Պետական միջոցներով բեմադրության ձգձգումը լուրեր, բամբասանքներ եւ բողոքներ է ծնում
Դեռեւս 2009 թվականի հունիսի 10-ին ՀՀ մշակույթի նախարարությունը «Ստեղծագործական պատվերների իրականացում» ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ պայմանագիր կնքեց եւ հատկացրեց 4 միլիոն դրամ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքան» բեմադրելու համար: Բեմադրական ծախսերի համար անմիջապես հատկացվեց 2 միլիոն դրամ, իսկ մնացած գումարը փոխանցվեց սեպտեմբերին: Ըստ նախարարության հետ կնքված պայմանագրի, ներկայացումը հանդիսատեսի դատին պետք է հանձնվեր 2009 թվականի նոյեմբերի 15-ին: Սակայն նոյեմբերին ներկայացման փոխարեն «ծնվեց» թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանի՝ մշակույթի նախարարությանը ուղարկած համաձայնագիրը՝ պայմանագրի երկարաձգման մասին, ըստ որի՝ ներկայացման հանձնումը հետաձգվում է մինչեւ դեկտեմբերի 25-ը: Բայց դեկտեմբերին պետք է նախապատրաստվել Ամանորի ներկայացումներին, ուստի թատրոնի տնօրինությունը եւս մի քանի ամսով կչարաշահի դասական ներկայացմանն սպասող ոչ միայն հանդիսատեսի, այլեւ դերասանների համբերությունը: «Այո, պետք է բեմադրվի, թատրոնում խառնաշփոթ իրավիճակ է տիրում, դերասանների պակաս ու ներքին այլ հարցեր կային, հիմա հանգիստ կարող ենք բեմադրել, հատկապես, երբ «չիտկեն» (տեքստեր կարդալը, սովորելը- Ն. Դ.) արված է»,- ասում է Հովհաննես Չախմախչյանը: Ըստ տնօրենի, տարեվերջին ներկայացումը չհանձնվեց, որովհետեւ կարճ ժամանակահատվածում այդպիսի ներկայացում հանձնելով՝ ծիծաղելի վիճակում կհայտնվեին:
Տնօրենը բեմադրության ուշացման մասին խոսելիս մեկ-մեկ ցուցադրեց կտորեղենի այն տեսականին, որ պիտի օգտագործվի: «Հեշտ չէ մեր պայմաններում կտորեղենի այդ տեսականին գտնել, շատ թանկ են եւ տեսակներ կան, որ բերվել են հատուկ Դուբայից,- նկատեց նա եւ ավելացրեց,- նկարչական ծախսերն էլ շատ մեծ են նախահաշվով նախատեսված 300 հազար դրամից. նույնիսկ նկարիչը չի համաձայնվում միայն այդ գումարի դիմաց աշխատել, իսկ եթե դրան էլ գումարենք ներկերի արժեքը, կտեսնեք, որ ես իրավացի եմ»:
Ըստ սցենարի, բեմն ամբողջությամբ սեւ պիտի ներկվի, իսկ հատակին անապատի ավազի տեսք տվող շատ յուրահատուկ քաթանե կտոր պետք է փռվի: Տնօրենը մի քանի անգամ նշեց, որ գումարները տեղում են, դերասանների նախնական հոնորարները՝ վճարված եւ որեւէ խնդիր չկա ներկայացումը գարնանը հանձնելու համար: Միակ խնդիրը բեմադրիչ Վահե Շահվերդյանի բացակայությունն է. նա, ըստ տնօրենի, ԱՄՆ-ում է, առողջական խնդիր ունի:
Իսկ ձգձգումները տարատեսակ լուրեր են ծնում: Օրինակ, թատրոնի ռեժիսորների եւ դերասանների շրջանում խոսում են, թե մինչ բուժման նպատակով ԱՄՆ մեկնելը Վահե Շահվերդյանը ՌԴ Վորոնեժ քաղաք է տարել թատրոնի ներկայացումներից մեկը, որը վերջին տարիներին թատրոնի խաղացանկից դուրս էր մղվել՝ «այնտեղ գումար աշխատելու հնարավորությունները շատ են»: Թատրոնում չեն մարում նման եւ պետական փողերը մեկի սեփական կամքով ծախսված լինելու մասին խոսակցությունները: Ի պատասխան՝ թատրոնի տնօրենն ասում է, թե պատրաստ է յուրաքանչյուր ծախսած լումայի համար հաշվետվություն տալ:
Հովհաննես Չախմախչյանը չբացառեց, որ հենց դերասաններից կամ բեմադրիչներից ինչ-որ մեկն է լրագրողների շրջանում լուրեր տարածել, թե իբր Վահե Շահվերդյանը արտասահման է գնացել «Լիր արքայի» համար տրամադրված գումարով, եւ որ ներկայացումն այլեւս չի բեմադրվի:
Իսկ թատրոնում կրքերի եւ լարվածության մասին արդեն հայտնի է նաեւ պետական օղակներում, դերասանների մի մասը դիմում-բողոքներ է ուղղել Լոռու մարզպետին, ով այս պահին արձակուրդում է եւ եթե կամենա՝ դեռ կպարզի խնդիրը:
2009-ի վերջին դիմում-բողոքներ ուղարկվել են նաեւ մշակույթի նախարարություն: Հանձնաժողով է եկել, ընդամենը 10 րոպե խոսել է տնօրենի հետ եւ չի ցանկացել լսել բողոքավորներից եւ ոչ մեկին:


















































