Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում հաղթեց տեղեկություն ստանալու իրավունքը

Փետրվար 02,2010 00:00 Share

Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) վճռեց ամբողջությամբ բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ ընդդեմ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել մերժած ողջ տեղեկատվությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչեւ 2009 թ. օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009թ. հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:
ՊՈԱԿ-ից ստացվել էր կես էջանոց պատասխան գրություն՝ առաջարկելով պահանջված տեղեկությունները ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: Պատճառաբանությունն այն էր, թե համաձայն ՀՀ ԱԻ նախարարի հրամանի՝ ՀՀ ԱԻՆ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով: Փաստորեն, ՊՈԱԿ-ն ըստ էության չէր պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը: Եվ 2009թ. սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի դեմ հայց ներկայացրեց դատարան: Դատաքննության ընթացքում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը պնդում էր իրենց մերժման օրինականությունը՝ որպես հիմք նշելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ. թիվ 99-Ա հրամանը: Սակայն, ինչպես պարզվեց դատաքննության ժամանակ, վերոնշյալ հրամանի համաձայն, ՊՈԱԿ-ին ոչ թե պարտադրվում էր հղում անել ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը, այլ տեղեկատվություն տրամադրելու պահանջի դեպքում՝ տեղեկությունների տրամադրումը համաձայնեցնել ԱԻՆ-ի մամուլի ծառայության հետ: Այսինքն՝ սա ըստ էության տեղեկատվության տրամադրման ներքին կարգ սահմանող հանձնարարական էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել