Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՄ ԻՆՏԻՄ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ»

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Չի թաքցնում Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գեւորգյանը

Համազգային թատրոնի շնորհալի դերասան Վարշամ Գեւորգյանին շատերը ճանաչում են հատկապես «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից: Շատ դերասաններ տեսախցիկի առջեւ լարվում են, քանի որ սովոր են բեմական տարածությանը: Այս առումով՝ Վարշամն այն երջանիկներից է, որ մինչ հայկական արտադրության առաջին սերիալում հայտնվելը, տարբեր առիթներով «շփվել» է տեսախցիկի հետ ու բնավ չի «խրտնում»:

Վ. Գեւորգյանը հավաստիացնում է, որ այսօր էլ շատ առաջարկներ է ստանում «սերիալական», բայց առայժմ դադար է հայտարարել, քանի որ հետաքրքիր դեր դեռ չի առաջարկվել:

Դերասանն ասում է նաեւ, որ սերիալը երբեք իր համար փող աշխատելու միջոց չի եղել, չնայած սերիալի հանդեպ միշտ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել:

Ի դեպ, դերերի հարցում Վարշամը քմահաճ չէ, բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ հրաժարվում է: «Վախենում եմ կրկնվել: Պատահում է, այս կամ այն հերոսը իրար շատ նման են լինում»,- պատմում է զրուցակիցս:

Այն հարցին՝ իսկ ի՞նչ տեսարաններում կհրաժարվեր նկարահանվել, Վարշամն այսպես պատասխանեց. «Հավանաբար, նկատի ունեք ինտի՞մ տեսարանները… Սկզբունքորեն երբեք դեմ չեմ դրանց՝ պայմանով, որ եթե նմանատիպ տեսարան է նկարվում, դա պիտի անի պրոֆեսիոնալ ռեժիսորը: Այլապես, ինքներդ եք հասկանում, ամեն ինչ շատ գռեհիկ կլինի եւ գուցե այն անգամ նմանվի պոռնոֆիլմի (ժպտում է- Վ. Մ.)»,- ասում է Վարշամը ու խոստովանում, որ տեսախցիկի առջեւ հանգիստ կմերկանա, թեեւ նման առաջարկ դեռ չի ստացել:

Նշենք, որ Վարշամը ամուսնացած է, ունի որդի: Կինը իտալերենի մասնագետ է եւ ամուսնու «սերիալային» պաչիկ-պուչիկներին սովոր մարդ: Խանդի տեսարաններ նրանց մոտ հազվադեպ են գրանցվում, ամեն դեպքում՝ այդպես է ասում Վարշամը:

Դերասանի միակ քննադատը մասնագիտությամբ ինժեներ հայրն է: «Հորս խոսքը ինձ համար շատ կարեւոր է: Ծնողներս միշտ գալիս են ներկայացման առաջնախաղին»,- շարունակում է պատմել Վարշամը:

Էկրաններից ճանաչված լինելու գաղափարը դերասանին ոգեւորում է, եւ նա ամենեւին էլ չի թաքցնում իր ուրախությունը, երբ դրսում մոտենում են անծանոթ մարդիկ՝ լուսանկարվում, ողջագուրվում, ինքնագիր խնդրում… Պարզեցինք նաեւ, որ Վարշամը ժամանակին երազել է հանդիպել հանրաճանաչ «Սանտա-Բարբարա» սերիալի հերոսներին, սիրահար, արկածախնդիր զույգ Կրուզին եւ Իդենին: Այդ սերիալին Վարշամը հետեւել է «մութ ու ցուրտ» տարիներին, ավտոմեքենայի մարտկոցից միացվող հեռուստացույցով: Ներկա պահին հեռուստացույց եւ մասնավորապես սերիալ՝ քիչ է նայում:

Հարցրինք՝ իր դերերը «տեղայնացնո՞ւմ» է իրական կյանքում, մանավանդ գաղտնիք չէ, որ շատ դերասաններ խոսում են իրենց հերոսների բառերով, ընդօրինակում են շարժուձեւը… Վարշամն ասաց, որ դա իրեն բնորոշ չէ, թեեւ ոմանք մի ժամանակ նկատել էին, որ երիտասարդը բեմից կյանք էր տեղափոխել կերտած կերպարներից մեկին՝ «Մորաքույրը Փարիզից» պիեսի հերոսին:

«Ոչ, պարզապես այդ հերոսը շատ մոտ էր իմ խառնվածքին, ինչ-որ տեղ էլ նման էր ինձ»,- ժպտալով պարզաբանում է մեր զրուցակիցը ու փորձում շրջանցել մասնագիտական խանդի ու նախանձի մասին հարցը: «Պատահում է, որ իմ մեջ էլ է արթնանում նախանձ կոչվածը, թեեւ ավելի ճիշտ կլինի այն անվանել մրցակցություն: Կարծում եմ, առողջ մրցակցությունը վատ բան չէ»,- համոզում է Վարշամը ու այդպես էլ չի բարձրաձայնում, թե ո՞ւմ է այս պահին նախանձում:

Մեր զրույցի վերջում Վարշամը տեղեկացրեց, որ օրվա գրաֆիկը գերհագեցած է. Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մասնակցում է փորձերի (այնտեղ Արմեն Էլբակյանը բեմադրում է «Մուսա լեռան 40 օրը»), սպասում է Համազգայինում նոր թատերաշրջանի բացմանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել