Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցիկ, ուժեղ եւ գեղագետ

Օգոստոս 11,2009 00:00

Գեղանկարիչ, մարզիկ եւ մոդել Ստեփան Ավթանդիլյանը հայտնվել է Universe Model 2009 մրցույթի 10-նյակում:

«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր հայաստանցի թոփ-մոդել Արտակ Բաղդասարյանի՝ Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան 9-րդ առաջնությունում շահած Գրան պրիի ու ոսկե մեդալի մասին: Շուրջ 10 տարի անց Դոմինիկյան Հանրապետությունում երկրորդ հայ տղամարդն է հաջողությունների հասնում: Խոսքը մասնագիտությամբ գեղանկարիչ, մարզիկ եւ մոդել Ստեփան Ավթանդիլյանի մասին է, որը վերջերս մասնակցելով Mister Universe Model 2009 մրցույթին, հայտնվել է 10-նյակում:

Մեզանում չկան հստակ պատկերացումներ միջազգային նման մրցույթներում տղամարդկանց մասնակցության մասին, անգամ՝ որոշ շրջանակներում ձեւավորվել է, եթե չասենք արհամարհական վերաբերմունք, ապա գոնե անտարբերություն: Ամեն դեպքում հաճելի է, որ հայ տղամարդը թոթափելով որոշակի բարդույթներ, հայտ է ներկայացնում նման մրցույթների մասնակցության:

Ս. Ավթանդիլյանի հետ հանդիպման նպատակն էր՝ պարզել որոշ մանրամասներ, օրինակ՝ ի՞նչ չափանիշներ են անհրաժեշտ «տղամարդկային» մոդելային մրցույթներին մասնակցելու համար: Ստեփանը, որը, ի դեպ, Հայաստանի արմռեսթլինգի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ եւ պատրաստվում է այս տարվա սեպտեմբերին Իտալիայում կայանալիք արմռեսթլինգի աշխարհի առաջնությանը, պատմեց, որ տղամարդ մոդելների պարագայում հիմնական ուշադրությունը դարձվում է կազմվածքին: Նա հայտնեց, որ այս մրցույթին հայտ ներկայացրած 50 երկրի մասնակիցներից ընտրվել էր 24-ը:

Նրա ներկայացմամբ, տղամարդիկ, ի տարբերություն գեղեցկուհիների, բեմ են բարձրանում ազգային տարազով, կոստյումով, լողազգեստով եւ այն հանդերձանքով, ինչով մասնակիցն իրեն զգում է «սեփական ափսեում»:

«Առավոտի» հարցին՝ ի վերջո ինքը մոդելայի՞ն, թե՞ սպորտային ոլորտում է լավ զգում, Ս. Ավթանդիլյանն ասաց. «Օրինակ, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Բեքհեմը կամ առաջին մասնագիտությամբ մոդել Շվարցենեգերը ու շատ ուրիշներ մեծ ճանաչում են ձեռք բերել հենց հեղինակավոր ամսագրերի շապիկներին երեւալու արդյունքում: Իմ նպատակն էլ է նախ ճանաչվելը, հետո, ինչ խոսք, նաեւ այդ ճանապարհով գումար վաստակելը: Ցավոք, արտերկրյա մոդելների հետ չենք կարող համեմատվել: Օրինակ, ԱՄՆ-ում մեկ ֆոտոսեսիայի համար մոդելը ստանում է շուրջ 30000 դոլար, իսկ Հայաստանում հոնորարները սկսվում են 100 դոլարից, կոնկրետ իմ դեպքում՝ 1000-ից»:

Ս. Ավթանդիլյանը պատմեց, որ 2007թ. իր հիմնադրած «One» ամսագիրը՝ նախատեսված տղամարդկանց համար, ընդամենը 3 համար է թողարկել, որոնցում տեղ են գտել նաեւ իր լուսանկարները: Մեր զրուցակիցն ափսոսում է, որ «տղամարդկային» ամսագրերը Հայաստանում «չեն աշխատում», TV-ներն ու թերթերն էլ ուժեղ սեռի ներկայացուցիչներին համարյա չեն անդրադառնում:

Կրկին դառնալով Դոմինիկյան Հանրապետությունում կայացած մրցույթին, նա ասաց, որ նյույորքցի մի գործակալի կողմից որպես մոդել հրավեր է ստացել ԱՄՆ-ում աշխատելու, եւ պատրաստվում է դա իրականացնել արմռեսթլինգի աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31