Լրահոս
Օրվա լրահոսը

Յանուկովիչը երեկ երդվեց

Փետրվար 26,2010 00:00

\"\"Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում տեղի է ունեցել այդ երկրի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման պաշտոնական արարողությունը: «Newsru»-ի մատուցմամբ, Ռուսաստանն ու շատ այլ երկրներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններն այդ արարողությանը ներկայացված են եղել նվազագույն պատշաճությունից ցածր մակարդակով, թեեւ ավելի վաղ նշվում էր, թե մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկվել ավելի քան 100 երկրի: ԱՄՆ-ի պատվիրակությունը, օրինակ, գլխավորել էր նախագահ Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, Եվրամիությանը՝ արտաքին եւ անվտանգության հարցերով նախարարը: Ընդհանուր առմամբ, Յանուկովիչի երդմնակալության արարողությանը մասնակցել են 11 պետությունների, միջազգային 4 կազմակերպությունների եւ 4 խորհրդարանների ղեկավարներ, 15 արտգործնախարարներ: Հանդիսավոր նիստին չեն մասնակցել ո՛չ Ուկրաինայի նախկին, ո՛չ էլ դեռ գործող նախագահներ Կուչման եւ Յուշչենկոն: Ռուսաստանի պատվիրակության կազմում եղել են Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, իսկ Դմիտրի Մեդվեդեւը նախընտրել էր Լիբիայի նախագահի հետ բանակցությունները:

Այս ֆոնի վրա առավել քան ուշագրավ է ՌԴ նախագահ Մեդվեդեւի կողմից, Յանուկովիչի շրջանցմամբ, ստորագրած՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ Սեւաստոպոլում ռազմական շքերթ անցկացնելու հրամանագիրը: Ուկրաինացի վերլուծաբանների ասելով, դրանով Մեդվեդեւը Յանուկովիչին դրել է ծայրահեղ անհարմար դրության մեջ: Յանուկովիչն այս դեպքում կամ՝ պետք է ընդունի իր ստորադաս լինելը մեկ այլ պետության ղեկավարին, կամ՝ մտնի ծայրահեղ վտանգավոր քաղաքական սկանդալի մեջ:

Հաղթանակի տոնի առիթով Սեւաստոպոլում համատեղ շքերթներ էլի են եղել, բայց դրա մասին նախկինում սովորաբար նման փաստաթղթերում նշվել է՝ «Հանձնարարել ՌԴ կառավարությանը՝ Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցնել համատեղ ռազմական շքերթ անցկացնելու հարցը»: Այս անգամ Մեդվեդեւն իր հրամանագրում բավարարվել է «ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ» ձեւակերպմամբ, որն անհարգալից է համարվում, առավել եւս, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե համատեղ, այլ հատկապես ռուսական շքերթի մասին է:

Ուկրաինայի ժողովրդական ճակատը Մեդվեդեւի հրամանագիրն արդեն որակել է որպես՝ «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության դեմ կատարված ոտնձգություն, միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ Ուկրաինայի տարածքում ՌԴ սեւծովյան նավատորմի ներկայության չարաշահում»: Կուսակցությունը ուկրաինական իշխանություններից պահանջել է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը Սեւաստոպոլում անցկացնել ոչ թե օտարերկրյա պետության զորքերի, այլ՝ Ուկրաինայի զինված ուժերի շքերթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել