Լրահոս
Օրվա լրահոսը

«SAS»-ը զեղչերից պահումներ է անում

Փետրվար 02,2010 00:00 Share

5 տոկոսանոց զեղչի քարտեր ունեցող հաճախորդները դժգոհում են, որ իրականում զեղչն ավելի պակաս չափով է տրամադրվում:

Մայրաքաղաքի սուպերմարկետներում սպառողներին գայթակղելու համար վերջերս շատ տարածված մեթոդ է դարձել զեղչային քարտերի ներդրումը: Որոշակի գումարի չափով գնումներ կատարելիս սպառողին տրամադրվում է քարտ՝ հետագայում մի քանի տոկոս զեղչով գնումներ կատարելու համար: Ճիշտ է, զեղչի տոկոսները շատ ցածր են, հիմնականում՝ 3-5%, սակայն շատ սպառողներ, մանավանդ խոշոր գնումների ժամանակ, գերադասում են օգտվել հատկապես նման սուպերմարկետներից: Թերեւս նրանցից քչերն են պատկերացնում, որ անգամ զեղչի քարտ ունենալու պարագայում, իրենք ապրանքը գնում են խանութի գնով՝ առանց զեղչի, կամ, որ առավել հաճախակի է հանդիպում՝ սահմանված, ասենք, 5 տոկոսանոց զեղչի փոխարեն կիրառվում է 4,5%։ Այս մեթոդը կիրառվում է մասնավորապես «SAS» սուպերմարկետների ցանցում: Դրանում «Առավոտը» համոզվեց՝ ուսումնասիրելով խանութի կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնները։ Այն ապրանքները, որոնց զեղչը կազմում է, ենթադրենք, 4,5 դրամ, զեղչվում են 4 դրամով։ Բոլոր դեպքերում, երբ զեղչված գումարը ամբողջ թիվ չի կազմում, գումարը կլորանում է դեպի ներքեւ՝ ի վնաս գնորդի: Օրինակ՝ վաճառվող 730 դրամանոց թեյ գնելու դեպքում պետք է զեղչվի 36,5 դրամ, սակայն «SAS»-ի տրամադրած ՀԴՄ կտրոնում նշված է, որ այդ ապրանքը զեղչվել է 36 դրամով, իսկ 650 դրամանոց սուրճ գնելու դեպքում պետք է զեղչվեր 32,5 դրամ, սակայն զեղչվել է 32 դրամ։ Այսպես, մեր ձեռքի տակ եղած կտրոնով, որի վրա ֆիքսված է 23 500 դրամի գնում, «SAS»-ը «խնայել» է 6 դրամ։ Նշված գումարը գուցե էական նշանակություն չունի մի քանի հազար դրամ առեւտուր անող գնորդի համար, սակայն նշանակություն ունի «SAS»-ի համար: 5 հազար քաղաքացիներից նման ձեւով գումար պահելու արդյունքում՝ սուպերմարկետն իր եկամուտը ավելացնում է 30 հազար դրամով:
«SAS» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում նախ պնդեց, որ մեր ասածը իրականությանը չի համապատասխանում, իսկ երբ պարոն Մանուկյանին առաջարկեցինք՝ որպես ապացույց միասին ուսումնասիրել մեր ձեռքի տակ եղած առեւտրի կտրոնները, նա փոխեց ամեն ինչ ժխտելու իր «մարտավարությունը», եւ առեւտուր անելու իրենց մեթոդը խիստ բնական համարեց. «Միջազգային պրակտիկայում էլ է ընդունված, որ եթե զեղչված գումարը 0,5-ից ցածր է, ապա ընդհանուր գումարը կլորանում է դեպի ներքեւ, իսկ եթե 0,5-ից բարձր է, ապա՝ դեպի վերեւ, ուստի մենք էլ ենք այդպես վարվում»։ Պարոն Մանուկյանի տեղեկացմամբ, զեղչի քարտ տրամադրվել է մոտ 1000 հաճախորդի:
Նշենք նաեւ, որ սպառողներին զեղչի քարտ տրամադրելիս տեղեկացնում են, որ այն կուտակային է, այսինքն, ինչքան շատ գնումներ կատարեն իրենց սուպերմարկետից՝ այնքան զեղչի չափը կավելանա: Ամիսներ շարունակ «SAS»-ից գնումներ կատարող սպառողները ամեն անգամ պետք է բանուգործ թողած՝ նստեն ու հաշվարկեն ՀԴՄ կտրոնների վրա ֆիքսված գնումների չափն ու սուպերմարկետի կատարած զեղչը, որպեսզի հասկանան, գործո՞ւմ է խոստացված «կուտակայինը», թե՝ ոչ: Գնումներ կատարելիս՝ զեղչի չափը տեղում հնարավոր չէ պարզել, գանձապահները առաջարկում են այն ճշտելու համար դիմել իրենց կենտրոնական գրասենյակ:
Հետաքրքիր է, եթե գանձապահները չգիտեն քանի տոկոսանոց զեղչի քարտ է գնորդի մոտ, ինչպե՞ս են հաշվարկում գանձվող գումարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել