Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԱՑՎԵՑ՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Հունվար 26,2010 00:00

\"\"Թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների մասին ասում է մանդատի նախկին հավակնորդ Տիգրան Ուրիխանյանը, իսկ ընտրապայքարի պատրվակով առաջացած Վլադիմիր Կոստանյան-Հմայակ Հովհաննիսյան հակամարտությունը շարունակվում է:

«Կոստանյան Վովան ներողություն է խնդրել՝ ինչպես խոստացել էր, այսինքն՝ իր խոսքի տերը եղավ՝ ձեռք մեկնեց: Դա իմ կողմից գնահատվում է իբրեւ արժանապատիվ քայլ, եւ մեր միջեւ որեւէ խնդիր չկա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում է թիվ 10 ընտրատարածքում մանդատի նախկին հավակնորդ Վլադիմիր Կոստանյանի դիմումի քննությունը, որով վերջինս Հմայակ Հովհաննիսյանին մեղադրել էր իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններ անելու մեջ: Հիշեցնեմ, որ Վլադիմիր Կոստանյանը հայտարարել էր, որ եթե Հմայակ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի օգտին հանի իր թեկնածությունը՝ ինքը հրապարակայնորեն ներողություն կխնդրի, եւ այն բանից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի, Կոստանյանը կյանքի կոչեց իր խոստումը: «Նրանք, ովքեր ձգտում են արհեստականորեն ինչ-որ խնդիրներ ստեղծել, կարծում եմ, կարժանանան հենց իր՝ Կոստանյան Վովայի արժանապատիվ գնահատականին»,- Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի «բոստանը քար գցեց» Հմայակ Հովհաննիսյանը, քանի որ վերջինս «Առավոտին» փոխանցել էր, որ Հմայակ Հովհաննիսյանը քանիցս փորձել է Կոստանյանի հետ հաշտեցման եզրեր գտնել: Վլադիմիր Կոստանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը չի հրաժարվել իր հայցից, ավելին, վերահաստատել է այն, եւ այժմ գործը քննվում է ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի քննչական բաժնում, իսկ ներողություն է խնդրել ոչ թե Հմայակ Հովհաննիսյանից, այլ նրա համար, որ ինքը սխալվել է:

Անդրադառնալով 10-րդ ընտրատարածքում կայացած լրացուցիչ պատգամավորական ընտրություններին եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ այդ տարածքում մանդատի երբեմնի հավակնորդ, Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Բոլորս տեսանք՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցության արդյունքն ինչպիսին էր: Շատ վատն էր: Ընդդիմության՝ այդպիսի կարճ ժամանակահատվածում այդպիսի ահռելի մոբիլիզացիայից հետո՝ այսպիսի խայտառակ պարտությո՞ւն: Ասենք՝ ընտրությունները կեղծված էին, կային ընտրությունների ընթացքի վրա էական ազդեցություն թողնող խախտումներ եւ այլն, բայց թող իրենք ոչ թե 4 հազար, այլ 8 կամ 16 հազար հոգով մասնակցեին ընտրություններին, որ կեղծելն անհնար դառնար: Վերջապես պայքարի հազար ու մի միջոց կա. թող շրջապատեին յուրաքանչյուր տեղամաս, թող ստեղծեին այդ պահանջատիրական մթնոլորտը, զգոնություն առաջացնեին, դա շատ ռեալ է եւ հնարավոր: Անձամբ մի քանի անգամ եւ տարբեր ժամերի անցա Վարդան Մամիկոնյանի արձանին հարող փողոցով եւ տեսա, թե ինչքան մարդ էր հավաքված ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված կուլմինացիոն հանրահավաքին: Ցավոք, շատ քիչ»: «Ազգային միաբանության» ներկայացուցչի «հաղթանակը» մեր զրուցակիցը համարում է օրինաչափ այնքանով, որքանով որ՝ «Տեղի ունեցավ այն, ինչը մեզ մոտ մշտապես տեղի է ունենում՝ անցավ այն մարդը, որը քաղաքականության մեջ մեզանում երբեւէ որեւէ էական դերակատարում չի ունեցել, որեւէ կերպ հայտնի չի եղել, համենայնդեպս՝ այդ ընտրատարածքի մեծամասնության համար: Աշխատեցին բոլոր «ընդունված» տարբերակներով, եւ արդյունքն ակնհայտ է»: Տիգրան Ուրիխանյանը, իր ունեցած ստույգ տեղեկությունների վրա հիմնվելով, մնում է համոզված, որ 10-րդ ընտրատարածքում «դաբրոն», այնուամենայնիվ, տրված էր Հմայակ Հովհաննիսյանին, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան փոխվեց, արդյունքում՝ «Այդ մարդը կարողացավ հաղթանակ տանել, ընդ որում, ձայների ոչ մեծ քանակի առավելությամբ»:

Եթե ստացվի այնպես, որ 10-րդ ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու համար բավարար հիմքեր ներկայացված լինեն Սահմանադրական դատարան, եւ այդ ընտրությունները «մի կախարդական փայտիկով» անվավեր ճանաչվեն ու նոր ընտրություններ նշանակվեն՝ «ես անպայման մասնակցելու եմ այդ ընտրություններին»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել