Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՍԵՐԺԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Մարտ 16,2010 00:00

\"\"Կանխատեսում է հայաստանյան ընդդիմությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, անցյալ ուրբաթ օրը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինս Սերժ Սարգսյանին էր փոխանցել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու հրավերը՝ հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։ Ի դեպ, հիշյալ գագաթաժողովին մասնակցելու հրավեր ավելի վաղ ստացել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ու թեեւ թուրք վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ Էրդողանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո կարող է հրաժարվել այդ այցից, այդուհանդերձ, չի բացառվում, որ ՀՀ նախագահի հետ հանդիպման հեռանկարը նկատի ունենալով՝ Թուրքիայի վարչապետը Վաշինգտոն մեկնի:
Հիշեցնենք, որ 1999թ.-ից ի վեր Միացյալ Նահանգների նախագահներից ոչ մեկի կողմից ՀՀ նախագահներից որեւէ մեկը՝ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանը, երբեւէ պաշտոնական, առավել եւս՝ պետական մակարդակով Վաշինգտոն այցելելու հրավեր չեն ստացել՝ չնայած այդ ուղղությամբ հայկական դիվանագիտության գործադրած համառ ջանքերին: ՀՀ երկու նախագահները եւ ԱՄՆ նախագահների հանդիպումները վերջին 11 տարիների ընթացքում, ինչպես այս մի դեպքում է, տեղի են ունեցել բացառապես այլ միջոցառումների, այդ թվում՝ մեկ անգամ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում, երբ օրինակ՝ Ռ. Քոչարյանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպեց Քի Ուեսթում:
Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն այցելելու Բարաք Օբամայի այս մի հրավերն էլ պաշտոնապես արվել է «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու համար, բայց հասկանալի է, որ դրա շարժառիթը միանգամայն այլ է: Ընդդիմության ճամբարում հակված են կարծելու, որ այդ հանդիպումը պայմանավորված է հայ-թուրքական հարաբերություններով եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, եւ դրա արդյունքը կարող է նաեւ որոշիչ լինել հենց Սերժ Սարգսյանի համար: Ընդդիմության առանձին գործիչներ նշում են, որ եթե Վաշինգտոնում Սարգսյան-Օբամա հանդիպումը Միացյալ Նահանգների համար նույնքան մտահոգիչ երանգներ պարունակի, որքան դա եղավ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդիպման արդյունքում, ապա դա կարող է Սերժ Սարգսյանի մոտալուտ պաշտոնանկության ազդակ լինել: Ավելին, ընդդիմադիր ճամբարում նաեւ կարծիք կա, թե այդ հրավերը եւս մեկ անգամ հաստատում է Հայ ազգային կոնգրեսի կանխատեսումը, թե մինչեւ սեպտեմբեր Հայաստանում իշխանափոխություն կարող է լինել: Երեկ, սակայն, «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը նման կանխատեսում անելու հարցում ավելի զուսպ էր: Նրա դիտարկմամբ, Օբամայի հրավերը պայմանավորված է երկու՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, նաեւ օրերս ԱՄՆ Պետդեպի կողմից նաեւ Հայաստանին վերաբերող զեկույցի առնչությամբ ՀՀ իշխանությունների քար լռության հանգամանքներով: «Ապրիլի 24-ից առաջ Օբաման էլի ուղերձով դիմելու է հայ ժողովրդին, եւ նրա ցանկությունն է, ինչպես անցյալ տարի, այս անգամ եւս այնպես անել, որ հնարավոր լինի խուսափել Ցեղասպանություն բառն արտասանելուց: Անցյալ տարի նա խուսափեց այդ բառն արտասանել՝ վկայակոչելով հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների՝ ապրիլի 22-ին արած համատեղ հայտարարությունը: Նա հիմա էլ առիթ է ստեղծելու, որ հնարավոր հանդիպում լինի Սերժ Սարգսյանի եւ Էրդողանի միջեւ, եւ դա օգտագործվի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից կրկին խուսափելու Ցեղասպանություն բառն արտասանելուց՝ հայտարարելով, թե երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է եւ դրան չպետք է խոչընդոտել»,- ասաց Վլ. Կարապետյանը: Ընդ որում, նրա համոզմամբ, դա անելու համար Օբամային ամենեւին էլ անհրաժեշտ չի լինելու, որ մինչեւ ապրիլի 24-ը կողմերն իրենց խորհրդարաններում վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները, որովհետեւ անցյալ հոկտեմբերին փաստաթուղթն արդեն ստորագրվել է: «Հանդիպման փաստն էլ բավական կլինի»,- վստահեցրեց Կոնգրեսի ներկայացուցիչը:
Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը պատեհ առիթն օգտագործի եւ այդ հանդիպման ժամանակ արձանագրությունների վավերացման հարց բարձրացնի, Վլ. Կարապետյանը տարակուսեց. «Ի՞նչ եք կարծում, այն պետությունը, որը ԱՄՆ Պետդեպի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Հայաստանի վերաբերյալ զեկույցներում արժանացել է խայտառակ գնահատականի, դեռ կարող է որեւէ պահա՞նջ ներկայացնել: Ես բացառում եմ, որ Ս. Սարգսյանը կարող է որեւէ պահանջ կամ առարկություն ներկայացնել»: Ընդդիմության ներկայացուցիչը նաեւ զուգահեռ է անցկացրել Ս. Սարգսյանի սպասվող այս այցի եւ 1999-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի միջեւ՝ կարծիք հայտնելով, թե դրանք նմանություններ ունեն. «Այն ժամանակ էլ շատ լուրջ երկխոսություն տեղի ունեցավ Միացյալ Նահանգների վարչակազմի եւ ՀՀ նորընտիր վարչապետի միջեւ, որը նշանակալի իրադարձություն էր Հայաստանի համար: Կարծում եմ՝ հիմա էլ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մերժել է ԵԱՀԿ ՄԽ առաջարկած վերջին փաստաթուղթը՝ ԼՂ կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» կապակցությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն աղաղակող խախտումների մեծածավալ ցանկը, որը գրանցվել է ԱՄՆ Պետդեպի կողմից, հնարավորություն կտան ԱՄՆ-ին Սերժ Սարգսյանի հետ խոսել ուրիշ՝ ավելի կոշտ պահանջի լեզվով»:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից հնչող կանխատեսումներին, թե՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկիր, Ս. Սարգսյանից պահանջելու է կամ կանաչ լույս վառել «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա ԼՂ հակամարտությունը կարգավորելու տարբերակի առաջ եւ համաձայնել դրանց, կամ պատրաստվել պաշտոնանկության, Վլ. Կարապետյանը միայն շեշտեց, թե կարծում է, որ Սերժ Սարգսյանի եւ Օբամայի հետ հանդիպումը կարճատեւ կարող է լինել՝ զուտ արձանագրային, բայց ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների զրույցները շատ լուրջ են լինելու. «Հարցերը դրվելու են շատ կոշտ, առավել եւս, որ ԱՄՆ Պետդեպի զեկույցում արձանագրված աղաղակող փաստերին, երբ կրկին հիշեցվում է, որ 2008-ին նշանակալի խախտումներով ընտրություններ են տեղի ունեցել, երբ կրկին ասվում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, եւ երկու տարի ոտնահարվում են ժողովրդավարությունն ու Մարդու իրավունքները, հետապնդվում է ընդդիմությունը, ՀՀ իշխանությունն ինքնասիրությունը կորցրած՝ որեւէ կերպ չի էլ արձագանքում, ինչը բոլորը համարում են որպես թուլության դրսեւորում: Այդ հանգամանքը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս Հայաստանի հետ խոսել՝ ինչպես ուզում է: Չեմ բացառում նաեւ, որ դրան հետեւեն զարգացումներ մոտավորապես այն սցենարով, ինչպես ներկայացրեցինք»:
Բայց արդյոք նման ազդակներ կա՞ն, թե՞ դրանք պարզապես վերջին զարգացումների փաստագրումների համադրման վրա արվող կանխատեսումներ են: «Իհարկե, դա փաստերի համադրում է, ու շատ հնարավոր է՝ այդպես լինի, քանի որ համարում եմ, որ Ս. Սարգսյանն ընդհանրապես այս պայմաններում պաշտոնավարելու եւ Բաղրամյանում իր աթոռը պահելու ռեսուրս այլեւս չունի»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը՝ համարելով, որ ԱՄՆ-ն Ս. Սարգսյանին, ըստ էության, կանչում է «նա կավյոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել