Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ փնտրում են

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"2009 թվականի հոկտեմբերի 30-ին «Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ անձրեւային եղանակի պատճառով քարաթափ է տեղի ունեցել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին, եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Նոյեմբերի 3-ին հրապարակեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պարզաբանումը, ըստ որի՝ «անձրեւի պատճառով Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհից դեպի Գոշավանք տանող հատվածում հարակից ժայռերից քարեր են թափվել: Նշված ավտոճանապարհը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ն արդեն կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքները, սակայն ոչ բոլոր քարերն են հնարավոր եղել հեռացնել: Խնդիրն այն է, որ 3 մեծ ժայռաբեկորները, ծանր լինելու պատճառով, տեխնիկան չի կարողանում տեղափոխել, այն հնարավոր է միայն պայթեցման միջոցով, ինչն էլ մասնագետները անթույլատրելի են համարում՝ չբացառելով ժայռերի փլուզումը: Ներկայումս ճանապարհաշինարարները մշակում են այդ ժայռաբեկորների հեռացման այլ տարբերակներ: Ի դեպ, Գոշավանք տանող ճանապարհը միշտ երթեւեկելի է եղել, իսկ ժայռաբեկորների առկայության մասին կա համապատասխան ցուցանակ»:
Թափված ժայռաբեկորները դեռ տեղում են, ինչն արձանագրել է մեր ֆոտոխցիկը: Իսկ ահա Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը հայտնեց, որ քարերը երկու տարի առաջ են թափվել, դրանք այն ժամանակ ամբողջությամբ ծածկել են ճանապարհը: Գոշեցիները իրենց ուժերով ազատել են ճանապարհի կեսը:
Ճանապարհից օգտվողներն էլ կարծում են, որ եթե պայթեցման եղանակը այս դեպքում կիրառելի չէ, ապա հեռու գնալ էլ պետք չէ. հարկ է հիշել «պապական ձեւերը»՝ աշխատել սեպերով, լինգով եւ գուրզով:
Ամեն տարի «Գոշավանք» պատմաճարտարապետական թանգարան-արգելոց է այցելում 100 հազար զբոսաշրջիկ, մեծ մասը՝ արտասահմանցի: Իսկ կիսափակ ճանապարհը հաստատ չի նպաստում զբոսաշրջության զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել