Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնց ներկայությո՞ւնն է ազդել

Մարտ 10,2010 00:00

\"\"Իշխանությունը ներկայացնող երկու պատգամավոր երեկ պնդեցին, որ իրենց ներկայությունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքներին ազդեցիկ է եղել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցի քննարկումների ժամանակ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին լուրը լսեցի Ռումինիայում, որտեղ ապրում է ոչ այնքան մեծաթիվ հայ համայնք, ըստ որոշ տվյալների՝ մոտ 1700 հայ, սակայն ուղղակի հուզիչ էր այն, որ նույն օրը, երբ հայտարարվեց բանաձեւի ընդունման մասին, Բուխարեստում բնակվող մեր հայրենակիցները այցելեցին հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակներ դրեցին այս եկեղեցու բակում կառուցված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Ցեղասպանության զոհերի հետնորդները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, եկել էին միասին նշելու, իրենց կարծիքով, կարեւոր այս իրողությունը:

Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից երեքը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան քննարկումներին, եւ նրանցից երեքը՝ անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը եւ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը (երրորդը՝ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներից) երեկ լրագրողներին պատմեցին, թե ինչպես են ընթացել քննարկումները: Արտակ Զաքարյանի ներկայացմամբ, հարցը ներկայացնելիս ասվել է, որ մինչ այսօր հայոց պետությունը շարունակում է իր արտաքին քաղաքականության օրակարգում պահել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցերը. «Հայկական սփյուռքը եւ մասնավորապես Միացյալ Նահանգների Հայ դատի խնդրով զբաղվող բոլոր կառույցները վստահաբար կարողացան փաստել, որ հայկական պետականությունը այս հարցում միասնական է»: Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Ցեղասպանության ճանաչման բանաձեւը Թուրքիայի դեմ կիրառվող մահակ որակեց. «Թուրքիայի հետագա դիրքորոշումներից է կախված, թե այդ մահակը որքան ժամանակ կկիրառվի եւ ինչ ազդեցություն կունենա։ Այս հարցում կանխատեսումներ անելը վաղ է, քանի որ գործընթացը տարբեր իրավիճակներ կարող է թելադրել»,- կարծում է պատգամավորը։

Պատգամավորները պատմեցին, որ որոշ կոնգրեսականներ իրենց ելույթներում խոսել են այն մասին, որ չի կարելի Թուրքիային նեղացնել որպես ԱՄՆ-ի ընկեր, բարեկամ եւ դաշնակից, եւ այս իրավիճակում նպատակահարմար չէ քննության առնել Հայոց ցեղասպանության հարցը: Իսկ մեծամասնությունը այն կարծիքին է եղել, որ որքան էլ Թուրքիան դաշնակից է, այդուհանդերձ՝ համամարդկային արժեքները, մարդու իրավունքների գերակայությունը եւ Միացյալ Նահանգների հավատարմությունը ցեղասպանությունները կանխարգելելու գործին շատ ավելի կարեւոր եւ էական են: Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ. «Այն առաքելությունը, որ մենք իրականացրեցինք, վկայում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության հաստատակամության մասին: Մեր ներկայությունն իրապես ազդեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականների վրա, որոնք համոզվեցին, որ Հայաստանի Հանրապետությունը, ողջ հայությունն ունի միասնական կեցվածք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել