Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿՈՂ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 07,2009 00:00

Անշուշտ, պետության հզորությունը կախված է բազում գործոններից։ Սակայն, երբ այդ հզորության գնահատումն ինքնանպատակ չէ, այլ արվում է համեմատություն կատարելու համար, կարեւորվում է այն թվային արժեքով ներկայացնելու անհրաժեշտությունը։ Դա էլ իր հերթին առաջ է բերում այդ գործոններն օպտիմալ մոդելավորող բանաձեւում միավորելու անհրաժեշտություն։

Դեռեւս 90-ականներին, ներկայիս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշում էր ամերիկացի հետազոտողների կողմից գտնված նման մի բանաձեւի մասին, ուր տեղ գտած փոփոխականները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջին խումբը միարժեք է` պետության տարածք, բնակչության քանակ եւ միջին տարիք: Փոփոխականների երկրորդ խումբն անմիջական կապ ունի լեգիտիմության հետ։ Նախ` դա երկրի իշխանությունների ունեցած քաղաքական եւ տնտեսական ծրագրի (կուրսի) որակի գնահատականն է։ Հաջորդը` հասարակության համաձայնությունն է այդ ծրագրին։ Եվ, վերջապես, այդ ծրագրերն իրագործելու իշխանությունների ունակությունը։

Արցախյան գոյամարտն ապացուցեց այդ բանաձեւում ամրագրված մոտեցման արդարացիությունը: Հայաստանից մոտ երեք անգամ ավելի տարածք ու բնակչություն ունեցող Ադրբեջանը կա՛մ չուներ արժեք ներկայացնող ծրագիր, կա՛մ այդ ծրագիրը զուրկ էր հասարակական աջակցությունից, կա՛մ իշխանություններն ի վիճակի չէին այն իրականացնել։ Անկախ այն բանից, թե կոնկրետ որ գործոնն էր զրոյական, զրոյի վրա բազմապատկման օրենքով, արտադրյալը կազմեց զրո: Այնտեղ երկու անգամ տեղի ունեցած իշխանափոխությունների արդյունքում մենք տարանք ռազմական հաղթանակ։

Այլ է, սակայն, իրողությունն այսօր։ Ադրբեջանն անշեղորեն իրականացնում է տարածաշրջանային գործոնի վերածվելու ծրագիր, ու հանուն այդ ծրագրի՝ ադրբեջանցիները հանդուրժում են իրենց երկրի խաների ժառանգական իշխանությունը, գործնականում հավանություն տալիս ռազմատենչ ճառաբանությանը։ Մինչդեռ մեզանում անգամ սոցիոլոգիան ու ընտրական համակարգը վիրավորող պրոֆեսիոնալները չեն կարողանա բացատրել, թե որն է մեր երկրի այսօրվա կուրսը։ Հայի ինքնության վերասահմանման, ֆինանսական Նյու-Վասյուկիի գեղեցիկ գաղափարների, հայ-իրանական երկաթգծի կամ անգամ փողոցային երթեւեկության կարգավորման վճռականության ցույցերի ետեւից երեւում են չեկիստա-գեղացիական համակարգի ականջները. քաղբանտարկյալներ ու մշտապես ծափահարող նոմենկլատուրային «ինծիլիգենցիա», կին ու երեխա ծեծող սափրագլուխներ եւ հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների առաջ փակվող մայրաքաղաքի դարպասներ, ծնարաններում արնաքամվող ազգային հարստություն եւ ոստիկանության պատուհանից մարդկանց դուրս նետելու պրակտիկա, ամայացող գյուղեր ու հանուն դիմազրկող էլիտարացման տեղահանվող բնակիչներ, մարտի 1 ու «շնորհակալություն ռուսաց թագավորին»։ Շարքն անվերջ է։

Եվ թող հիմա ասեն, սա՞ է, արդյոք, մեր երկրի ծրագիրը, ու եթե՝ այո, արդյո՞ք զրո չէ դրա արժեքը։ Համաձա՞յն է մեր հասարակությունն այդ ծրագրին։ Ունա՞կ է, արդյոք, այսօրվա իշխանությունն իրականացնել որեւէ ծրագիր։ Իսկ եթե այսքանից հետո որեւէ մեկի երեւակայությունը կբավարարի, թող համեմատի այս ամենն Ադրբեջանի եւ մյուս հարեւանների հետ։ Ի՞նչ ամրության պաշարով ենք դիմագրավելու օրեցօր սաստկացող տարածաշրջանային (այդ թվում՝ նաեւ արցախյան) մարտահրավերներին։

Սթափվելու ժամանակը վաղուց էր եկել. եկել էր դեռ երեկ, տասը տարի առաջ։ Ձերբազատվել է պետք ինքնանպատակ միասնականություն ուրվականից, քանի դեռ միասնաբար մինչեւ վերջ չենք թաղվել մութ միջնադարի ճահճում։ Հաղթանակող լեգիտիմությունն այլընտրանք չունի, ինչպես այլընտրանք չունի դրան հասնելու ճանապարհը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել