն ընկնում է. հոգ չեն տանում իրենց երեխաներին, շուտ բարկանում են, նույնիսկ չեն կարողանում շատ քայլել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել