Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՃՈՎ

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը վերանայե՞լ է Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններն անարձագանք թողնելու մոտեցումը:

ԵԽԽՎ-ն երեկ երեկոյան վերջապես ընտրեց Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար՝ 59-ամյա նորվեգացի Թորբյորն Յագլանդին, որն ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 165 ձայն, իսկ նրա մրցակից լեհ Վլոդզիմեժ Չիմոշեւիչը՝ 80 ձայն: Ըստ «Ռեգնումի»՝ քվեարկությունից առաջ լեհական պատվիրակները միացել էին այն նախաձեռնությանը, ըստ որի՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում պետք է զրկվի ձայնի իրավունքից, թեեւ ՌԴ-ն պաշտպանում էր Չիմոշեւիչի թեկնածությունը: Լեհ պատվիրակների պատճառաբանությունն է, որ եթե չմիանային այդ նախաձեռնությանը՝ Չիմոշեւիչը կկորցներ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մերձբալթյան երկրների պատվիրակների ձայները:

Երեկ առավոտյան ԵԽԽՎ նիստում հյուրընկալվել էր ԵԽ նախարարների կոմիտեի գործող նախագահ, Սլովենիայի արտաքին գործող նախագահ Սամուել Զբոգարը, որին Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին հարց ուղղեց, թե ինչու է ԵԽ-ի կողմից կիրառվում կրկնակի չափանիշներ. «Այս նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը քննարկում է ՌԴ պատվիրակությանը մանդատներից զրկելու հարցը: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն այդքան հանդուրժող Հայաստանի պատվիրակության հանդեպ, երբ այդ երկիրը 15 տարուց ավելին օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը: Ո՞րն է տարբերությունը 1 մլն ադրբեջանցիների տառապանքների եւ այլ ազգության ու դավանանքի փախստականների ու տեղահանվածների միջեւ»: Սամուել Զբոգարն ի պատասխան ասաց, թե չի կարծում, որ ԵԽ-ն առաջնորդվում է կրկնակի չափանիշներով, եւ հիշեցրեց, թե ԵԱՀԿ-ն է զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով. «Եվ մենք հուսով ենք, որ շուտով լուծում կգտնվի: Վերջերս Նյու Յորքում քննարկումներ եմ ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, եւ հուսով եմ, որ ընթացող քննարկումները կհանգեցնեն ԼՂ խնդրի հանգուցալուծմանը: Բոլորն են գիտակցում խնդրի կարեւորությունը, բայց միայն այն պատճառով, որ այդ մասին այս պահին չենք խոսում՝ չի նշանակում, թե մենք երկակի չափանիշներ ունենք»:

Իր գործընկերոջ հարցը շարունակեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մեկ այլ պատվիրակ՝ Գանիրա Փաշաեւան, դարձյալ հետաքրքրվելով. «Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն այսքան հանդուրժել Հայաստանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները: Ինչո՞ւ ԵԽ-ն չի գործածում իր մեխանիզմները, որ ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ հեռանալու Ադրբեջանի օկուպացված տարածքներից եւ տեղահանվածներին թույլ տալու վերադառնալ իրենց հայրենիք»: ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարն էլ ի պատասխան դարձյալ ընդգծեց. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական է եւ քաղաքական լուծում պետք է ստանա երկու պետությունների շնորհիվ՝ ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի միջնորդական աջակցությամբ: Ես չեմ կարծում, որ ԵԽ-ն դերակատարություն ունի քաղաքական լուծում գտնելու գործընթացում, բայց կկատարի իր դերը՝ վերահսկելու մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում»:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր այն հարցը, թե ինտերնետն ինչպես է բացասաբար ազդում երեխաների վրա՝ Ադրբեջանին մտադիր էր անդրադառնալ նաեւ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, սակայն ելույթի համար նրա հերթը չհասավ: Ընդունված կարգի համաձայն՝ այն կհրապարակվի նիստի արձանագրության հավելվածում: Այս ելույթում նա մասնավորապես նշել է. «Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է թողնել ինտերնետի անկառավարելի եւ վտանգավոր տեղեկատվական հոսքը անչափահասի՝ նոր-նոր ձեւավորվող անհատականության վրա»: Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ուշադրությունն է հրավիրել «ինտերնետի վնասակար «ինտերվենցիայի» եւս մեկ տարատեսակի վրա, որը ոչ պակաս վտանգավոր է անչափահասի դաստիարակության եւ ձեւավորման համար, որքան պոռնոգրաֆիայի եւ դաժանության վտանգավորությունը։ Խոսքը քսենոֆոբիայի մասին է, որը լայնորեն տարածվում է ինտերնետ ցանցերի միջոցով։ Օրինակ, երբ բացում ես ադրբեջանական ինտերնետ կայքեր, ապա այնտեղից հորդում է այնպիսի հայատյացություն, որ, վստահեցնում եմ ձեզ, նման «գրոհի» ենթարկվող ցանկացած անչափահաս իրապես կարող է ընկնել քսենոֆոբիայի վտանգավոր եւ կործանարար թակարդը։ Հայատյացության, Ադրբեջանի կողմից հետեւողականորեն պրոպագանդվող  պատերազմի, թշնամանքի քարոզի ազդեցության տակ ընկնելու ռիսկային խմբում, այո, հենց անչափահասներն են, որոնք ամեն օր ենթարկվում են հայատյացության քարոզի գերդոզայի, որն ուղղակի հորդում է մեր հարեւան երկրի ինտերնետ տիրույթից։ Ընդ որում՝ «արմենոֆոբիայի» տարածողները Ադրբեջանի իշխանության առաջին դեմքերն են։ Տարածվող այդ «արմենոֆոբիայի» ուղղակի հետեւանք է նաեւ ադրբեջանցի հակերների կողմից հայկական կայքերի հանդեպ պարբերական գրոհը»։

Մեր պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչը դեռ օրեր առաջ էր ԵԽԽՎ պատվիրակներին ուղարկել «Ադրբեջան. արմենոֆոբիայի քաղաքականություն» վերնագրով նյութեր, որտեղ ի մի են բերված ադրբեջանցի պետական գործիչների հայատյաց հայտարարությունները՝ առանց մեկնաբանությունների։ Իսկ սեպտեմբերի 28-ին արդեն Եվրոպայի խորհրդի պալատում է բաժանել այդ հավաքածուի տպագիր տարբերակը, նյութեր Խոջալուի, ԼՂ հակամարտության իրավական հիմքերի վերաբերյալ, նաեւ «Հանցագործություն առանց պատժի» անվանումով փաստերով լեցուն մի DVD, որը պատրաստել է ԼՂՀ արտգործնախարարությունը։ Ի դեպ, այս նյութերում մեջբերումներ կան ոչ միայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններից, այլ նաեւ ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Աքշին Մեխտիեւի խոսքից, որը 2004-ին՝ ըստ «Զերկալո» պարբերականի՝ ասել էր. «Խորհուրդ չեմ տալիս հայերին քնել հանգիստ, քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։ Որովհետեւ բուդապեշտյան միջադեպերի կրկնությունը  չի բացառվում»։ Նաիրա Զոհրաբյանը մտադիր էր այս մեջբերումն անել նաեւ ԵԽԽՎ ամբիոնից՝ հիշեցնելով, որ խոսքը 2004-ին Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասին էր, որին քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը։

Երեկ մեր հեռախոսազրույցի ընթացքում Նաիրա Զոհրաբյանին հիշեցրինք, թե որպես կանոն՝ մեր պատվիրակությունը ձեռնպահ էր մնում Ադրբեջանի պատվիրակներին արձագանքելուց, եւ հետաքրքրվեցինք, թե իր այս քայլերն արդյոք նշանակո՞ւմ են, թե փոխվել է այդ մոտեցումը: «Սա, իհարկե, իմ անձնական նախաձեռնությունն է,- ասաց տիկին Զոհրաբյանը:- Բայց չեմ կարծում, թե պատվիրակությունը դեմ լիներ իմ այս գործունեությանը: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պատվիրակներին պետք է պատասխանել իրենց իսկ ոգով, որպեսզի հասկանան, որ եթե այդ մարտավարությունն են որդեգրում, ապա այն շատ ավելի հուժկու կերպով կարող է շրջվել իրենց դեմ: Իրենք անընդհա՛տ պետք է զգան բումերանգի ազդեցությունը»:

Հ. Գ. Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանի բաժանած քարոզչական նյութերի կապակցությամբ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը փորձել է բացատրություններ ստանալ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից, եւ վերջինս ի պատասխան հիշեցրել է Նյուտոնի օրենքը, թե յուրաքանչյուր ուժ ունի իր հակաուժը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել