Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր Գագիկ Ծառուկյանին

Փետրվար 02,2010 00:00

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ դեռ չէր հասցրել շնորհավորել լրագրողների «բոլոր անցած տոները», երբ նրա գլխին հարցերի տարափ տեղաց: Հիմնականում պատասխանները կարճ էին, եւ յուրաքանչյուր պատասխանից հետո պարոն Ծառուկյանն ասում էր՝ «ուրիշ», նկատի ունենալով, թե էլ ի՞նչ հարցեր կան, եւ լրագրողները «ուրիշ» հարցեր էին տալիս: Ամենից հաճախ հնչում էին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրաժարականի եւ նոր նախարարի թեկնածուին վերաբերող հարցեր, եղան հարցեր նաեւ այլ թեմաներով: Հակիրճ ներկայացնենք լրագրողներ-Գագիկ Ծառուկյան երկխոսությունը, որ երեկ տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճի Կարմիր սրահում:
– Ռուբեն Հայրապետյանը ձեզնից ներողություն էր խնդրել:
– Ռուբեն Հայրապետյանը մեր ընկերն է, մեր հարաբերությունները շատ լավ են, որ դուք չխառնվեք, ավելի լավ կլինի:
– Երկար ժամանակ հանրապետությունում չէիք, եւ դրա մասին տարբեր բացատրություններ էին հնչում, դուք ծանո՞թ եք դրանց:
– Ես ծանոթ չեմ, ձեր լրագրողները քնում-վեր են կենում՝ բացատրություններ են հորինում, բայց ես գործով, իրոք, բացակայել եմ երկրից:
– Հովիկ Աբրահամյանը տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, որ իրենց կուսակցությունում առաջարկություն է անելու, որպեսզի գործարարները չընդգրկվեն ցուցակներում եւ չգան Ազգային ժողով, իսկ ԲՀԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում նման հայտարարություններին:
– Մենք այդ հարցին չենք անդրադարձել: Ես մի անգամ ասել եմ. այն մարդը, որը իր երկրում գումարներ է ներդնում, նա մտահոգ է իր երկրի կայացման, զարգացման հարցերում:
– Ակտիվացել են խոսակցությունները Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին:
– Այդ մասին ես տեղյակ չեմ, Ռոբերտ Քոչարյանին գիտեք՝ իր պահվածքով էլ, իր մտածելակերպով էլ, իր աշխատանքով էլ: Եթե այդպիսի բան լինի, ինձ թվում է, առաջինը մենք իրենից կլսենք:
– Ասում են, որ նախարարի հրաժարականի պատճառը փողերի յուրացումն է՝ եւ դուք էլ անձամբ պատժել եք:
– Ես այդպիսի բանի տեղյակ չեմ, նախկին նախարարից հարցրեք, ինքը բարի կլինի, ձեր հարցին կպատասխանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել