Լրահոս
Օրվա լրահոսը

Զգոն լինենք

Օգոստոս 11,2009 00:00

ԱԺՄ նախագահին հակադարձում է ՀԱՍԿ նախագահը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե Ադրբեջանը չի համարձակվի Հայաստանի դեմ պատերազմ սկսել, ավելին, այդ երկիրը պատրաստ էլ չէ պատերազմական գործողություններ սկսելու՝ քաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք է տվել: Երեկ այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, մասնագիտությամբ պատմաբան Մովսես Շահվերդյանը հարկ համարեց պարոն Մանուկյանին եւ նրա թեզի կողմնակիցներին մեկ անգամ եւս հիշեցնել հայ ժողովրդի պատմությունը. «Զուգահեռները, ցավոք, շատ են՝ անցյալ դարասկզբին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած դեպքերը, Արեւելյան Հայաստանի Հանրապետության 1918-20թթ. իրադարձությունները եւ այլն: 1920թ. մայիսի 28-ին՝ Անկախության օրը, Երեւանի հրապարակներից մեկում այն ժամանակվա կառավարությունը զորահանդես էր անցկացրել եւ ներկայացրել անգլիական հագուստով ու սպառազինությամբ հայկական բանակը, ըստ զորահանդեսին ներկա պաշտոնյաների՝ տարածաշրջանի ամենահզոր բանակը: Ընդամենն ամիսներ հետո, այդ «ամենահզոր» բանակն առանց որեւէ լուրջ դիմադրության Սարիղամիշից- Ալեքսանդրապոլ ընկած ողջ տարածքը հանձնեց թուրքական բաշիբոզուկներին»: Պատմական այս փաստերը հիշեցնելով, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ հուսալքություն կամ խուճապ առաջացնելու նպատակ չունի, այլ՝ «որպեսզի չկորցնենք մեր զգոնությունը եւ հաշվենկատ լինենք նման լուրջ հարցերում: Ոչ ոք չի կարող ասել, թե պատերազմը ե՞րբ եւ ինչպե՞ս կսկսվի: Հիմա 1990-ականների խառնակ ժամանակները չեն, եւ ներկայիս պատերազմը կլինի որոշակի ուժերի կողմից կարգավորվող եւ ղեկավարվող: Եթե պետք լինի, Ադրբեջանին կասեն՝ ինչպես սկսել եւ ինչպես ավարտել»: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, ըստ Մ. Շահվերդյանի, մեզ պետք է հուշի, որ ինչ-որ խմորումներ գնացել են եւ համաձայնություններն էլ չեն բացառվում՝ «եւ եթե մեր, երբեմն նույնիսկ շատ սուբյեկտիվ կարծիքով, մեր ամենահավատարիմ դաշնակից եւ հովանավոր Ռուսաստանը հանկարծ որոշի, որ ԼՂՀ հարցի լուծման ինչ-որ տարբերակ է իրենց ձեռք տալիս՝ մեր երկրի ղեկավարությունը պետք է պատասխան ունենա»: Այս համատեքստում, ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական վերջին շրջանի մերձեցումները մեր զրուցակցին շատ են մտահոգում՝ նկատի ունենալով ռուս-թուրքական բոլոր մերձեցումները, որոնց արդյունքում Հայաստանի շահերը առեւտրի հարմար առարկա են դարձել այդ գերտերությունների միջեւ: Ուստի, նա առաջարկում է իրատես լինել եւ պատրաստվել ցանկացած տարբերակի:

Իսկ թե ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանի նման հարուստ քաղաքական անցյալ ունեցող մարդը այսօր նման հայտարարություններ անում՝ «Առավոտի» հարցին ՀԱՍԿ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նա հայտարարություն անում է նրա համար, որպեսզի ցույց տա, որ դա համապատասխանում է իրականությանը: Ցավոք, մեր քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր գործիչներից շատերը խոսում են ոչ թե իրականությունից ելնելով, այլ՝ մյուս գործիչների հետ իրենց անձնական հարաբերություններից կամ կուսակցական կոնյունկտուրայի խնդիրներից ելնելով: Վազգեն Մանուկյանը երկու տարի առաջ կանե՞ր նման հայտարարություն: Ի դեպ, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը եւ դրան հաջորդեց մեզ պարտադրված պատերազմը, այդ ժամանակ էլ երբեք բարձրաձայն չխոսվեց, որ հնարավոր են պատերազմական զարգացումներ, այդ ժամանակ էլ էր ասվում, որ Ադրբեջանը չի համարձակվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31