Լրահոս
Օրվա լրահոսը

Ում եւ ինչի համար է պետք սիրել

Փետրվար 06,2010 00:00

Այն, ինչ մեզնից է պահանջվում, սեր չէ

\"\"Այնուամենայնիվ, զարմանալի զգացմունք է սերը: Դարեր շարունակ աշխարհի մեծագույն մտածողները ուսումնասիրել են սիրո Ա-ն ու Բ-ն, նաեւ Գ-ն… բայց էլի հայտնագործությունների համար ազատ դաշտ կա…

Այ, ես, օրինակ, պարզել եմ, որ սերը կարող է չափվել նաեւ կիլոմետրերով: Խոսքը մասնավորապես հայրենիքի հանդեպ սիրո մասին է: Քանի կիլոմետր հայրենիքից հեռու ես լինում, այնքան շատ ես սկսում սիրել: Ընդ որում, մի քանի առավել օպտիմալ տարածություն կա: Մեկը՝ 11 000 կիլոմետրն է, Երեւան-Լոս, մյուսը՝ 3.5 հազար կիլոմետրը, Երեւան-Փարիզ:

Նույն մարդը, ում Երեւանում ապրելիս՝ նույնիսկ 6-րդ վարչությունը չէր կարող ստիպել Հայրենիքի հանդեպ սերը խոստովանել, հենց վերոնշյալ տարածությունն անցնում է, հանկարծ այնպիսի անհուն սիրով է լցվում հայրենիքի հանդեպ, որ ուղղակի ապրել չի կարողանում…

Ստիպված գալիս, Արարատին նայող մի-երկու էլիտար բնակարան է գնում, մի երկու մանր-մունր բիզնես դնում, «Հին Երեւանում» կամ «Դոլմամայում» մի կտոր հաց ուտում, կուշտ փորով «Պատրոնտաշ» ու «Իմ ախպերս» լսում ու հետ է գնում: Ու այդպես տարին մի քանի անգամ:

Կարող եք հարցնել, թե այդտեղ ի՞նչ վատ բան կա: Իրականում՝ չկա: Սիրում են, թող իրենց համար՝ սիրեն: Բայց դրանով չեն բավարարվում. ծխելը նոր թողած մարդու համառությամբ, հերոսի կերպար ընդունած սկսում են «իրենց ապրելակերպը քարոզել» բոլոր անգիտակիցներին:

«Ձեր պրոբլեմն էն ա, որ դուք իրար չեք սիրում, ախպեր, պիտի իրար սիրենք, բոլորին սիրենք, բոմժից մինչեւ պրեզիդենտ, ես քեզ պիտի սիրեմ, դու ինձ պիտի սիրես»:

Ախր, իմ նախկին հայրենակից, ինչի՞ համար պիտի ես քեզ սիրեմ: Մեր կյանքի խնդիրները, որ այդքան վարժ վերլուծում ես, ինքդ քեզ վերլուծե՞լ ես: Միակ լավ բանը, որ երբեւէ արել ես՝ այն է, որ թողել-գնացել ես. օդը մի քիչ մաքրվել է: Ախր քեզ ընդհանրապես «համար» սիրել չի կարելի, քեզ կարելի է միայն «չնայած» սիրել…

Եվ դու էլ ինձ չես սիրոմ, ու հայրենիքդ էլ չես սիրում: Երբ դու եւ քո տերերը «Պետություն» բառի փոխարեն սկսում են «Հայրենիք» բառն օգտագործել, անմիջապես հասկանում եմ, որ ինչ-որ հանցավոր բան եք մտածել: Կամ գազի գինն եք բարձրացնելու, կամ անհասկանալի փաստաթղթի պրեամբուլա եք ընդունելու: Ախր դուք Հայրենիքը միայն ըստ ձեր բիզնես-ծրագրի եք սիրում: Բիզնես-ծրագրի ժամանակացույցի ու կատեգորիաների համապատասխան:

Իսկ ես պետք է սիրեմ… եւ հայրենիքը, եւ ձեզ: Այսինքն՝ Հայրենիքը չեմ կարող չսիրել, պարզապես երբեէ չէի կարող ենթադրել, որ Հայրենիքի հանդեպ սերն էլ կարող է դժբախտ ու անպատասխան լինել…

Բայց ձե՞զ ինչու սիրեմ, իմ իրավունքների ոտնահարման համա՞ր, հանցագործության, վախի ու անպատժելիության մթնոլորտի համա՞ր… բարոյական նորմերի լիակատար տրորման համա՞ր…

Ընդ որում, դուք միայն անտրտունջ սերն եք ընդունում: Սիրում ես՝ ուրեմն պետք է չդժգոհես: Բողոքում ես, որ ընտրությունները կեղծվում են, հայրենիքդ չես սիրում, դժգոհում ես տնտեսության մոնոպոլիզացիայից՝ ազգդ չես սիրում, բանկում տիրող բարքերից ես բողոքում՝ երկիրդ չես սիրում, Մարտի 1-ից ես խոսում՝ պարզապես հայրենիքի դավաճան ես…

Այդպիսի սեր չի լինում: Եվ այն, ինչ դուք եք մեզանից պահանջում՝ սեր չի: Դա ուրիշ անուն ունի… Ձեզ սեր պետք չի, ձեզ ստրկական հպատակություն ու ճորտական հնազանդություն է պետք… Այն, ինչ դուք քարոզում եք սիրո անվան տակ… այլ լեզուներով պարզապես կոչվում է կոնֆորմիզմ:

Պետք չէ նաեւ Աստվածաշնչից օրինակ բերել, թե երբ մի այտիդ հարվածում են՝ մյուս այտդ էլ դեմ տուր: Պետք չէ այս իմաստնությունը այդքան ուղղակիորեն եւ աղավաղված հասկանալ: Քրիստոնեությունը հուշում է, որ պետք է մեղավորին եւս մեկ հնարավորություն տալ իր հանցանքները գիտակցելու եւ ուղղվելու համար: Իսկ մենք ավելի քան 15 տարի հիմնականում հենց դրանով ենք զբաղված… Հնարավորություն ենք տալիս…

Իսկ եթե ոմանք համառորեն չեն ուզում օգտվել ապաշխարելու հնարավորությունիս, քրիստոնեությունն այլ օրինակ էլ ունի՝ թզենու առակը… Անպտուղ ծառը պետք է ոչնչացնել…

Այո, պետք է սիրել Հայրենիքը, բայց Հայրենիքն էլ փոխարենը պետք է քեզ գոնե մի քիչ հարգի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել