Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսի նախագահից՝ հայ վետերաններին

Դեկտեմբեր 15,2009 00:00

Բելառուսի ազատագրման 65-ամյակի կապակցությամբ այս հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հայրենական պատերազմի 23 մասնակցի պարգեւատրել է շքանշանով, որոնք հանձնելու համար մարզկենտրոն Աշտարակ էին գնացել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն եւ հյուպատոս Դմիտրի Սպրեսովը, տեղեկացանք Արագածոտնի մարզպետարանից:
«Այս տարի լրանում է ֆաշիստական ագրեսիայից մեր երկրի ազատագրման 65-ամյակը: 1941-44 թվականները մեզ համար օկուպացման ծանրագույն տարիներն էին եւ, հավանաբար, ոչ բոլորը գիտեն, որ Հիտլերի ծրագիրն էր իբրեւ պետություն պատմության թատերաբեմից վերացնել Բելառուսը, բնաջնջել նրա ժողովրդին: Այլ ազգերի հետ մեր հողում մարտչել է 33 հազար հայ, ու նաեւ նրանց շնորհիվ է, որ մենք, իսկապես, ազատագրվել ենք: Մեր հողում այսօր բազմաթիվ հայորդիներ են հանգչում: Նրանց ու նաեւ կենդանի մնացածների հանդեպ երախտիքի արտահայտությունն է մեր երկրի նախագահի կողմից այս շքանշանների հանձնումը Բելառուսի համար մարտնչած հայերին, այդ թվում՝ Արագածոտնի մարզի վետերաններին»,- պարգեւատրման ժամանակ հայտարարել է Բելառուսի դեսպանը:
Իսկ թալինցի վետերան Վաչագան Հովհաննիսյանը հայտարարել է. «Մենք չենք ափսոսում մեր նվիրաբերման համար, քանի որ այն ժամանակ էլ շատ լավ գիտակցում էինք, որ այդ կռիվը նաեւ մերն է՝ մեր ժողովրդինը, ու գերմանական սուրը նաեւ մեզ էր սպառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել