ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանրապետության մի խումբ դպրոցականների հրավիրել էր խորհրդարան եւ հանդիպման ժամանակ հորդորեց լավ սովորել, հայտարարելով, որ ինքն «անգամ այս տարիքում եւ այս պաշտոնում» երբեք չի ամաչել սովորել, եւ «մեծամիտ» որակեց նրանց, ովքեր ունենալով բարձր պաշտոն՝
չեն մտածում սովորելու մասին:
ԱԺ նախագահի որոշմամբ՝ այսուհետեւ յուրաքանչյուր նստաշրջանի առաջին նիստի օրը խորհրդարան կայցելեն ոչ միայն պատգամավորները, այլեւ հանրապետության տարբեր դպրոցների 7-10-րդ դասարանցիներ: Երեկ՝ գարնանային նստաշրջանի առաջին օրը, խորհրդարանի նիստերի դահլիճում ազատ նստարան չկար: Ոչ միայն պատգամավորների մեծամասնությունն էր դահլիճում, այլեւ՝ մի խումբ դպրոցականներ: Վերջիններիս ներկայությունը մի քիչ զգաստացրել էր պատգամավորներին, համենայնդեպս, երբ պատանիները դահլիճում էին, պատգամավորներից ոչ մեկը հարեւանի փոխարեն կոճակ չսեղմեց: Երեխաների ներկայությունը կարծես դաստիարակչական ազդեցություն ունեցավ: Ավելի ուշ պատգամավորներից ոմանք խոստովանեցին, որ իրենց թիկունքում զգում էին երեխաների շունչը եւ փորձում էին ավելի ուշադիր հետեւել իրենց խոսքին եւ շարժումներին:
Աշակերտները մասնակցեցին նաեւ Հովիկ Աբրահամյանի «բաց դասին»: ԱԺ նախագահը երեխաներին ներկայացրեց խորհրդարանը, ասաց, թե ինչ գործառույթներ ունի երկրի օրենսդիր մարմինը եւ բացատրեց, թե ինչով էր պայմանավորված իր այս նախաձեռնությունը. «Կար անջրպետ Ազգային ժողովի եւ հասարակության միջեւ: ԱԺ-ի մասին մեր ժողովուրդը քիչ է տեղեկացված, եւ մենք որոշեցինք փորձել տալ հնարավորություն մեր հանրությանը՝ շփվելու ԱԺ-ի հետ, մասնակցելու աշխատանքներին, կազմակերպել միջոցառումներ, մշակույթի գործիչներին հրավիրել եւ փորձել նաեւ մեր ապագային մասնակից դարձնել ԱԺ-ի աշխատանքին: Նկատի ունեմ ձեզ՝ մեր երիտասարդությանը, մեր աշակերտներին: Որպես մեր պետության ապագա՝ ուզում եմ նույն պատգամն էլ ձեզ փոխանցել, որ դուք այս տարիները իզուր չկորցնեք, սովորեք, շատ գիտելիքներ ձեռք բերեք: Դա շատ կարեւոր կլինի ձեր կյանքում, ձեր ապագայում»:
Աշակերտները շատ հարցեր ունեին եւ շատ ավելի գրագետ եւ խոհեմ էին հարցեր հնչեցնում, քան պատգամավորների ճնշող մեծամասնությունն այդ բանն անում է նիստերի դահլիճում կամ խորհրդարանի ամբիոնից: Աշակերտներին հետաքրքրում էին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից մինչեւ Սահմանադրության կոնկրետ կետեր, կոռուպցիայից մինչեւ կոնկրետ օրենքների փոփոխություն: Հարցին՝ ի՞նչ կտա արձանագրությունների վավերացումը, ԱԺ նախագահը պատասխանեց՝ դեռ պետք է, որ դրանք վավերացվեն, ապա բացատրեց, որ սահմանի բաց լինելու դեպքում շատ ապրանքների գներ ավելի էժան կլինեն, քան այսօր:
Աշակերտներից մեկին հետաքրքրող հարցը սա էր. «Ինչո՞ւ Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններից առաջ թեկնածուները չեն անցնում համապատասխան գիտելիքների թեստավորում»: Հարցը բազմանշանակ ծիծաղ առաջացրեց:
Տղաներից մեկն ուզեց իմանալ՝ ինչո՞ւ մինչեւ այժմ պատգամավորներից որեւէ մեկը ետ չի կանչվել իր ընտրողների կողմից: Եվ եթե ետ չեն կանչվել, նշանակո՞ւմ է, որ բոլորն էլ մինչ այժմ արդարացրել են իրենց ընտրողների սպասելիքները: Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, որ չկա սահմանադրական այդպիսի նորմ՝ ետ կանչել պատգամավորին. «Սահմանադրության մեջ ետկանչի մեխանիզմ չկա, ցավոք սրտի, բայց ընտրողը պետք է մամուլից, ԶԼՄ-ներից տեղեկանա իր պատգամավորի կատարած գործերի մասին: Մենք որոշել ենք, որ պատգամավորները պետք է այցելեն մարզեր, լսեն մեր ժողովրդի տեսակետը, խնդիրները, որոնք բազում են, եւ փորձեն այդ խնդիրները բարձրացնել խորհրդարանում»:
Ազգային ժողովի նախագահը պատասխանեց բոլոր հարցերին, հիշեցրեց, որ տարբեր պաշտոններում իր աշխատանքային կենսագրութան ընթացքում միշտ փորձել է օգտակար լինել մանկավարժներին եւ դպրոցին: Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ մեր հասարակության էլիտար մասը ուսուցիչներն են եւ մանկավարժները:
«Բաց դասին» ներկա էր նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով «Առավոտի» հարցին՝ նկատե՞ց, որ աշակերտներն իրենց հարցերը շատ ավելի գրագետ էին ձեւակերպում, քան պատգամավորները, պատասխանց. «Այո, նկատեցի: Հիմա կմտածեն, որ աշակերտների համար նախապես հարցերը կազմակերպել էին: Ես այդպես չեմ մտածում: Մեր երեխաները շատ դիպուկ, տեղին եւ անհրաժեշտ շեշտադրումներով հարցեր բարձրացրին: Եվ ինչքան շատ այստեղ լսեն երեխաներին, այնքան շատ բան կսովորեն նրանցից»:


















































