Լրահոս
Օրվա լրահոսը

Էժանագին երաժշտությամբ տեռոր

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"Ռոք երգիչն ու երգահանը՝ ներկայիս շոու-բիզնեսի ու երաժշտության մասին

«Երաժշտական շուկան այսօր վտանգավոր անհոգություն առաջացնող երաժշտությամբ է լցված, անընդհատ քեֆ-ուրախություն է, այսինքն՝ այդ երաժշտությունը մարդուն դնում է այնպիսի տրամադրության մեջ, որ չի ստիպում սեփական հոգու մեջ նայել, մինչդեռ կյանքը միայն տաշի-տուշի չէ…»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց երգահան Էդգար Գյանջումյանը: Իսկ EMPYRAY ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը գտնում է, որ մեզանում ամեն ինչ, այդ թվում՝ երաժշտությունը, կյանքի արտացոլումն է, երաժշտությունը ուղիղ համեմատական է դրա վրա փող դնողների ուղեղի մակարդակին. «Ժամանակակից երաժշտությունը ստեղծվում է ֆինանսական միջոցներ ունեցող պատվիրատուների կողմից: Այդ բթացնող երաժշտական արտադրանքն էլ արտացոլում է պատվիրատուների ինտելեկտուալ մակարդակը»: Իսկ թե ինչու է այդ արտադրանքն ավելի շատ հեռարձակվում, ռոք երգիչն ունի իր պատասխանը. «Վատն այնքան շատ է ու այդ հեռարձակողներին այնքան փող է բերում, որ չեն ուզում լավը եթեր թողնել ու իրենց կլիենտներին կորցնել: Սա լավ մտածված քաղաքականություն է՝ լավ երաժշտություն չտալ ու դեբիլներից փող առնել-ապրել: Եթե այսօր մեր երկրում ամենահայտնի ու շատ պտտվող երգերից մեկը «Ես Նիվա չունեմ»-ն է, էլ ինչի մասին է խոսքը… Տաղանդավոր ձայնագրողների հետ եմ շփվում, մարդիկ ինսուլտի են հասնում մինչեւ էս երգիչներին 2 տող ձայնագրում են, արդեն տեխնոլոգիաներն էլ չեն օգնում ֆալշն ուղղելու համար»: Մյուս կողմից, Ս. Մանուկյանը կարծում է, որ այդ երգերն արգելելը խնդրի լուծում չէ՝ պետք է թողնել, որ որակյալն ասպարեզ գա, իսկ այն հաստատությունները, որ երաժշտություն են սփռում, պիտի գոնե միայն էժանագին երաժշտություն չներկայացնեն. «Ինչո՞ւ Էդգար Գյանջումյանի երգերը շատ չկան եթերում, որովհետեւ եթե դրանք հնչեն, այն զանգվածը, որն այդ ալիքը չի նայում, կսկսի նայել, այն երգիչներն էլ, որ փող են տալիս՝ իրենց տեսահոլովակը նայեն, էլ չեն նայվի ու լսվի»: Ռոք երաժիշտը, այնուամենայնիվ, համամիտ չէ այն կարծիքին, թե լավը պահանջարկ չունի. «Դա էլ հերթական դեմագոգիան է: Եթե մարդուն լավ բան ես տալիս, ընկալող մարդը կընդունի»:
Անդրադառնալով «Արարատ» մշակութային հեռուստաալիքին, Սարգիսը նշեց. «Չեմ կարծում, որ եթե մի ալիքով սեւ ու սպիտակը շատ է, ուրեմն մշակույթն էլ է շատ, պրոգրեսիվ պետք է մտածել: Տեսահոլովակներից բացի, պետք է նաեւ համերգներ ցույց տալ: Ինչքան էլ «ԱԼՄ»-ին բան են ասում, լա՛վ համերգներ այդ հեռուստաընկերությունն է ցույց տալիս»: Իսկ մեր երկրի հիմնի մասին էլ Ս. Մանուկյանը նշեց. «Ո՛չ գժվում եմ, ո՛չ էլ զզվում, բայց շատ երկրների հիմներից լավն է ու փոխելն էլ՝ աննպատակ է: Ինձ համար մեկ է՝ Հայաստանի հիմնը ինչ կլինի, կարեւորը Հայաստանը լավ լինի»: Անցկացվող երաժշտական մրցույթների մասին էլ բանախոսը հետեւյալ կարծիքի է. «Ինչքան քիչ մրցույթներ Հայաստանում լինեն, այնքան ավելի առողջ մթնոլորտ կլինի, որովհետեւ մրցույթներից երեւում է՝ ով ում քավորն ու ախպերն է …»: Իսկ ո՞րն է ելքը հարցին էլ երգիչը պատասխանում է. «Ամեն ինչ դպրոցից է սկսվում: Որքանով ես եմ շփվում դպրոցականների հետ, հույս չունեմ, որ դպրոցից լավ բան կարող են սովորել: Մյուս կողմից էլ, քանի դեռ մեր հույսը դրել ենք միայն խոսելու վրա, վիճակը նույնն է մնալու: 90-ականների 2-րդ կեսին «Ա1+»-ով ռոքի մասին հաղորդում կար, «Ա1»-ը փակվեց, հաղորդումն էլ հետը: Երբ մի օր «Ա1+»-ը հետ գա եթեր, վիճակը նորից այլ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել