Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է EPP-Ն, ՈՒՐ ՁԳՏՈՒՄ Է ՈՂՋ ԿՈԱԼԻՑԻԱՆ

Մարտ 12,2010 00:00

\"\"Նժդեհական հանրապետականներն իրենց տե՞ղն են համարում «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիքը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ի հանդիպման ժամանակ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ասել էր, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել էր, թե առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝ ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Կեսկատակ նկատենք, որ անդամակցության հայտը բավարարվելու դեպքում կոալիցիան ինքնաբերաբար դառնալու է Զարուհի Փոստանջյանի կուսակիցը, քանի որ այս պահին Հայաստանի միայն այս պատվիրակն է մաս կազմում ԵԽԽՎ-ում EPP-ի 205 հոգանոց խմբակցությանը: Ավելի՛ն՝ EPP խմբակցության փոխնախագահներն են մեր կոալիցիայի կողմից այդքա՜ն ջերմորեն սիրված ադրբեջանցի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբեյլին, թուրք պատվիրակ Էրոլ Ասլան Ջեբեջին եւ շվեդ պատվիրակ Գորան Լինդբլադը: Մինչդեռ կոալիցիայի ներկայացուցիչ մեր պատվիրակները ԵԽԽՎ-ում գերազանցապես նախընտրել են անդամակցել ALDE (Alliance of Liberals and Democrats for Europe) խմբակցությանը, եւ բացառությունը միայն Դավիթ Հարությունյանն է, որը EDG (European Democrat Group) խմբակցության անդամ է:

Համառոտ ներկայացնենք, թե այնուամենայնիվ ի՞նչ է այդ EPP-ն, ուր այդպես խմբով փորձում է մտնել կոալիցիան:

EPP-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցությունն է, հիմնադրվել է 1976-ին, կենտրոնակայանը Բրյուսելում է: Ըստ կուսակցության կայքէջի՝ EPP-ն ինքն իրեն բնորոշում է իբրեւ կենտրոնամետ-աջակողմյան կուսակցություն: EPP-ն բավական ազդեցիկ կուսակցություն է, որի անդամ են 39 երկրների 72 կուսակցություններ: Ներկայումս EPP անդամ են Եվրոպական երեք հիմնական հաստատությունների ղեկավարները. Եվրոպական հանձնաժողովի՝ հանձին Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպայի խորհրդի՝ հանձին Ֆրեդրիկ Ռեյնֆելդթի եւ Եվրոպական խորհրդարանի՝ հանձին Ջերզի Բուզեկի:

Եվրամիության 13 եւ այլ երկրների 6 ղեկավարներ նույնպես EPP անդամ են՝ Անգելա Մերկելը, Նիկոլա Սարկոզին, Սիլվիո Բերլուսկոնին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Միխեիլ Սահակաշվիլին եւ այլք: Ի դեպ, ե՛ւ Վիկտոր Յուշչենկոն, ե՛ւ Յուլյա Տիմոշենկոն նույնպես EPP անդամներ են: Իսկ Եվրախորհրդարանում EPP-ն ունի ամենամեծ խմբակցությունը՝ 265 անդամներով:

Բնականաբար՝ EPP-ն եվրոպական ինտեգրացիայի կողմնակից է եւ հանդես է գալիս հօգուտ ժողովրդավարական, թափանցիկ եւ արդյունավետ Եվրոպայի: 2009-ին հրապարակված մանիֆեստի համաձայն՝ այս կուսակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման, կրթության ոլորտում ներդրումներ ու բարեփոխումներ անելու, հովանավորչությունը կանխելու կողմնակից է, նաեւ հանդես է գալիս «Եվրոպան դարձնենք կանաչ տեխնոլոգիաների շուկայում առաջատար» կարգախոսով:

EPP-ն ճանաչված է որպես տարածաշրջանային կազմակերպություն՝ երկու միջազգային կառույցների՝ Միջազգային քրիստոնյա դեմոկրատների եւ Միջազգային ժողովրդավարների միության համար: Եվ ԵԽԽՎ-ում EPP խմբակցության ղեկավարը՝ Լյուք Վան դեն Բրանդեն, այս կազմակերպությունը բնորոշել է իբրեւ «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիք»:

Վերջին տարիների ընթացքում EPP-ն ձգտում է մեծացնել իր համախոհների շրջանակը՝ ընդգրկելով գերազանցապես խոշոր պահպանողական կուսակցություններին: Ու թերեւս հենց այդ պատճառով, գոնե այս պահին, չհաջողվեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանի փորձը՝ ԵԽԽՎ-ում անդամակցել EPP խմբակցությանը. աշխատանքային խումբը տվեց բացասական եզրակացություն: Դե, ոչ մի կերպ հնարավոր չէ «Օրինաց երկրին» անվանել պահպանողական կուսակցություն: ՕԵԿ կայքէջում հրապարակված ծրագրում օգտագործված չէ որեւէ բնորոշում իրենց դավանած գաղափարախոսության վերաբերյալ, միայն նշված է՝ «Կուսակցության գաղափարախոսության եւ ուշադրության կենտրոնում մարդն է, նրա ազատությունն ու իրավունքները, ազգային էության եւ նկարագրի արժեւորումը»: Սակայն իր գործունեության ընթացքում ՕԵԿ-ն իրեն դրսեւորել է իբրեւ ձախ-կենտրոնամետ կուսակցություն:

Մինչդեռ համացանցային հանրագիտարաններում EPP-ի գաղափարախոսությունը բնորոշվում է ոչ միայն քրիստոնյա-դեմոկրատիան, այլ նաեւ ազատական պահպանողականությունը:

ՀՀԿ-ն այս չափորոշիչներից մեկին համապատասխանում է, քանի որ իր ծրագրի համաձայն՝ իրեն հռչակել է իբրեւ «ազգային պահպանողական կուսակցություն»: Սակայն վիճելի է, թե արդյոք կարելի՞ է քրիստոնյա-դեմոկրատական անվանել մի կուսակցություն, որն իր ծրագրում նշել է. «Հայոց գերագույն նպատակը, որ իմաստավորումն է իր աստվածաստեղծ գոյության, հարատեւումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: Այդ նպատակի իրագործման գրավականը Հայ ազգային գաղափարախոսությունն է, որում, ՀՀԿ համոզումով, էական տեղ ունի Գարեգին Նժդեհի ուսմունքը»:

Բարդ է նաեւ ԲՀԿ պարագան, որն իր գաղափարախոսությունը բնորոշել է միայն այսպես. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է»: Թեեւ կա նաեւ նշում, որ ԲՀԿ-ն «ազգային եւ ավանդական արժեքների պահպանության կողմնակից է՝ արժեքային այդ համակարգում կարեւորելով ընտանիքը, եկեղեցին ու պետությունը»: Այս շարքում տեղ չի գտել ազատականության վերաբերյալ բնորոշումը: Եվ խորհրդարանում էլ ԲՀԿ-ն հանդես է գալիս համապատասխանաբար՝ ընդդիմանալով վարչապետի ազատական շատ նախաձեռնությունների:

Սակայն թերեւս զուր է փորձել քրքրել ծրագրերը եւ ըստ այդմ դատել՝ արդյոք մեր կոալիցիան EPP գաղափարական համախոհը լինելու պատճառո՞վ է ձգտում մաս կազմել այդ կուսակցությանը: Թերեւս նրանց ավելի գրավել է նման հզոր կուսակիցներ ունենալու հեռանկարը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել