Քանի որ խնամող չունեն
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դադարեցվում է ուսումնական գործունեությունը: Այս որոշումը պայմանավորված էր հանրապետությունում տարածված գրիպի համաճարակով եւ «խոզագրիպով» հիվանդների թվի օրեցօր աճով: Սակայն շատ ծնողներ համոզված են, որ այս որոշումը, բացի այն, որ ձեւական բնույթ է կրում, նաեւ լուրջ խնդիրներ է ստեղծում իրենց համար: Խոսքը հատկապես աշխատող ծնողների մասին է, որոնք իրենց 2.5-3 տարեկան երեխային մանկապարտեզ չտանելով՝ ստիպված են ամեն օր իրենց հետ աշխատանքի տանել, որից երեխայի՝ գրիպով վարակվելու հավանականությունը բացարձակ չի նվազում:
Ծնողներից մեկի խոսքերով՝ «Որքան էլ տնօրենը բարեհամբույր լինի՝ թույլ չի տա ամեն օր երեխա ունեցող մայրիկին աշխատանքի չգալ եւ իր բալիկին խնամել, ինչ է թե՝ չի կարող միառժամանակ նրան մանկապարտեզ տանել: Ես ստիպված երեխայիս ամբողջ օրը հետս տանում եմ ժողովների, կոնֆերանսների ու տարբեր հանդիպումների, որտեղ նույնպես վարակված մարդիկ են լինում: Չեմ կարող անընդհատ խնդրել բարեկամներիս, որ գան ու իմ երեխային խնամեն: Եվ հետո, այսօր բոլոր ընտանիքներում էլ մի գրիպով հիվանդ կա, ում տուն էլ տանեմ երեխայիս, միեւնույն է, նորից հնարավոր է վարակվի: Այսինքն, մանկապարտեզ չտանելով՝ հարցը չի լուծվի»:
Առողջապահության եւ ԿԳ նախարարների որոշումն այնքան հանկարծակի ընդունվեց, որ ծնողները հնարավորություն չունեին գոնե դայակ վարձել՝ իրենց երեխային խնամելու համար: Այսօր լավ դայակ գտնելը բավականին բարդ գործ է, բացի այդ, ընդամենը մի քանի օրվա համար երեխային նման սթրեսի ենթարկել ու անծանոթի մոտ թողնելը՝ ծնողների համար նպատակահարմար չէ: Ծնողներն առաջարկում են, որ առողջապահության, կրթության եւ գիտության նախարարները, նման որոշումներ ընդունելուց առաջ, հաշվի առնեն նաեւ աշխատող ծնողների դրությունը եւ գործատուներին պարտադրեն նման իրավիճակներում արձակուրդ տալ նաեւ փոքր երեխա ունեցող աշխատող մայրերին:


















































