Լրահոս
Օրվա լրահոսը

ՈԽԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 03,2010 00:00

\"\"Կոչ է անում հայ-թուրքական նվագախումբ հիմնելու մտահղացման հեղինակ Նվարդ Անդրեասյանը

Հայ-թուրքական հարաբերությունները, որոնք այսօր զբաղեցրել են հասարակական ու քաղաքական միտքը, բոլորովին այլ հարթություն են տեղափոխվում, երբ խոսք է գնում մշակույթների մերձեցման, մշակույթը որպես ուրույն դիվանագիտություն դիտարկելու մասին: Ասվածի հավաստումներից մեկն էլ անցյալ տարի հայ-թուրքական մշակութային երկխոսության փորձն էր, որի արդյունքում համախմբվեցին մի խումբ հայ եւ թուրք երաժիշտներ:
Այս օրերին Հայաստանում եւ Թուրքիայում ընթանում են երաժիշտների լսումներ՝ հայ-թուրքական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ հիմնելու նպատակով:
«Առավոտը» հյուրընկալեց այս ձեռնարկի հեղինակ, ծնունդով Ստամբուլից՝ դիրիժոր Նվարդ Անդրեասյանին, որի անունը ծանոթ է երաժշտասեր հանրությանը: Բեզանսոնի ամենամյա եւ Մենուհինի միջազգային մրցույթների դափնեկիր, ժամանակին Փարիզի Գրանդ օպերայում վերապատրաստում անցած արվեստագետը 1990-ականների սկզբներին Երեւանի օպերային թատրոնում ղեկավարել է Դոնիցետիի «Պողիկտոս», Տիգրանյանի «Անուշ» օպերաները եւ մեկ համերգ ունեցել Փարիզում՝ իր հիմնած ֆրանսիական ժամանակակից «Պոլիխրոմի» անսամբլով: Նա որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է նվագախմբեր Հարավային Ամերիկայում, եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու կապելլան, իսկ կարճատեւ ժամանակահատված հանդիսացել Չինաստանի Ցիենջին քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Անցյալ տարի հրավեր ստանալով Պերմի օպերային թատրոնից, Ն. Անդրեասյանն իրագործել է նաեւ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան: Ի դեպ, արվեստագետի հայրը՝ Արամ Անդրեասյանը, հայտնի ստամբուլահայ մշակութային գործիչ է, որը 1964թ. Թուրքիայում առաջին անգամ ներկայացրել է մեծանուն Գոհար Գասպարյանին:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ծնվեց հայ-թուրքական նվագախումբ ստեղծելու գաղափարը: Ն. Անդրեասյանն ասաց, որ անցյալ տարվա վերջերին ինքն այդ միտքը հայտնել է Թուրքիայում մշակութային խոշոր ձեռնարկներ իրականացնող «Անատոլու» կազմակերպության նախագահ Օսման Քավալանին, վերջինս էլ հայազգի երաժշտին ծանոթացրել է թուրք ճանաչված դիրիժոր Ջեմ Մանսուրի հետ: «Նվագախումբը բաղկացած է լինելու շուրջ 60 երաժշտից, որոնց կեսին արդեն Թուրքիայում ընտրել է Ջեմը, ես էլ այս օրերին Երեւանում ավարտեցի երաժիշտների իմ ընտրությունը: Հուլիսին Թուրքիայում պլանավորել ենք առաջին փորձերը, որին կհաջորդեն համերգները: Հայաստանում նվագախումբը կներկայանա աշնանը: Ծրագրում ընդգրկված կլինեն թուրք, հայ, ինչպես նաեւ եվրոպական դասական կոմպոզիտորների երկեր: Նշեմ, որ այս նախագիծը արժանացել է Թուրքիայի եւ Հայաստանի մշակույթի նախարարների հավանությանը»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, հավելելով, որ երաժշտության լեզուն խաղաղության, հաշտեցման ու բարեկամության միջոց է, եւ նվագախմբի գործունեությամբ հնարավոր կլինի երկու ժողովուրդների երկխոսությունը կայացնել մշակութային դաշտում:
Հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ էլ ասաց. «Հայաստանյան TV-ներով անընդհատ լսում եմ, որ սահմանի բացումը չի խանգարելու Հայաստանի տնտեսությանը, մինչդեռ երկրի կյանքում միայն տնտեսությունը չէ, կա մշակույթ, հայապահպանություն… Ցավոք, Հայաստանում մարդկանց մեջ հասկանալի պատճառներով ոխ կա թուրքերի դեմ, ինչը ժամանակի ընթացքում հաստատ պիտի թուլանա: Այ, դրա տեղը պետք է լցվի հզոր ազգասիրություն, մշակութասիրություն, լեզվասիրություն… Հակառակ դեպքում, իմանալով մեր ազգին բնորոշ օտարամոլությունը, կգնանք ու կմտնենք 70 միլիոնանոց Թուրքիայի երախը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել