Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Կիպրոս է այցելել՝ կղզու խաղաղ վերամիավորման շուրջ երկխոսությանն ու բանակցային գործընթացին նոր զարկ տալու առաքելությամբ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նա արդեն հանդիպում է ունեցել Կիպրոսի թուրքական մասի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հետ։ Նախատեսվում է, որ նա կհանդիպի նաեւ Կիպրոսի հունական հատվածի առաջնորդ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ: Ավելի ուշ սպասվում է եռակողմ հանդիպում, որից հետո Բան Կի Մունը Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների առաջնորդների հետ հանդես կգա համատեղ մամուլի ասուլիսով։


















































