Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ, ԲԱՅՑ…

Փետրվար 02,2010 00:00

«Առավոտը» 2009 թվականի հոկտեմբերի 9-ի «Դատարանում գործ ունենք» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի գործադիր տնօրեն Աբգար Գյուլումյանին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը 2009թ. օգոստոսի 7-ի երկու դպրոցների միավորման արդյունքում ազատել էր աշխատանքից, տնօրենն էլ դիմել էր դատարան եւ պահաջել իրեն վերականգնել աշխատանքում: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս ընթացքում դատական նիստը մի քանի անգամ հետաձգվել է: Հունվարի 29-ին ՀՀ վարչական դատարանը լսել է Աբգար Գյուլումյանի հայցը եւ մերժել այն: Միաժամանակ, դատարանը որոշել է պարտավորեցնել Կոտայքի մարզպետարանին՝ տնօրենին փոխհատուցում վճարել հարկադիր պարապուրդի դիմաց՝ աշխատանքից ազատման պահից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Աբգար Գյուլումյանը մտադիր է վճռաբեկ բողոք ներկայացնել, սակայն հետաքրքիր է, որ վարչական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ երկու դպրոցների միավորման արդյունքում մեկի տնօրենին առանց այլ աշխատանք առաջարկելու՝ աշխատանքից ազատել չէր կարելի: Նաեւ արձանագրել է, որ պատասխանողը՝ Կոտայքի մարզպետը չի ներկայացրել ապացույց, որ երկու դպրոցների միավորումը անպայման ենթադրում էր հաստիքների կրճատում: Վարչական դատարանը գտնում է նաեւ, որ Աբգար Գյուլումյանին աշխատանքից ազատելիս մարզպետը չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետը:
Իսկ թե ինչու է այսքանից հետո Կովալենկո Շահգալդյանի որոշումը մնացել ուժի մեջ՝ գիտեն խիստ սահմանափակ թվով մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել