Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի հետ հույս չեն կապում

Փետրվար 02,2010 00:00

\"\"Բաղրամյան 3-րդ նրբանցքի հարեւանությամբ գտնվող պուրակի հաշվին «ՀայՌուսգազարդի» փոխտնօրեն Վարդան Հարությունյանը պատրաստվում է երեք հարկանի առանձնատուն կառուցել, ինչը վրդովեցրել է թաղամասի բնակիչներին, որոնք իրենց ձեռքերով են այնտեղ ծառեր տնկել ու գեղեցիկ պուրակ կառուցել: Նախօրեից կառուցապատողները մոտ 2000 քմ տարածքով պուրակի մի մասում շինաշխատանքներ են սկսել իրականացնել եւ արդեն 17 հաստաբուն ծառ են հատել:
Երեկ բողոքող բնակիչներին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, որպեսզի խնդիրը լսի եւ միասին փորձեն հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ Վարդան Հարությունյանի ձեռքին հայտնվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք իրավունք են տվել նրան ծառեր հատել ու այնտեղ բուռն շինաշխատանքներ ծավալել: Բնակիչների խոսքերով՝ «Հայկ Ասատրյանը կարծես սեփականատիրոջ կողմից լիազորված անձ լիներ, ոչ թե քաղաքապետարանի պաշտոնյա: Փոխանակ ուսումնասիրելու մեր ներկայացրած փաստաթղթերը, նա պնդում էր, որ Վարդանն ունի սեփականության վկայական՝ 183 քմ տարածքով հողամաս տնօրինելու: Նա ոչ մի անօրինական բան չի կատարում, իր սեփական տարածքի վրա կառուցապատում է անում, ինչի իրավունքն ունի»: Ըստ բնակիչների, Հայկ Ասատրյանը մի քանի օր ժամանակ է ուզել՝ բոլոր փաստաթղթերին ծանոթանալու համար, սակայն չի կարողացել խոստանալ, որ այդ մի քանի օրվա ընթացքում գոնե կառուցապատումը ժամանակավորապես կդադարեցնեն, մինչեւ ճշտեն, թե ինչն ինչոց է: Տեսնելով, որ քաղաքապետարանի այդ պաշտոնյային անիմաստ է որեւէ բան ապացուցել, քանի որ նա շարունակ իրենն է պնդում ու անվերապահորեն պաշտպանում ծառահատողին, բնակիչները քաղաքապետարանից դուրս գալուց հետո դիմում-բողոքներ են ուղարկել ՀՀ նախագահին եւ գլխավոր դատախազին. «Մինչ այդ մենք որոշել էինք, որ անպայման հանդիպելու ենք Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, սակայն Հայկ Ասատրյանի զրույցից պարզ դարձավ, որ Գագիկ Բեգլարյանն էլ ոչ մի քայլ չի ձեռնարկի՝ կառուցապատումն արգելելու ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել