Լրահոս
Օրվա լրահոսը

Ումի՞ց է հիասթափվել «գրտնակով» տանտիկինը

Նոյեմբեր 10,2009 00:00

«Բիլայնի» գովազդում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հակագովազդն են անում

«Փաթեթները գայթակղում են շահավետ սակագներով ցանցի ներսում եւ հիասթափեցնում այդ ցանցից դուրս զանգերի գներով: Դուք գնում եք փաթեթ, որովհետեւ զանգերի գները փաթեթի ներսում շատ էժան են, եւ զայրանում եք, երբ հասկանում եք, որ զանգերը փաթեթից դուրս չափազանց թանկ են: Իսկ մեզ մոտ՝ նոր «Քեզ համար էքսկլյուզիվ» փաթեթում ամեն ինչ հրաշալի է եւ բացառիկ: Ավելի լավ չի լինում»: Արդեն մեկ ամիս է՝ բջջային օպերատոր «Բիլայն» ընկերությունը հեռուստատեսությամբ ամեն օր այս գովազդն է անում: Նշենք, որ «Գովազդի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է՝ օգտագործելով մրցակիցներին, ինչպես նաեւ արտադրվող եւ իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ անձանց եւ ապրանքների հետ անհարկի համեմատությունները: Լվացքի փոշիների գովազդում մրցակիցների փոշու տուփի վրա գրում են «սովորական» փոշի ու ինչքան վատ հատկություն կա՝ վերագրում են դրան, բայց քանի որ լվացքի փոշիների շուկան լայն է, մասնակիցներն էլ՝ շատ, որեւէ ընկերություն այդ անհարկի համեմատությունն իր վրա չի վերցնում ու դա խախտում չի համարվում: Իսկ բջջային կապի շուկայի մասնակիցները 3-ն են: Հաշվի առնելով, որ «Օրանժ-Արմենիան» նոր-նոր է մտել դաշտ, դժվար չէ հասկանալ, որ «Բիլայնի» համեմատությունը վերաբերում է իր մրցակից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին: Ավելին, «Բիլայնի» գովազդում ցուցադրվում է, թե ինչպես է խալաթով տանտիկինը զայրանում, երբ հասկանում է, որ ինքը խաբված է եւ զանգերը փաթեթից դուրս անսպասելի թանկ են, նա քիչ է մնում «գրտնակը» տա բջջային ծառայություններ մատուցող ընկերության «գլխին»: Սակայն այդ ժամանակ հոգնած ու հիասթափված տանտիկնոջ տեսարանը փակվում է, գալիս է եդեմային կերպարանքով մի մերկ աղջիկ ու հայտնում, որ «մեզ մոտ բոլորովին այլ սակագներ են գործում»:

Այս առնչությամբ «Բիլայնից» «Առավոտին» պարզաբանել են, որ տվյալ գովազդում իրենք օրենքի որեւէ խախտում չեն տեսնում. «Քեզ համար էքսկլյուզիվ» փաթեթի գովազդային հոլավակում փաթեթի սակագինը համեմատվում է շուկայում գործող թե՛ մեր, թե՛ մրցակիցների սակագների հետ: Շուկայում գործող որեւէ մրցակցի հանդեպ որեւէ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորվել: Համեմատությունը տեղին է, քանի որ մենք չենք թաքցնում առաջարկվող սակագները, եւ գովազդը չի կարող մոլորություն առաջացնել սպառողների մեջ»: Փաստորեն, ընկերությունն էլ չի ժխտում, որ, խոսելով փաթեթից դուրս զանգերի չափազանց թանկ սակագների մասին, իրենք նկատի են ունեցել նաեւ «ՎիվաՍելին», մինչդեռ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացասական որակում՝ մրցակից ընկերության մատուցած ծառայությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ «ՎիվաՍելի» գովազդում 2 էլեկտրիկներ ինչ-որ լար հաջորդաբար 0-ին եւ 9-ին միացնելուց հետո վիճում էին՝ այն միացնեն 1-ի՞ն, թե՞ 3-ին: Կոմբինացիան ստացվում էր 091 եւ 093: Հոլովակում ցուցադրվում էր, որ լարը 1-ին միացնելուց հետո պայթյուն է տեղի ունենում, միացնողը մնում է սեւերես ու եզրակացնում, որ պետք էր 3-ին միանալ: Այս գովազդի հետ կապված «ԱրմենՏելը» բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ու որպես «Գովազդի մասին» օրենքի նույն՝ 6-րդ հոդվածի խախտում, զգուշացրեց ընկերությանը, որ այլեւս չցուցադրի այդ հոլովակը: Թեեւ այդ գովազդում «ՎիվաՍելը» նույնպես կոնկրետ մրցակցի անունը չէր տվել ու պետք էր տողատակին հասկանալ, որ «091»-ը «ԱրմենՏելի» կոդն է ու անհարկի համեմատություն է արվում նրա հետ, «ՎիվաՍելը» շատ կարճ ժամանակահատվածում դադարեցրեց այդ հոլովակի ցուցադրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել