Լրահոս
Օրվա լրահոսը

Ախր ԵՄ-ն ի՞նչ մեղք ունի

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"ՀՀ ԱԳ նախարարը մոտավորապես այսպես է պատասխանել այն հարցին, թե՝ ԵՄ-ն ի՞նչ կարող է անել ԼՂ հարցի լուծման համար:

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակությանը՝ ԵՄ նախագահող երկրի՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:

Ավելի ուշ երկու նախարարներն իրենց համատեղ ասուլիսում անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերին: Առաջինի առնչությամբ Մորատինոսը հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է այդ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված քայլերն ու քաջալերում է կողմերին՝ հավատարիմ մնալ արդեն ստանձնած պարտավորություններին եւ վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների ու խելամիտ ժամկետում: «Մենք բոլորս շատ երջանիկ էինք՝ Ցյուրիխում տեսնելով արձանագրությունների ստորագրումը։ Եկեք շարունակենք այդ գործն ու կյանքի կոչենք դրանք: Ահա այն ուղերձը, որ Եվրամիությունը հղում է ձեզ»,- ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նկատել է «Ազատություն» ռադիոկայանը, ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի մեկնաբանությունների տոնայնությունն այնքան էլ լավատեսական չի եղել: Նա, արձագանքելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե մարտի 4-ին կամ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հետ կապված սխալ քայլերը կկացնահարեն հայ-թուրքական գործընթացը, հայտարարել է. «Թուրքիայից հնչող հայտարարություններն են, որ հարվածում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նախապայմաններով խոսելուն վերադարձն է, որ հարվածում է հարաբերությունների կարգավորմանը: Հուսով ենք, որ Թուրքիան կձերբազատվի այն արհեստական բարդույթներից, որ թուրքական կողմը ստեղծում է, եւ մենք հնարավորություն կունենանք շարժվել առաջ»:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ Իսպանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2007թ.-ին հենց իր երկրի մայրաքաղաքում են ճշգրտվել կարգավորման «Մադրիդյան» սկզբունքները, եւ այնտեղ է ուղենշվել այն ճանապարհը, որով պետք է բանակցություններն առաջ ընթանան: Այդ ճանապարհը Մորատինոսն այսպես է բնութագրել՝ «խաղաղ բանակցություններ՝ Մինսկի խմբի շրջանակում, եւ հավատարմություն՝ միջազգային օրենքի տառին»:

Հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանի ադրբեջանական կողմի հայտարարությունը, ըստ որի՝ հակամարտությունների լուծման միջազգային պրակտիկայում որոշիչը ուժի գործոնն է, Էդ. Նալբանդյանը պատասխանել է. «Ուժի գործոնի կիրառումն է, որ պատճառ դարձավ ԼՂՀ հակամարտության, եւ ուժի գործոնի թմբկահարումն է, որ խոչընդոտում է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Չգիտեմ, թե որտեղից են Ադրբեջանում այդպիսի եզրակացությունների գալիս, եւ չգիտեմ, թե որտեղ են այդպիսի բան սովորում կամ սովորեցնում, բայց վստահ եմ, որ ՄԳԻՄՈ-ում այդպիսի դասեր չեն տալիս»: Իսպանացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կարող է Եվրամիությունը օգտակար լինել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է. «Դուք գիտեք, որ 2008թ.-ին 56 երկրների արտգործնախարարներ հայտարարություն արեցին Ղարաբաղի վերաբերյալ, նաեւ ԵՄ հայտարարությունը եղավ, որով կոչ էր արվում ամրապնդել հրադադարն ու դիպուկահարներին դուրս բերել։ Սակայն մինչ օրս հարցը օդում է մնացել, որովհետեւ ՀՀ-ն ու ԼՂ-ն համաձայնեցին, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ավելին, Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել: Ի՞նչ կարող է անել ԵՄ-ն, եթե կողմերից մեկը հրաժարվում է, ուրեմն՝ չի ցանկանում լուծել հակամարտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031