Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյանքը թույլի վերջին զենքն է»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Այսպես է կարծում դաշնակցական Վահան Հովհաննիսյանը

\"\"«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Նույնիսկ ստորագրումը մեզ չի հուսահատեցնելու. մենք փորձելու ենք ցանկացած գնով կանխել հետագա բոլոր այն զարգացումները, որոնք ուղղակի վտանգում են Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության իրավունքները եւ շահերը»։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախաստորագրված արձանագրությունների քննարկման վեց շաբաթներում փոխանակ անցկացվեին լուրջ բանավեճեր, հնչեցին հայհոյանքներ. «Հնչեցին տարբեր անվայել արտահայտություններ, ցավոք, պատասխանը նույնպես եղավ հայհոյախառն: Դուք շատ լավ գիտեք՝ ով սկսեց առաջինը հայհոյել, ով առաջինը օգտագործեց տականք բառը (Գալուստ Սահակյանը- Մ. Ե.): Հայհոյանքները որպես մեթոդ կիրառում են նրանք, ովքեր փաստարկ չունեն: Հայհոյանքը թույլի վերջին զենքն է»: Վ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հենց սկզբից հայտարարել է, որ լինելու է նոր որակի ընդդիմություն. «Ընդդիմություն, որի համար հայհոյանքը, ատելությունը, հասարակության պառակտումը, բաժանարար սահմանների գծումն անընդունելի ոճ է: Մեր երկրում քաղաքակիրթ ընդդիմության ընկալում չկա: Դա է պատճառը, որ ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկը՝ Ռազմիկ Զոհրաբյանը, հայտարարում է, թե ՀԱԿ-ը ավելի ազդեցիկ եւ լուրջ ուժ է, քան Դաշնակցությունը եւ նրա գաղափարների շուրջ համախմբվող ուժերը: Իհարկե, նրան այդպես պետք է թվա, որովհետեւ նա ուրիշ ոճ չի պատկերացնում, բացի ուշունցից: Այդ ոճի մեջ նրա համար ավելի կոմֆորտային է որպես ընդդիմություն ունենալ Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ սրանք մոր, հոր հասցեին բան կասեն, եւ ամեն ինչ լավ է, իրենք սովոր են, իրենց ոճի մեջ է: Մենք այս ոճի մեջ չենք կարող: Ես համարում եմ, որ այդ տեսակ այլանդակ արտահայտություններն անթույլատրելի են»,- հայտարարեց նա: Պարոն Հովհաննիսյանը պատկերավոր զուգահեռ անցկացրեց ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ, երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ չեն պահանջում իշխանափոխություն՝ ի տարբերություն ՀԱԿ-ի: Ըստ նրա՝ ՀԱԿ-ը եւս տեսնում է, որ այնտեղ, ուր ուզում է գնալ Սերժ Սարգսյանը, դեմը փոս է, եւ ուրախանում է, սպասելով, թե երբ է ընկնելու փոսը, որ վրայով գա իշխանության: Իսկ ՀՅԴ-ն՝ հակառակը, զգուշացնում է, որ դեմը փոս է, պետք չէ առաջ գնալ, այլ՝ կանգնել եւ զգուշանալ. «Իհարկե, կան ուժեր, որոնց հիմնական նպատակն իշխանափոխությունն է. մնացածի վրա նրանք թքած ունեն, եւ դրան հասնելու համար կարող են որպես միջոց օգտագործել ե՛ւ հայ-թուրքական արձանագրությունների, ե՛ւ ԼՂ, ե՛ւ ժողովրդի ծանր սոցիալական վիճակի հարցը։ Ամբողջ խնդիրն այստեղ պատճառահետեւանքային կապն է»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ԱԱԽ-ն միաձայն կողմ է արտահայտվել արձանագրությունների ստորագրմանը: Հարցին՝ ի՞նչ գին է վճարելու Սերժ Սարգսյանը, տիկին Բիշարյանը պատասխանեց այսպես. «Ես չեմ տեսնում այդպիսի խնդիր, որի համար մենք պետք է վճարենք, այս գործընթացը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից: Իհարկե, երկրի նախագահը պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք սատարում եւ աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ հավերժ թշնամիներ չեն լինում, եւ պրոբլեմների դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ գտնել դրանց լուծման ուղիները, ինչը փորձում է անել Սերժ Սարգսյանը: «Ա1+»-ի հարցին՝ ի՞նչ գին է վճարելու Սերժ Սարգսյանը նախաստորագրված արձանագրությունների դիմաց, ինչպես ինքն էր խոստացել, պարոն Մարգարյանն ասաց. «Գինը լինելու է հայ ազգի ապագան, մեր ժողովրդի ապագան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել